30 Ապրիլ 2013, 17:01
1408 |

Հինգ դար երևանցիների կյանքից

Ապրիլի 29-ին Ամերիկյան համալսարանում պատմաբան, Հայ մատենագրության թվանշային գրադարանի տնօրեն Մերուժան Կարապետյանը կարդաց «Երևան. (1500-2000 թթ.) Բնակչության էթնոդավանական կառուցվածք և էթնիկ գործընթացներ» թեմայով զեկույցը:

Հավաքելով միջնադարյան տասնյակ պատմաբանների և ճանապարհորդների վկայություններ, ուսումնասիրելով հարյուրավոր փաստաթղթեր՝ Կարապետյանը վերստեղծեց Երևանի բնակչության թվաքանակի, աշխահագրության և էթնիկ կազմի կյանքի ամբողջական պատկերը 5 դարվա ընթացքում։

Զեկուցման առաջին մասը նվիրված էր 1500-ից 1724-ականներն ընկած ժամանակահատվածին։ Այս շրջանի քաղաքի ամենավառ նկարագրությունը հեղինակել է ֆրանսիացի առևտրական Ժան-Բատիստ Տավերնիեն, որի ձեռքերում էր Եվրոպայի՝ Հնդկաստանի հետ ադամանդների ամբողջ առևտուրը։ Վաճառականը մի քանի ուղևորություն է կատարել դեպի արևելք՝ խոշոր ադամանդներ գտնելու, որոնք նա վերավաճառում էր Եվրոպայում զգալի շահույթով։ Ասում են, որ հենց նա է Վերսալ բերել հանրահայտ Հոուփի ադամանդը։ Երևանում Տավերնիեն եղել է 6 անգամ։ Իր օրագրերում գրում էր, որ քաղաքը կազմված է եղել բերդից, որը իշխանության նստավայրն էր, և «Երևանի թաղից», որտեղ հայերն էին ապրում։ Եվ այստեղ, և ավելի ուշ՝ Չինաստանի մասին գրառումներում Տավերնիեն նշում է, որ քաղաքում «1 մահմեդականի բաժին էր հասնում 40 հայ»։ Մահմեդականները հիմնականում զինվորական բնակչությունն էին կազմում և ապրում էին բերդում։ Բուն քաղաքում հայեր էին, որոնք զբաղվում էին արհեստներով և առևտրով։

17 դարի երկրորդ կեսին քաղաքը մանրամասն նկարագրել է մեկ այլ ֆրանսիացի՝ Ժան Շարդենը։ Նա Երևանը անվանում էր «մայրաքաղաք», գրում, որ արդեն միայն բերդը կարող է առանձին քաղաք համարվել, քանի որ այնտեղ շուրջ 800 ծուխ կար։ Շարդենը մի գծանկար է թողել, որի վրա երևում են բազում տներ և ավելի շատ այգիներ։ Ի դեպ, բերդ ունենալով հանդերձ, Երևանը երբեք պարսպապատ չի եղել։

Այստեղ գործում էին 3 քրիստոնեական եկեղեցի և 5 մզկիթ, որոնցից 3-ը՝ բերդի ներսում։ Շարդենը տալիս է բավականին մանրամասն նկարագրություն մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը եղած քաղաքի։ Գրեթե բոլոր՝ նույնիսկ ամենահին շինությունները, որոնք կան այսօրվա մայրաքաղաքում, կառուցված են 1679-ից հետո, երբ պարսկական իշխանությունները սկսեցին վերականգնողական աշխատանքներ ։ Զեկույցի երկրորդ կեսին Կարապետյանը անդրադարձավ 1725-ից 1828 թթ. ընկած շրջանի էթնիկ կազմինն, որի մասին տեղեկությունները շատ չէին տարբերվում նախորդներից. հայերը բնակչության մեծամասնությունն էին կազմում։ Սակայն իշխանությունը մահմեդականների ձեռքերում էր, այդ պատճառով ժամանակ առ ժամանակ փորձեր էին կատարվում մարդկանց այլ դավանանքի բերել։ Շատ արագ բերդի «տերերը» հասկացան, որ բռնի ուժ գործադրելը քրիստոնյաների դեպքում հակառակ արդյունք է տալիս:Երևանում գործածվեց «տնտեսական» պարտադրանք։ Օրենք կար, որով մահմեդականություն ընդունած հայը ժառանգում էր ընտանիքի ունեցվածքը, ընդ որում՝ հարստությունը կտակվում էր նրա ժառանգներին 7 սերունդների ընթացքում։ Բնական է, որ մեկ քրիստոնյայի հետևից հավատքը փոխում էր ամբողջ ընտանիքը՝ «ցերեկը թրքություն ենք անում, գիշերը՝ հայություն»։

1830-ին քաղաքում ապրում էր 6 121 հայ և 5 338 «թաթար» (մահմեդական)։ Այս ժամանակից ի վեր բնակչությունն անընդհատ աճել է, սակայն դանդաղ տեմպերով։ Գրեթե 100 տարի անց Երևանում 40 396 հայ կար և 5 124 այլազգի։ Բայց շուտով մայրաքաղաքի զարգացման ուղին կտրուկ փոխվեց, Երևանը որոշեցին միլիոնանոց քաղաքի վերածել։ Այստեղ տեղափոխեցին մարզերի բնակիչներին, մեծ էր նաև սփյուռքահայերի հոսքը։ Այս անցումը, ըստ Կարապետյանի, շատ կտրուկ իրականացվեց՝ փոքր երկիրը «կենտրոնացվեց» մայրաքաղաքում, բնակչության թվաքանակով Երևանը գրեթե հավասարվեց բոլոր մարզերին՝ միասին վերցված։
21 դարի մասին խոսելիս Կարապետյանը նշեց անցյալի և այսօրվա քաղաքի տարբերությունը. Երևանը աշխարհի միակ մոնոէթնիկ մեգապոլիսն է, ինչը մեծ քաղաքների դեպքում այնքան էլ դրական գիծ չէ։

Այս թեմայով