26 Ապրիլ 2013, 13:56
2299 |

Նոր «Անուշը»

«Անուշը» մեկն է այն քիչ հայկական օպերաներից, որոնք բոլորս էլ առնվազն մեկ անգամ երբևէ առիթ ունեցել ենք դիտելու և լսելու, ինչպես մանուկ հասակում անպայման այցելել ենք մանկական հեքիաթների բեմականացումներին: Երբ արվեստագետներն անդրադառնում են բազմիցս բեմադրված ստեղծագործությանը, միշտ հարց է ծագում՝ ուրիշ ինչ՞ ասելիք ունեն: Մյուս կողմից միշտ հետաքրքրիր է՝ ի՞նչ է ստացվել այս անգամ: Չէ որ դասական ստեղծագործությանն անդրադառնալ կարող է միայն հասուն արվեստագետը, որը կունենա համարձակություն ծանոթ պլաստիլինից նոր ֆիգուր կերտել ու նորովի մատուցել այն:

Ապրիլի 25-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսահայ ճանաչված ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի բեմադրությամբ «Անուշ» օպերայի հանձնումն էր՝ գլխավոր փորձը: Եթե տեղյակ չլինեի, ապա դատելով հանդիսատեսի ամբոխից՝ կկարծեի, թե հենց պրեմիերան է: Նախքան ներկայացման մեկնարկը դահլիճով այս ու այն կողմ վազվզող, հուզված ու անհանգիստ ռեժիսորը փորձում էր համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Նա հանդիսատեսին հորդորեց ներողամիտ լինել՝ հիշեցնելով, որ դա գլխավոր փորձն է և ոչ թե պաշտոնական պրեմիերան:

Մեծ ակնկալիքներ ունեի արդեն դատելով ներկայացման ցուցապաստառից, որը նույնքան նյարդային ու լարված էր, որքան Անուշի անձնական դրաման: Ներկայացման առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ բոլորիս երևակայության մեջ կարծրացած դասական «Անուշը» չենք տեսնելու: Նախ գրեթե բացակայում էին դեկորացիաները, ամեն ինչ հնարավորինս պայմանական էր. սար ու ձորից, ծառ ու ծաղիկից, թփերից, կարկաչող գետակից և կամուրջից, որ գրեթե գործող անձի դերում է, միայն կամուրջն էր բեմին, այն էլ գրեթե թափանցիկ: Կանայք պճնված չէին հայկականության մասին ճչացող նախշազարդ տարազներով, իսկ տղամարդիկ՝ չոբանին հատուկ հագուկապով, բեղ-մորուսով: Թվում է, թե հենց դա պետք է հայկական շունչ տար ներկայացմանը, բայց բնավ այդպես չէր: Հայկականը արդեն կար նոր մշակմամբ երգ-երաժշտության մեջ, կար հայուհիների հեզաճկուն պարի մեջ ու կար մեծ էկրանին իրար հաջորդող հայկական բնաշխարհի տեսարանների մեջ: Հետաքրքիր էր, որ Համբարձման տոնի երգը երգում էին ոչ միայն հերոսները, այլև ամբողջ դահլիճը՝ ձայնակցելով ու միանալով գործողությանը և հաստատելով Սերժ Ավեդիքյանի խոսքերն այն մասին, որ բեմադրությունը «ժողովրդի հետ և ժողովրդի համար» են խաղալու:

Անսովոր էր նաև, որ մենակատարները մերթընդմերթ երգն ընդմիջում էին ասմունքով, բայց մյուս կողմից դա ավելի զգացմունքային ու մարդկային էր դարձնում այն, ինչ կատարվում էր բեմի վրա: Նորամուծություն էր նաև պարային էլեմենտը. մի քանի երիտասարդներ իրենց պլաստիկ շարժումներով գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում ստվերի պես շրջում էին բեմին, ռիթմ ու տրամադրություն հաղորդում գործողությանը, իսկ հարսանեկան տեսարանում ցույց տվեցին իրենց ամբողջ վարպետությունը ավանդական կոխի տեսարանում: Ներկայացման մեջ ռեժիսորի անձնական ներդրումն էր նաև ձգված սպիտակ սավանի հետևում ստվերի պես երևացող հերոսների խաղը, երբ խոսքը մութ պատմությունների մասին էր գնում: Ինչ վերաբերում է ավարտին, ապա այն, գուցե, այնքան էլ հստակ չէր, երբ Անուշը ոչ թե պարզապես նետվեց կամուրջից, այլ հանդարտ կորավ գետի ալիքների մեջ՝ շտապելով դեպի իր հանգուցյալ սիրելին: Բայց, այդուհանդերձ, այս անդրադարձը Արմեն Տիգրանյանի օպերային ևս մեկ անգամ փաստում է, որ այն հայ մշակույթի գոհարների շարքում է, իսկ թե ինչպես այն կկիրառեն, վարպետի հմտությունից ու երևակայությունից է կախված:

Այս թեմայով