14 Ապրիլ 2013, 12:41
1414 |

Երբ ալգո-ռիթմերից բացի ոչինչ չես լսում

The Algorithm-ի երևանյան համերգը իսկական անակնկալ էր: Մի քանի օր առաջ Լոնդոնում ունեցած մեծ համերգից հետո The Algorithm-ը որոշել էր իր կենդանի էքսպերիմենտալ երաժշտությամբ լցնել երևանյան Music Factory ակումբը: Ապրիլի 13-ին շատերն էին սպասում, շատերի թվում՝ նաև ես: Չնայած տոմսերի դժվար հասանելիությանը՝ երևանյան ռոքասերների այն հատվածը, որին երաժշտական առումով կարելի է միանշանակ «հասուն» անվանել, չէր կարող ձեռքից բաց թողնել ալգո-ռիթմերը լսելու բացառիկ հնարավորությունը:

Համերգը բացեց Հայաստանում սիրված Infected Cinema պրոգրեսիվ մեթալ խումբը: Նրանց երաժշտությունը արդեն հուշում էր, որ ադրենալինի պակաս հաստատ չի զգացվի: Ու այդպես էլ եղավ: Երբ The Algorithm-ի Ռեմի Գալլեգոն ու Monuments-ի Մայք Մալյանի (հարվածային գործիքներ) սկսեցին իրենց ալգոռիթմիկ երաժշտությունը նվագել, ակումբում դժվար կարելի էր հանդիպել իր տեղում հանգիստ նստած մեկին: Ժամանակակից մեթալ երաժշտության կիթառային հարվածները, ռիթմիկ հնչյունները ներխուժեցին բոլորի մեջ: Երևանցիների այսպիսի արձագանքը հավանաբար չակընկալած, բայց նրա ոգևորությունից ներշնչված երաժիշտներն ավելի դրայվով շարունակեցին:

Ժամանակ առ ժամանակ հայկական գարեջուր խմելով և տոնուսավորվելով' Ռեմի Գալլեգոն ավելի ու ավելի էր ոգևորվում՝ ոգևորելով դահլիճը: Երաժշտությունը հասել էր ուղեղիս, բայց աչքս շարունակում էր նոր կադրեր որոնել: Պետք էր ընտրություն կատարել երաժշտությունը վայելելու կամ այդ ամենից ներշնչված լուսանկարելու միջև: Բայց ես ալգո-ռիթմերից բացի այլևս ոչինչ չէի լսում…

Այս թեմայով