12 Ապրիլ 2013, 14:25
1520 |

Հայ աշակերտները բացահայտում են ամերիկյան «զեֆիրի առեղծվածը»

Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնը Քարակերտ գյուղում բացվել էր դեռևս մարտի 22-ին: Նպատակն է աջակցել տեղի դպրոցականներին ընտրելու ճիշտ մասնագիտություն: Ծրագիրը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որին աջակցում է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ը, Ֆինանսավորման և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ը, «ԵՐԵՎԱՆ» և Review ամսագրերը: Ծրագիրն արդեն մեկնարկել է և կտևի մինչև 2014-ի հունիս: Նախաձեռնությանը մասնակցում են Արմավիր և Արագածոտն մարզերի 9 գյուղերի 10 դպրոցների 7-ից 11-րդ դասարանների աշակերտները:

Մեզ դիմավորած առաջին գյուղը Մյասնիկյանն էր: Երբ ոտք դրեցինք COAF – ի վերանորոգած դպրոց, այնպիսի տպավորություն էր, որ այլևս գյուղում չենք գտնվում: Մեզ ուղեկցեցին դահլիճ: Մուտքի մոտ խմբված աշակերտների հայացքում կար անթաքույց հետաքրքրասիրություն, ինչ-որ կարևոր իրադարձության սպասում:

Աշակերտուհիներից մեկն ինձ ջերմորեն բարևեց ու նույնիսկ յասաման նվիրեց: Խոստումնալից սկիզբ էր: Ծրագրի ղեկավար Նարինե Թադևոսյանը աշակերտներին ներկայացրեց «Մասնագիտական կողմնորոշման ծրագիրը», որի ընթացքում աշակերտներին բաժանվեցին գրքեր: «Մի' կերեք զեֆիրը… առայժմ» գրքույկը պատմում է մի շատ յուրօրինակ գիտափորձի մասին, թե ինչպես 40 տարի առաջ Սթենֆորդում 600 չորսամյա երեխաների տվեցին մի կտոր զեֆիր ասելով, որ չուտեն այն մոտակա 15 րոպեների ընթացքում, որպեսզի հետո ստանան ևս մեկ կտոր: Երեխաներից ոչ բոլորը դիմակայեցին քաղցրավենիքի գայթակղությանն ու կերան այն: Գիտափորձին մասնակցած երեխաների կյանքին հետևելով պարզվել է, որ նրանք, ովքեր չկերան զեֆիրը, կյանքում հասան ավելի մեծ հաջողությունների, քան նրանք, ովքեր չդիմացան գայթակղությանը:

Հայկական իրականությունը մի փոքր այլ է: Ավելին, գյուղերի երեխաները հնարավոր է՝ ընդհանրապես չուտեին էլ զեֆիրը, քանի որ այս քաղցրավենիքին, պարզվում է, առանձնապես ծանոթ չեն: «Զեֆիրն ի՞նչ է», - իր կողքի նստածին հարցրեց արևահարված դեմքով մի տղա ու չստանալով իր հարցի պատասխանը' երկուսով լռեցին: Նախքան կցուցադրեին այս պատմության փոքրիկ էկրանավորումը, զրույցի բռնվեցի նրա հետ: Տասնչորսամյա Վազգենը, ի դեպ, իր անունը նա աստեցել է ի հիշատակ Վազգեն Սարգսյանի, արդեն որոշել է, որ դառնալու է ենթասպա' հորեղբոր օրինակով: Հարցրեցի՝ սիրում է գիրք կարդալ, նայեց ընկերոջը՝ ասես ակնկալելով նրա հավանությունը, որ կարողանա ստել ինձ: Ընկերը, որի անունը Մակբեթ էր, ձեռքի գիրքը հոտոտում էր, պնդելով, որ ձկան հոտ է գալիս: Շեղվեցինք ընթերցանությունից: «Ի՞նչ ձուկ, բոլոր նոր գրքերից էդ հոտն ա գալիս», - նրան սաստեց Վազգենը: Զսպեցի հարցս այն մասին, թե երբ էին վերջին անգամ այս երեխաները նոր տպագրված գիրք տեսել:

Ուշադրությունս կտրուկ գրավեցին երկու տղաներ, մանավանդ «պոնչոն»՝ ամբողջ ընթացքում կարծես ասեղների վրա լիներ, փսփսում էր, բզում դիմացը նստած աղջկան, որը ֆոտոխցիկը ձեռքից վայր չէր դնում, նկարում էր իրենց գյուղում տեղի ունեցող կարևոր իրադարձությունը: Սամվելը, այդպես էր «սնդիկի» անունը, շատ ավելի ընթերցասեր դուրս եկավ, նա ուզում է քանդակագործ դառնալ, շատ է սիրում կարդալ Սևակ և անպայման կկարդա նաև «Մի' կերեք զեֆիրը… առայժմ» գիրքը:
Այս դպրոցում ծրագրի ներկայացումն արդեն ավարտին էր մոտենում, երբ նորից աչքովս ընկավ ֆոտոխցիկով աղջիկը: Պարզվեց, նրա անունը Պելագեյա էր և նա ուզում է դառնալ ոչ թե լուսանկարիչ, այլ վարսահարդար: Կարծում եմ, մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնը կուղղի երեխայի մոլորեցումը: Ընդհանրապես, մասնագիտություն ընտրելու շեղումների շտկման առումով այս գյուղում անելիք շատ կար: Վերջին պահին ես զրուցեցի Արմեն անունով մի տղայի հետ, ով ուզում էր ոչ ավելի, ոչ պակաս՝ հայրիկ դառնալ: Ինձ նույնիսկ թվաց, որ նա կատակում է. «Ուզում եմ պապա դառնամ: Չեմ խմի, էդ հաստատ, մեկ-մեկ գինի կխմեմ ու շատ բարի պապա կլինեմ», - պնդեց նա: Տպավորված այս ամենից' մենք ուղևորվեցինք Շենիկ գյուղ:

Միջոցառումը դպրոցի դահլիճում էր, նստեցի աշակերտների շարքում' հարցնելով, թե ով որ դասարանում է սովորում: Հերթը հասավ մի փոքր-մոքր տղայի: Վիգենը տասներորդ դասարանից էր, ու ծրագրի ամբողջ ընթացքում ուշադիր լսում էր Նարինե Թադևոսյանին, նրա ասածներին գլխով հավանություն տալիս: Նա ասաց ու ես էլ հավատացի, որ անհամբերությամբ սպասում, թե երբ է կարդալու «Մի' կերեք զեֆիրը… առայժմ» գիրքը:

Վերջին գյուղում' Քարակերտում, այցելեցինք երկու դպրոց: Համար մեկ դպրոցում հանդիպած մի տղա ինձ ապշեցրեց իր խորաթափանց վերլուծությամբ: Հակոբը ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, լսել էր, որ դա բարդ մասնագիտություն է, պետք է միաժամանակ աշխատեցնել և միտքը, և ոտքերը: Երբ Նարինե Թադևոսյանը հարցրեց, թե իրենց կարծիքով, ինչ դարձան զեֆիրը չկերած երեխաները, Հակոբի պատասխանը հիմնավորված էր՝ ֆուտբոլիստ:

Մեր այցը հատկապես ոգևորիչ էր իններորդ դասարանցի Մանուշակի համար: Նա չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ամբողջ հույսը մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի վրա է: «Օտար լեզուներ եմ սիրում, բայց չգիտեմ՝ այդքանը բավական է լեզվաբան դառնալու համար, թե ոչ», - խոստովանեց Մանուշակը: Իսկ Քարակերտի համար երկու դպրոցում հանդիպեցինք բավականին լուրջ աղջիկների եռյակի, ովքեր արդեն հստակ որոշել էին, թե ինչ են դառնալու: Մոտ ապագայում Քարակերտից ունենալու ենք երկու վիրաբույժ՝ Մելինեն և Թերեզան, ու մեկ հաշվապահ'Անիտան:

Բարեհաջող հրաժեշտ տվեցինք աշակերտներին ու վերադարձանք Երևան, ու ամբողջ ճանապարհին մտածում էի այն չարաբաստիկ զեֆիրի մասին, որը կերա առավոտյան: Միգուցե դա էլ իմ զեֆիրն էր, որից պետք է հրաժարվեի երկրորդը ստանալու համար… 

Այս թեմայով