04 Ապրիլ 2013, 19:12
2145 |

GPS-երով դեպի հայկական գյուղեր. մետաքսի ճամփեքով

Հայկական գյուղերը կարող են շատ գրավիչ լինել օտարների համար. անտաշ քարից հին տուն, թոնիր, տապակած սիբեխ ու ավելուկ, սարի լանջով գլգլացող առվակ, կովի թարմ կաթ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն իր օրինակն է բերում։ Պատմում է, որ սիրում է կնոջ հետ այցելել հայկական հեռավոր գյուղեր։ Նախընտրում է գյուղական իջևանատուն, որտեղ անմիջական ու ջերմ մթնոլորտում կանցկացնի հանգիստը։ Պրն. Հեֆֆերնին սական, միշտ չէ, որ հաջողվում է նման վայր գտնել։ Նա հուշում է' ձեր գյուղերի առանձնահատուկ հմայքն ու բացառիկ արժեքն օգտագործեք' ի նպաստ զբոսաշրջության զարգացման։ Շատ եկվորներ գերադասում են վայրի, տնավարի հանգիստը։ Բոլորը չէ, որ վազում են դեպի հինգաստղանի հյուրանոցներ։

Մեր գյուղական միջավայրի քաղցրությունը զգացել են նաև միջազգային այլ կառույցների ներկայացուցիչները։ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» /AMAP/ ղեկավար Ռիչարդ Նայը նույնպես գնահատում է մեր գողտրիկ բնության, պատմամշակութային կոթողների արժեքը։ AMAP-ը ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ իրականացնում է երկամյա նախագիծ' մոտ 1.3 մլն դոլարանոց։ Շուտով կստեղծվի անդրսահմանային զբոսաշրջության երթուղի' Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև։ Երթուղին, պատմամշակութային հուշարձաններիր մասին տեղեկությունները զբոսաշրջիկներին հասանելի կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Ծրագիրը կխթանի զբոսաշրջությունը նշված 4 երկրի 173 համայնքներում, օտարների ուշադրությունը կհրավիրի տեղական արտադրության ապրանքների վրա, հնարավորինս կկասեցնի միջսահմանային տարածքների մեկուսացումը։ Երթուղին ընդգրկում է Մեղրիից Թեսալոնիկ ընկած Մետաքսի ճանապարհի տարածքը։ Օգտագործելով GPS ուղեցույց և GIS քարտեզավորում' վիրտուալ երթուղին կհամալրվի յուրաքանչյուր վայրի մասին ավելի մանրամասն տեղեկությամբ, կուղեկցի այցելուին ընտրված երթուղով, կտրամադրի ցանկացած կետի մասին մուլտիմեդիա և կապ կստեղծի տեղական ծառայությունների միջև։

 

 

Այս թեմայով