03 Ապրիլ 2013, 17:53
1218 |

Երգչի ու նկարչի դառը խոհերից

Առաջարկների ցուցակ Երևանի ընտրվելիք ավագանուն Լիլիթ Պիպոյանի կողմից։ Երգչուհին կետ առ կետ նշում է կենսական նշանակության պահանջները, որոնք նախկինում չեն բավարարվել, բայց դրանց անհրաժեշտությունն ամեն օր է զգում։ Նա երգչուհի լինելուց առաջ երևանցի է` երևանյան խնդիրներով։ «Երևանը պետք է դառնա ֆունկցիոնալ գործող օրգանիզմ։ Հասկանում եմ, դրա համար խելք ու ֆինանսական միջոցներ են պետք, բայց անհնար չէ։ Առաջարկում եմ անիմաստ տոնակատարությունների վրա այդքան փող չվատնել։ Թող այդ գումարները ծախսվեն քաղաքի կենսական խնդիրնեը լուծելու նպատակով։ Մեր փոշոտ Երևանին շատրվաններ են պետք, կանգառներում` տեղեկատվական վահանակներ։ Աղմուկը շատ է մեր քաղաքում, շատ են նաև գովազդային անճաշակ վահանակները»,- կարծում է Լիլիթ Պիպոյանը։

Նրա հետ համակարծիք է Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը` ավագանին 5 տարի գրեթե ոչինչ չի արել։ Նկարչին հատկապես  անհանգստացնում է Զանգվի ձորի ներկա վիճակը։ «70-ականներին իշխանություններն ուզում էին հայկական ռեստորան բացել ձորում, բայց պարզվեց` տարածքը հնագիտական ուսումնասիրության ենթարկված չէ, վախեցան աղավաղել շրջակա բնապահպանական  միջավայրը, նաև կոյուղու հարցը չէր լուծված։ Իսկ հիմա Զանգվի ձորում քանի՞ ռեստորան կա, որտե՞ղ են լցվում դրանց կոյուղաջրերը, իհարկե, Զանգու գետը», - ահազանգում է նկարիչը։ Երգիչ ու նկարիչ` համակարծիք են` Երևանը կորցրել է Երևանի դիմագիծն ու միգուցե շուտով նաև կորցնի իրեն անշահախնդրորեն սիրող իսկական երևանցուն։

Այս թեմայով