30 Մարտ 2013, 14:12
1396 |

Կարող է պատահի՝ մեզ հետևում են

Երևանցիների անդորրը մեկընդմիշտ խաթարվեց: Այսուհետ գոյություն ունի մեկ ամենատես աչք, որն ամենուր հետևելու է նրանց: Ու խոսքն ամենևին էլ ԱԱԾ-ի մասին չէ:

Հաղթանակի այգու ամենադիտարժան կետից, որտեղից երեւում է ամբողջ Երևանը, անմիջապես Մայր Հայաստանի աչքի առաջ բնակություն է հաստատել Արգիշտի Թամանյանը: Հենց նա է հետևում երևանցիներին: Երեւանի նոր բնակիչը հեռադիտակ է, այն Just Look խմբի նախաձեռնությունն է: Գաղափարը հղացել է պատահական: Անդամներից մեկը'Արշակ Հաշտողյանցը, մի անգամ ժամադրության եկել էր պայմանավորված ժամից շուտ, իսկ հեռախոս մոռացել էր տանը: Այդ պահին էլ ծնվեց միտքը' հեռադիտակ լիներ, կտեսներ՝ որտեղ է ընկերը: Արշակը գաղափարի մասին պատմեց ընկերներին: Շատ չանցած հեռադիտակը արտասահմանից բերեցին ու համարձակ գաղափարը դարձավ իրականություն:

Սակայն կամակոր երեւանցիների ուշադրությունը գրավելու համար ինչ-որ բան պակասում էր: Տղաներն այս անգամ էլ լուծում գտան: Հաղթանակի բարձունքի նոր բնակչին անվանակոչեցին Արգիշտի Թամանյան' Արգիշտի արքայի և Ալեքսանդր Թամանյանի պատվին: Երևանի նոր բնակիչն իր տեսածը խոշորացնում է 25 անգամ: Պտտվում է գրեթե 360 աստիճանով, բարձրանում՝ 90, ներքև իջնում՝ 70 աստիճանով: Արգիշտի Թամանյանն իր երկու սուր աչքերը տրամադրում է ցանկացած երեւանցու, իհարկե՝ ոչ անվճար: 100, 200 եւ 500 դրամ' ըստ րոպեների: Just Look-ի տղաները վստահեցնում են, փողը հեռադիտակի տեխնիկական կարիքները հոգալու համար է:

Հնարամիտ երիտասարդը ու իր ընկերները նախատեսում են ընդլայնել Just Look –ի գործունեությունը: Այնպես որ զգուշացեք, չի բացառվում, որ Արգիշտի Թամանյանի սուր աչքերը հայտնվեն նաեւ քաղաքի մյուս անկյուններում:

Այս թեմայով