19 Դեկտեմբեր 2014, 17:19
1236 |

Շվեյցարահայ արվեստագետը ձուլում և հավերժացնում է կանանց ննջազգեստները

Հայկ Մեսրոպյանի անձնական ու միևնույն ժամանակ հանրայնացված ձուլածո իրերը Ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ից:

Արվեստագետ Հայկ Մեսրոպյանն ապրում է Շվեյցարիայում, բայց ամեն տարի պարտադիր վերադառնում է Երևան. հենց այստեղից է սկիզբ առել նրա՝ որպես նկարիչ, ստեղծագործական ուղին: Այս տարին բացառություն չէր, բայց մեկ շաբաթով նախատեսված այցելությունը ձգվեց արդեն 2-3 ամիս: «Մեկը մյուսի հետևից նշաններ եղան, որոնցից հասկացա, որ ցուցահանդես կազմակերպելու ժամանակն է»,- պատմում է արվեստագետը:

Ցուցահանդեսի «հասցեատիրոջ» ինքնությունը Հայկը չի պատրաստվում բացահայտել անգամ ցուցահանդեսի ժամանակ, բայց մի բան պարզ է` բոլոր աշխատանքները շատ անձնական են և առաջին հերթին թանկ հենց հեղինակի համար: «14 տարի առաջ էր, երբ առաջին անգամ փորձարկեցի այս տեխնիկան, գլխավոր նպատակն էր ինձ համար թանկ իրերը, նամակներն ու գրառումները հավերժացնելը,- անկեղծանում է Հայկը և մատնացույց անելով ցուցանմուշները` շարունակում,- օրինակ, այս նամակներն ու գրառումները ՆԱ է կատարել և ապակու մեջ ամփոփելով դրանք` կարծես ժամանակից դուրս եմ հանել: Այս զգեստը նրա կոկետության մասին է հիշեցնում, իսկ այս գիշերանոցը՝ նույնպես նրան  պատկանող, չափից ավելի անձնական իր է: Ամբողջ հետաքրքրությունն այն է, որ չնայած այս բոլոր իրերը տեսանելի են, բայց դիպչել դրանցից և ոչ մեկին չես կարող»:

Ցուցահանդեսին ներկայացված իրերը նույնքան եթերային ու ջերմ են, որքան ՆՐԱ հանդեպ հեղինակի զգացմունքները: Հայկ Մեսրոպյանի անձնական ու միևնույն ժամանակ հանրայնացված ձուլածո իրերը Ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ից: Ցուցադրությունը կտևի մեկ-երկու օր, նայած հանրության հետաքրքրությունն ինչպիսին կլինի «անձնական» իրերի նկատմամբ: 

Այս թեմայով