30 Նոյեմբեր 2014, 08:49
2118 |

Կոմիտասին սիրահարված ճապոնացին

Կոմիտասի ժառանգությունը շատ երաժիշտներ են կատարել, այդ թվում նաև օտարերկրացիներ: Ֆուձիյամայի երկրից դաշնակահարուհի Կեիկո Շիչիջոն Եվրոպայում մեծ ճանաչում ունի: Ամստերդամում բնակվող երաժիշտը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է ու ամեն տարի տասնյակ համերգներ է ունենում հին աշխարհում: Դասական երաժշտության հայրերի ստեղծագործությունները նվագելուց հետո ճապոնուհին մի օր որոշեց Կոմիտաս նվագել: Վարդապետի մշակումները Կեիկոն զգում է հայից ոչ պակաս ու ավելի շատ, քան յուրաքանչյուր արևելքցի: Imyerevan.com-ը զրուցել է նրա հետ ու բացահայտել ճապոնացու սիրո գաղտնիքն առ հայկական երաժշտությունը։

Որտե՞ղ և ե՞րբ առաջին անգամ Կոմիտաս լսեցիք:
- Առաջին հանդիպումը Կոմիտասի հետ նրա 6 պարերի միջոցով էր: Չգիտեմ՝ ինչ կատարվեց հոգուս մեջ, հնչյուններն այնքան բնական էին ու այնքան նուրբ, որ միանգամից անկախ ինձնից սկսեցի նվագել:

Հայաստանում երբևէ չեք եղել, ի՞նչ պատկերացումներ ունեք Կոմիտասի հայրենիքի մասին:
- Կարծում եմ՝ եկող տարի կկարողանամ այցելել Հայաստան: Պատրաստվում եմ հետազոտել հայ ազգային երաժշտությունը: Ձեր երկրում ես տեսնում եմ արևելքի ու արևմուտքի յուրօրինակ միախառնությունը:

Ե՞րբ որոշեցիք կատարել Կոմիտասի ու Մանսուրյանի գործերը:
- Համերգներից մեկի ժամանակ դուդուկ էին նվագում, ցանկանում էին անպայման հայ վարպետներից մեկի ստեղծագործություններից կատարել: Համերգի կազմակերպիչն էլ փնտրում էր դասականի ու ժամանակակիցի խառնուրդ: Որոշեցինք Կոմիտասի պարերը կատարել:

Ճապոնացու համար դժվա՞ր է հայկական երաժշտություն կատարել:
- Մինչև հիմա որևէ դժվարության չեմ զգացել: Չգիտեմ, միգուցե հայերի ու ճապոնացիների միջև ինչ-որ խորհրդավոր կապ կա:

Ի՞նչ եք զգում հայկական երաժշտություն կատարելիս:
- Չնայած Կոմիտասի շատ գործեր հոգևոր են, բայց լսողին կարող են տանել-հասցնել սեփական ծննդավայրը կամ հիշեցնել իր ինքնության մասին: Նրա դաշնամուրի գործերը նույնպես շատ նուրբ են: Նոտաներում ոչ մի ավելի կամ պակաս հնչյուն չկա, ամեն ինչ շատ թափանցիկ է: Պաշտում եմ այդ պարզությունը, ինչն իմ կարծիքով ուղղակիորեն կապված է հոգևորի հետ: Այդ առումով նույն զգացումը հաճախ ունենում եմ նաև Մոցարտ կատարելիս: Կարոտի զգացում եմ ունենում:

Որքա՞ն հաճախ եք ընդգրկում հայկական երաժշտությունը Ձեր համերգացանկում:
- Մենահամերգների ժամանակ դրանք ավելի ու ավելի են շատանում: Նախորդ սեզոնին 5 անգամ Կոմիտաս եմ նվագել:

Հասկանո՞ւմ եք երգերի հայերեն բառերը կամ վերնագրերը, օրինակ՝ «Երանգի» կամ «Մարալի»:
- Որոշ բառեր փնտրում-գտնում եմ, որոշները՝ ոչ: Բայց ցանկանում եմ բոլորն էլ հասկանալ: Մեծ գործ է, դեռ ժամանակ չեմ գտնում:

Ի՞նչ նմանություն կա ճապոնական ու հայկական մշակույթի, երաժշտության միջև:
- Որոշ նմանություն եմ տեսնում ազգային նվագարանների միջև: Երաժշտական գործիքները տարբեր տարածաշրջաններում կարող են նման լինել: Ճապոնական սակուհաթի գործիքը, օրինակ, շատ նման է ֆլեյտային:

Ի՞նչ է գալիս Ձեր մտքին «Հայաստան» բառն արտասանելիս:
- Վստահաբար՝ Կոմիտաս վարդապետը: Որպես հեռավոր արևելքից սերած երաժիշտ, ով ապրում է արևմուտքում ու արևմտյան դասականների գործեր է նվագում, ես միշտ մտածել եմ՝ ինչ կապ կարող եմ ունենալ տարբեր մշակույթների հետ:

Իրականում դժվար գործ է: Այդ մտորումը դարձրեցի իմ երաժշտության հիմնական թեման: Հայաստանն այդ առումով հետաքրքիր երկիր էր ինձ համար: Նիդերլանդներում ապրելով՝ Հայաստանը տեսնում եմ որպես արևելյան երկիր: Երբ մտովի տեղափոխվում եմ Ճապոնիա ու սկսում մտածել որպես ճապոնացի, Հայաստանն ավելի ու ավելի է մոտենում արևմուտքին: Քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունելը փաստում է այդ ճշմարտությունը: Արևելքն ու Արևմուտքը միախառնվում են, Կոմիտասը դրա կատարյալ ապացույցն է: Վաղուց արդեն Նիդերլանդներում եմ ապրում, Կոմիտասը ինձ վերադարձնում է իմ ինքնությունը, չնայած հաստատ հայ չեմ:

Այս թեմայով