19 Օգոստոս 2014, 12:14
2315 |

Սուսուփուսների փառատոնը

Ի տարբերություն բեմական այլ իրադարձությունների, նրանք խոսում են ազգային պատկանելիություն չճանաչող համամարդկային լեզվով: Նրանց խոսքն էլ է գործողություն, բայց առանց քարոզչական զեղումների: Գործում են սուսուփուս` առանց ավելորդ աղմուկի ու պաթետիկ պճնանքի: Չէ՞ որ լռության հետ գործ ունեն և ցանկացած ավելորդություն կարող է վնասել մնջախաղին հատուկ պոետիկ մթնոլորտը:

Թայվանական թիթեռնիկներ
Երկամյակը մեկ անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային չորրորդ փառատոնի պլաստիկական տեսականին տաղտկաբեր չէր: Լռարվեստի հնգօրյակում դասական պանտոմիմային, միմ քանդակային, իրերի մնջախաղային, աճպարարական, ակրոբատային շարժաձևերից սկսած, մինչև ավազե շարժանկարային ֆորմաներին կարելի էր հանդիպել: Իր հնարամտությամբ համակրանք էր հարուցում Թայվանի «Մյութ» թատերախմբի «Սեր» իրերի մնջախաղը և «Տիկնիկ» մանրապատումը: Թեմատիկ պարզությունը նրանց հնարավորություն էր տալիս տեսարանային անցումներին ու պայմանականության մատուցումներին թիթեռի թռիչքի թեթևություն հաղորդել: Արդյունքում և՛ քմահաճ հադիսատեսի գեղարվեստական ախորժակը բավարարվեց, և՛ մնջախաղացների մասնագիտական հռչակը տարածվեց:

Շարժումս մե մասխարա է
Այդ թեթևությունը գրեթե թույլատու թեթևսոլիկության հասցնելու միտում էր նկատվում Գերմանիայի և Պարսկաստանի մնջախաղացների մանրապատումներում: Տեղ-տեղ ակնառու էր պարզունակության հակումը և շարժահամակարգի տեխնիկական բացթողումները, որոնք առավելապես բնորոշ էին Գերմանիան ներկայացնող ՄՄՌ թատերախմբին: Կառուցվող հարաբերություններում անզեն աչքով էլ նկատելի էր կատակերգականի ժանրային զգացողության տկարությունը, ինչն անփորձ ինքնագործների վարքագիծ է: Մասնագիտական պատասխանատվություն ունեցողը չէր արհամարհի այն հանգամանքը, որ ոճավորված շարժումով աֆեկտիվ գործողություն կատարելը դեռևս մնջախաղային ներկայացում չէ: Իսկ Պարսկաստանի փոքր-ինչ ավելի մեծածավալ «Չալիպա» բեմադրությունը, թեև գաղափարապես հետաքրիքր էր մտածված, սակայն արտահայտչական զարգացումները սահուն չէին: Կարճ ասած, ինչից հետո ինչու և ինչ եղավ սյուժետային հիմնախնդիրը հոգեբանական հավաստիության խնդիր ուներ:

Դուն էն գլխեն վիրտուոզ իս
Ու թեև այս փառատոնի արտահայտչալեզուն բոլոր ազգերին է ծառայում,այդուհանդերձ, թատերական միջոցառումը խիստ ազգային այլաբանություններով խտացված ստեղծագործությունից չխուսափեց: Փառատոնում ընդգրկված էր այնպիսի բարդընկալ բեմադրություն, որի իմաստն ըստ էության հասկանալու համար անգամ սիմվոլային զգացողությունը սրած մասնագետի գիտելիքներն ու կռահողական փորձը չէին կարող օգնել: Աշխարհալեզվի այդ ալեգորիկ լեգեոներներից իր էլաստիկ պլաստիկայով մեր թատերասերներին շարունակում է հիացնել Մակոտո Ինոե Ինդը: Իհարկե, ջրի պես ճկունակ ճապոնացու մարմինն ու դիջեյական փորձառությունը նրանում վարպետության աստիճանի են հասցրել բեմական տեմպառիթմի զգացողությունն ու դյուրաշարժությունը: Բայց ճապոնական հնագույն հեքիաթապատումներից մեկի վրա կառուցված «Կագույա» բեմախաղի բովանդակային բավիղները արևելքի արվեստին բնորոշ բազմիմաստության մշուշով էր ծածկել: Դիմել էր մի քայլի, որը գերպայմանականի հետևում թաքնվող միջակություններին է վայելում, այլ ոչ թե իր պես բարձրակարգ մնջախաղացներին: Այլաբանական նրբերանգներով լեցուն թեման մարմնի սիմվոլային լեզվով հրամցնելով' իմաստի բարդեցման գործակիցն էր կրկնապատկել: Բնականաբար, չի ընկալվում նյութի գաղափարական միտումը' մնալով ճապոնական խորհրդավորի հաղորդած անորոշ ու ընդհանրական հույզերի մակարդակում: Ինչևիցե, գուցեև ցանկությունը ռոմանտիկ պատրանք համարվի, բայց հայ հանդիսատեսի համար մեծ նվեր կլիներ Մարսել Մարսոյի վերջին չորս աշակերտներից ֆրանսիաբնակ Վահրամ Զարյանի և Մակոտո Ինոեյի զուգախաղը տեսնել որևէ նրբահմուտ բեմադրիչի հեղինակած գործում:

Միմ արձաններ
Իհարկե, մեր երկիրն էլ անմասն չմնաց մնջախաղային այս անցուդարձից: Մնջախաղի փառատոնի հայաստանյան դրսևորումներից առավել ուշագրավ էր Արամ Խոջոյանի ջանքերով կյանքի կոչված միմ արձանի օրինակը: Առաջին անգամ Հայաստանում կիրառվեց միմ քանդակի ու աճպարարական հնարադիրության համատեղմամբ իրագործվող միմական շարժուն արձանի հնարքը: Ճիշտ է, աշխարհում հայտնի օդում նստած ձեռնափայտով մարդու տեղական տարատեսակը մի քիչ կոշտ ու կոպիտ էր և շարժումներն այնքան էլ արձանային չէին, բայց, այնուամենայնիվ, նորույթի ներմուծման փորձը դրական փաստ է: Եղածով բավարարվող և լճացման հանգստավետ ճամփան բռնողների բորբոսնած շարքերը չեն համալրում:

Այս թեմայով