15 Օգոստոս 2014, 21:22
1894 |

Մայրաքաղաքային երաժշտություն

Հայաստանում առաջին անգամ համերգներով հանդես կգա Capital Cities հանրահայտ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանը: Ծնունդով Լիբանանից և Միացյալ Նահանգներում իր կարիերան սկսած երաժիշտը օգոստոսի 15-ին դիջեյ սեթ կնվագի Uptown քլաբհաուսում, իսկ օգոստոսի 17-ին «Մեցցո» ակումբում և օգոստոսի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հանդես կգա կենդանի ակուստիկ համերգներով: Վերջին երկու համերգների ժամանակ Սեպուհին կմիանան Ջիվան Գասպարյան Կրտսերը, «Բամբիռի» Նարեկը և մենակատար Սոսե Քեշիշյանը ԱՄՆ-ից: Իսկ մինչ այդ նա ImYerevan.com-ին պատմեց իր երաժշտական ճաշակի ձևավորման ու առաջիկա ծրագրերի մասին:

15-16 տարեկանում արդեն ինքդ էիր ստեղծագործում, իսկ ո՞ր երաժշտությունն է ձևավորել քո ճաշակը:
- Տարբեր խմբերի եմ լսել: Երբ նոր էի ինքս խումբ հավաքել, դասական ռոք էինք նվագում՝ Pink Floyd, The Beatles, Led Zeppelin, The Doors, հիմնականում 60-70-ականների ռոք: Տարիների ընթացքում սկսեցի այլ ժանրերով հետաքրքրվել, վաղ 90-ականներին տարվեցի էլեկտրոնային երաժշտությամբ: Առհասարակ դաշնամուր եմ նվագել և դասական երաժշտություն էլ, բնականաբար, շատ էի լսում՝ Շոպեն, Բեթհովեն, հայ դասականներին էլ եմ ծանոթ, շատ եմ սիրում Խաչատրյանի, Բաբաջանյանի, Կանաչյանի երաժշտությունը, Կոմիտաս,  նույնիսկ քոլեջի երգչախմբում օպերա եմ երգել ժամանակին:

Ձեր խմբի երաժշտության մեջ յուրօրինակ հնչողության գործիքներ կան, ժամանակին նաև Ջիվան Գասպարյանի հետ մի քանի կատարում ես ձայնագրել դուդուկի նվագակցությամբ: Այլ հայկական գործիքներով հետաքրքրվա՞ծ ես:
- Մեր ստեղծագործություններից մեկում նաև ուդ է հնչում Անդրանիկ Կիզիրյանի կատարմամբ, բայց դա հատուկ չի արվում հայկական երաժշտություն քարոզելու համար: Պարզապես երբ զգում եմ, որ այս կամ այն գործիքը լավ կհնչի, օգտագործում եմ: Մեր նոր ալբոմում առհասարակ հայկական երաժշտության ակնարկ չեք նկատի, թեև մտադիր եմ առաջիկայում դրանից ազդված ստեղծագործություններ գրել: Պարզապես սիրում և կիրառում եմ, երբ զգում եմ, որ տեղին է, իսկ եթե դա նաև նպաստի հայկական երաժշտության տարածմանը, ուրեմն շատ լավ «կողմնակի ազդեցություն» կլինի:

Capital Cities խումբը 2008-ից կա և միայն մեկ ալբոմ է թողարկել, իսկ Safe & Sound երգի վրա մոտ 8 ամիս աշխատում էիք: Համբերատա՞ր եք, թե՞ պարզապես շատ պահանջկոտ եք Ձեր հանդեպ:
- Երկուսն էլ: Երբ Safe & Sound-ը նոր էինք ձայնագրել, մեզ թվաց, թե դեռ այն չէ: Թեև մեր ընկերները խրախուսում էին, ասում էին հաստատ հաջողություն կունենա, բայց մենք դեռ համոզված չէինք, որ ստացել ենք այն, ինչ ուզում ենք: Մի քանի անգամ զրոյից ձայնագրեցինք, իսկ վերջին ձայնագրության ժամանակ, երբ շեփոր ավելացրեցինք, արդեն ստացվեց այն երգը, որը հետո հայտնի դարձավ:

Հիշո՞ւմ ես այն օրը, երբ զարթնեցիր ու հասկացար, որ խումբն արդեն հայտնի է:
- Այդպիսի հստակ օր չի եղել: Մեր աճը աստիճանաբար էր տեղի ունենում, ընդ որում՝ Safe & Sound-ը սկզբում իմացանք, որ Հարավային Ամերիկայում՝ Պերուի ռադիոկայաններում են նվագում: Իսկ երբ այն սկսեց հնչել նաև Միացյալ Նահանգների ռադիոկայաններում, ինչ խոսք, շատ ուրախ էինք, բայց մի օրում չենք հայտնի դարձել:

Ձեզ համար կարևոր ձեռքբերում էր Outkast-ի Andre 3000-ի հետ  համագործակցությունը: Ինչպե՞ս աշխատեցիք Քեթի Փերիի հետ:
- Կարելի է ասել փոխադարձ հետաքրքրության արդյունքում: Մեր գործակալները երկար ժամանակ կապ էին պահպանում, և Քեթին էլ շատ բծախնդրությամբ է ընտրում իր համերգի warm-up բենդերը: Արդյունքում մենք 1,5 ամիս նրա հետ շրջագայում էինք Հյուսիսային Ամերիկայում և բացում նրա համերգները Prismatic World Tour-ի շրջանակում:

Ի՞նչ համագործակցություններ են ծրագրվում առաջիկայում:
- Առայժմ որպես warm-up բենդ ոչ մի տեղ չենք նախատեսում հանդես գալ, ավելի շատ ԱՄՆ վերադառնալուց հետո մտադիր ենք մեր մենահամերգներով հանդես գալ: Ի դեպ, մեր համերգներին էլ կլինեն warm-up բենդեր, որոնք առանձնապես հայտնի չեն դեռ`Cherub, Sneaky Sound System: Դրա հետ մեկտեղ արդեն մեր նոր ալբոմի վրա ենք աշխատելու, իսկ ես առանձին ձայնագրությունների եմ պատրաստվում Սերժ Թանկյանի հետ:

Կպատմե՞ս քո մորուքի մասին:
- Մորուքն իմաստ չունի: Մոտ 4,5-5 տարի առաջ, երբ ամուսնացա, սափրված էի և հաջորդ օրից որոշեցի մորուք պահել: Մի շրջան կար, երբ ընդհանրապես չէի էլ կտրում, բայց հետո զգացի, որ չափից շատ է երկարել: Ուղղակի հետաքրքիր էր, թե ինչքան կերկարի, մյուս կողմից էլ մի քիչ ծուլանում էի սափրվել: Ի դեպ, չեմ շոգում, հակառակը, ավելի հով է այսպես: 

Ե՞րբ ես ամենից շատ զգում, որ հայ ես:
- Իհարկե, երբ Հայաստան եմ գալիս և երբ Լոս Անջելեսում եմ, որտեղ էլի հայերը շատ-շատ են: Իրականում ես ինձ միշտ եմ հայ զգում, ծնողներս ինձ ճշմարիտ հայի պես են դաստիարակել, գիտեմ հայրենիքիս պատմությունը, մշակույթը, արժեքները, ժամանակին նաև Հայ Դատի համար եմ աշխատել: Խոհանոցում եմ ինձ հայ զգում, թեև մեր լիբանանյան խոհանոցը այստեղի խոհանոցից մի քիչ տարբերվում է:

Այս թեմայով