03 Հուլիս 2014, 15:49
3945 |

«Վարպետի ու Մարգարիտայի» ավետիսը

Հուլիսի 2-ին Ժամանակակից արվեստների միության նախաձեռնած «խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագրի երրորդ հանդիպումն ավելի մարդաշատ էր։ Այս անգամ հաղորդավար Ավետ Բարսեղյանը հյուրերի հետ քննարկեց Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը։

Բոլոր ժամանակների թերևս ամենամիստիկ ստեղծագործության երևանյան քննարկումը սկսվեց նախատեսվածից ավելի քան 30 րոպե ուշ: Պատճառն ամենևին էլ գերբնական չէր` նկարահանումն էր ձգձգվել։

Արդեն ձանձրացող հյուրերին օգնության հասավ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով Բուլգակովի ստեղծագործության հայերեն երկրորդ թարգմանության հրատարակման գործում իր ավանդն էլ ունի։ Հենց գրականագետն էլ հյուրի ուշացումը վերագրեց ստեղծագործության միստիկ աուրային և որպես խոսքերի ապացույց պատմեց, որ թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը այդպես էլ չի տեսել իր թարգմանությունը տպագրված։ Թարգմանիչը մահացավ գիրքը տպարան հանձնելու օրը։

Միայն իրեն հատուկ շռնդալից մուտքով Ակումբի սրահ ներխուժած Ավետը ցրեց միստիկ մթնոլորտը: Ու անմիջապես էլ անցավ ստեղծագործության քննարկմանը։

Շուրջ 30 հոգի կլանված լսում էին պատմությունն այն մասին, թե ինչպես առաջին անգամ Ավետն ընթերցեց այս ստեղծագործությունը, որը, ի դեպ, հաղորդվավարի կարդացած առաջին հայատառ գիրքն էր։

Բոլոր ժամանակների լավագույն գրքերի հարյուրյակում միայն «Ոճիր և Պատիժ» ստեղծագործությանը զիջող այս վեպն անտարբեր չի թողել միլիոնավոր ընթեցողների։ Բուլգակովի անկրկնելի ձեռագրով մատուցված Նազովրեցի Յեշուայի և Պիղատոսի, Մարգարիտայի ու գրողի, Վոլանդի և նրա շքախմբի մասին պատմությունները հավաքվածներից յուրաքանչյուրը մեկնաբանեց յուրովի, ու կարծիքների բախումն այս դեպքում խոսում է ստեղծագործության արժեքի մասին։

Սուտ կլինի ասել, թե երեկոյի ընթացքում ամբողջությամբ վերլուծվեց պարտադիր ընթերցանության ցանկում ընդգրկված վեպը։ Այնուհանդերձ սրահում գտնվեցին երկուս հոգի, ովքեր դեռ չէին կարդացել այն, ու միանշանակ, ընթերցողները բարի նախանձով էին լցված այդ երկուսի հանդեպ, քանզի նրանք դեռ պետք է բացահայտեն իրենց համար Բուլգակովի գործը։

Քննարկման կենտրոնում սատանային մարմնավորած Վոլանդն էր, ով թերևս բոլորի կողմից համակրանքի է արժանանում։ Բարու ու չարի, լույսի ու խավարի մասին քննարկումներն ինչ-որ տեղ հուշում էին, որ հետխորհրդային փոշին ամբողջությամբ չի ցրվել։ Քանզի այս ստեղծագործությունը «Ին»-ի և «Յանի»-ի հարթության վրա քննելը, մեղմ ասած, մակերեսային է։

Ինչպես Ավետն ասաց, մեկ հանդիպումը «Վարպետի ու Մարգարիտայի» վերլուծությունների ծովում անգամ կաթիլ չէ։ Ինքն իրեն «տափակ» երգեր գրող՚ բնորոշած հաղորդավարը խոստովանեց, որ ընթերցանությունից ստացած «ապտակը» առավել զգալի էր հայերենով։

Բնագիրը չթերագնահատելով՝ Ավետը շեշտեց այս գրքի հայերեն թարգմանության առավելությունները, քանզի հայերենի էներգետիկան ավելի միստիկ է դարձնում ստեղծագործությունը, որպես սակրալ լեզու, հայերեն ավելի է խորացնում այն։

Հաղորդավարն անկեղծացավ՝ իր համար նոր բառեր է բացահայտել, որպես օրինակ նշելով «ատամնապսակն» ու «տեսլապատրանքը»։

Այս թեմայով