24 Հունիս 2014, 11:17
4059 |

Ամռան ամենասպասված 10 հեռուստասերիալները

Ամեն օր ծագող միևնույն հարցը` ի՞նչ նայել այսօր: Oգնության են գալիս որակյալ սերիալները: Ամառային սեզոնի ամենաթարմ ու սպասված 10 սերիալներից որոշներն արդեն մեկնարկել են, գտնեք, ներբեռնեք ու վայելեք:

Crossbones
Ժանր` Արկածային, դրամա
Ստեղծող` Նիլ Քրոսս (Neil Cross)
Հեռուստաալիք` NBC
Էկրաններին է մայիսի 30-ից
Ամերիկյան պրոդյուսերների` ծովահենների թեման խաղարկելու հերթական փորձը: Էլի դեղնած ատամներով ու երկար մուրուքներով, ռոմի շիշը ձեռքերում ծովահեններ, էլի անծայրածիր օվկիոանոս, կիսաքանդ ու կեղտոտ հսկայական նավեր: Հիմա ուշադրության կենտրոնում Սև մորուքն է` նույն ինքը Ջոն Մալքովիչի (John Malkovich) դերակատարմամբ: NBC ընկերության այս հեռուստասերիալում Սև մորուքը սեփականաշնորհել է փոքրիկ կղզին, իրեն հռչակել է կղզյակի տերն ու տիրակալը ու իր ծովահեններին հրամայում է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր հատում են այդ կղզու սահմանները: Հետո այդ կղզում պետք է հայտնվի թագուհու լրտեսը մի կոնկրետ հանձնարարությամբ` Սև մորուքին ուղարկել այն աշխարհ:

 

Halt & Catch Fire
Ժանր` Պատմական դրամա
Ստեղծող`ՋոնաթանԼիսքո (Jonathan Lisco)
Հեռուստաալիք` AMC
Էկրաններին է հունիսի 1-ից
Կծած խնձորը Սթիվ Ջոբսին դարձրեց միլիոնատեր: Հետո նրա մասին ֆիլմ նկարահանվեց, հետո էլ գիրք տպագրվեց: Մարդիկ սիրում են սպիտակ ագռավների մասին երջանիկ ավարտներով պատմություններ: AMC հեռուստաընկերության հաջողված Mad men սերիալը շուտով ավարտվելու է: Հեռուստաընկերությունը կարիք ունի նոր հիթ թողարկելու: Halt & Catch Fire-ը խոստումնալի պրոեկտ է: Այն պետք է լրացնի ընկերության բացը: Սերիալը պատմում է 80-ականների համակարգչային ինդուստրիայի մասին: IBM ծաղկող ընկերության մենեջերը դուրս է գալիս աշխատանքից ու ցանկանում է ստեղծել իրենը: Նրան այդ գործում օգնում են խոստումնալի ինժիներն ու ամբիցիոզ ծրագրավորող աղջիկը:

 

The last ship
Ժանր` Ֆանտաստիկ մարտաֆիլմ
Ստեղծող`Հենք Ստեյբերգ (Hank Steinberg)
Հեռուստաալիք` TNT
Էկրաններին է հունիսի 22-ից
Էպիդեմիա, որ վերացրել է բնակչության 80%-ը: Աշխարհը կործանման եզրին է, ու ով պիտի փրկի աշխարհը, եթե ոչ ամերիկյան հատուկ գործակալների խումբը: Թրեյլերը վստահեցնում է, որ էկրանին ամեն ինչ պայթելու է, վառվելու է ու օդ է թռչելու: Չմոռանանք, որ պրոդյուսերների շարքում հայտնի պիրոման Մայքլ Բեյն (Michael Bay) է: Սյուժեն ծեծված է ու կանխատեսելի : Մնում է միայն սպասել ինչպես դա կխաղարկի TNT հեռուստաալիքը, որը կարողանում է նույնիսկ ամենապրիմիտիվ նախագծերից բարձր ռեյտինգներ բերել:

 

Tyrant
Ժանր` Քաղաքական թրիլեր
Ստեղծող`Հովարդ Գորդոն (Howard Gordon), Գիդեոն Րաֆֆ (Gideon Raff)
Հեռուստաալիք` FX
Էկրաններին է հունիսի 24-ից
Homeland սերիալի ստեղծողները նոր արտադրանք ունեն: Կրկին քաղաքական թրիլեր է, կրկին Մերձավոր Արևելքի մասին: Դիկտատորի որդին Ամերիկայում 20 տարի ապրելուց հետո հայրենիք է վերադառնում: Հայրենի հող է նրան բերում զարմիկի հարսանիքը: Հակառակի պես հենց այդ ժամանակաշրջանում երկրում լուրջ քաղաքական ճգնաժամ է սկսվում: Եկվորը ստիպված է լինում խառնվել գործերի, որոնց նա առնչվել չէր ցանկանա:

 

The Leftovers
Ժանր` Միստիկ դրամա
Ստեղծող` Դեյմոն Լինդելոֆ (Damon Lindelof)
Հեռուստաալիք` HBO
Էկրաններին է հունիսի 29-ից
Առանց որևէ պատճառի երկրի բնակչության 2 տոկոսը կրճատվում է: Թվում է` գլոբալ առումով կորուսոտը մեծ չէ, սակայն դա մեծ ազդեցություն է ունենում մի փոքրիկ քաղաքի վրա, որտեղ գրեթե բոլորը կորցնում են հարազատներից մեկին` երեխային, ծնողին կամ ամուսնուն: Կորուստը անդրադառնում է քաղաքի կյանքի ու առօրյայի վրա: Քաղաքում աղանդավորական խումբ է հայտնվում, որը սկսում է մեջից քանդել սոցիումը: Քաղաքում միակ մարդը, ով ջանում է կարգ ու կանոն հաստատել, ոստիկանության շերիֆն է (Ջաստին Տերու, Justin Teru): Սերիալի ստեղծագործական խմբում է Դեյմոն Լինդելոֆը` «Lost» սերիալի պրոդյուսերն ու համահեղինակը: Հենց նրա վրա է հիմնական խաղադրույքը կատարում HBO հեռուստաընկերությունը:

 

Extant
Ժանր` Գիտական ֆանտաստիկա
Ստեղծող`Միկկի Ֆիշեր (Mikki Fisher)
Հեռուստաալիք` CBS
Էկրաններին է հուլիսի 9-ից
Ալֆոնսո Կուարոնի (Alfonso Cuaron) «Գրավիտացիան» (Gravity) կրկին արդիական դարձրեց տիեզերքի ու տիեզերագնացության թեման ու CBS հեռուստաալիքը շուտ բռնեց ալիքը: Նկարահանեց ֆիլմ տիեզերքի ու կին տիեզերագնացի մասին, այն էլ ներառելով օսկարակիր Հոլի Բերիին (Halle Berry) գլխավոր դերում, իսկ Սթիվեն Սփիլբերգին (Steven Spielberg) գործադիր պրոդյուսերի պաշտոնում: Մեկ տարի բաց տիեզերքում, լիովին մենակ: Մեկ տարի հետո կին տիեզերագնացը վերադառնում է երկիր ամուսնու ու որդու մոտ: Մի քանի օր անց նա պարզում է, որ հղի է: Ինչպես: Հետո պետք է պարզ դառնա, որ նրա «գործուղումը» այդքան էլ ամնեղ չէր: Որ լուրջ սկանդալներ են հասունանում, որոնց կետրոնում հղի ու ապակողմնորոշված կինն է:

 

The Strain
Ժանր` Վամպիրական թրիլեր
Ստեղծող`Քարթոն Քյուզ (Carlton Cuse)
Հեռուստաալիք` FX
Էկրաններին հուլիսի 13-ից
Շապիկը արդեն իրենը ասում է: Այս սերիալը հանձն է առել Հոլիվուդի հրեշների մասնագետը: Նա է ստեղծել «Ֆավնի լաբիրինթոսը» (El laberinto del fauno) ֆիլմի հայտնի հրեշին, որի աչքերը ձեռքերի վրա են: Խոսքը իհարկե Գիլիերմո Դել Տորոյի (Guillermo Del Toro) մասին է: Հիմա պատկերացրեք սերիալ նրա կողմից, երբ նա ունի անսահմանափակ ժամանակ` լարված մթնոլորտ ստեղծելու համար: Հանգցված լույսերով, փակ դռներով ինքնաթիռը վայրէջք է կատարում Նյու-Յորքում: Այն լեփ-լեցուն է դիակներով: Որտեղից է եկել առեղծվածային ինքնաթիռը, ուր էր գնում, հայտնի չէ: Ամեն ինչ էլ ավելի է խառնվում, երբ դիակները սկսում են հերթով արթնանալ ու հարձակվել ուրիշների վրա` տարածելով վիրուսը: Այստեղ պարզ է դառնում, որ իրականում գործ ունենք վամպիր-հորորի հետ: Հետո պետք է վիրուսոլոգների խումբ ստեղծվի, որոնք էլ պետք է գլուխ հանեն ստեղծված իրավիճակից: Իր հարցազրույցներից մեկում Գիլիերմո Դել Տորոն ասել է, որ սերիալի հետ մեծ հույսեր է կապում, ու եթե ռեյտինգները չհիասթափեցնեն, այն կունենա առնվազն 4 սեզոն:

 

Manhattan
Ժանր` Կոնսպիրոլոգիական դրամա
Ստեղծող` ՍեմՇոու (Sam Shaw)
Հեռուստաալիք` WGN America
Էկրաններին է հուլիսի 27-ից
Տղամարդիկ իդեալական կոստյումներով են ու գեղեցիկ սանրվածքով: Կանայք կարմիր շրթներկով, ատամների արանքում էլ ծխախոտ: Ռետրո սերիալները մեծ ռեյտինգներ են հավաքում, առավել ևս եթե Երկրորդ համաշխարհայինի տարիներն են` իրենց գաղտնիքներով ու մութ անկյուններով: WGN America հեռուստաընկերության սերիալը պատմում է հայտնի Մանհեթենյան նախագծի մասին: Մի խումբ գիտնականների ուղարկում են փակ քաղաք, որտեղ նրանք պետք է ատոմային ռումբ ստեղծեն: Արդեն պարզ է, որ սերիալում գաղտնիքների ու ինտրիգների պակաս չի լինելու: Գիտնականները գաղտնի են պահում իրենց գործունեությունը իրենց կանանցից ու նույնիսկ մեկը մյուսից, ու միայն դիտողը իրականում գիտի, թե ինչ է կատարվում փակ քաղաքի դարպասներից ներս:

 

The Honorable Woman
Ժանր` Լրտեսական թրիլեր
Ստեղծող`Հյուգո Բլիք (Hugo Blick)
Հեռուստաալիք` Sundance Channel
Էկրաններին է հուլիսի 31-ից
Sundance Channel-ի «Rectify» ու «Top of the Lake» սերիալները մեծ ռեյտինգներ բերեցին ու միանգամից դրանից հետո հեռուստաընկերությունը նկարահանեց շատ պրիմիտիվ սցենարով «The Red Road» սերիալը: Այն տապալվեց ու ոչ մի ռեյտինգ չբերեց ստեղծողներին: Հիմա Sundance Channel-ը խնդիր ունի վերականգնելու նախկին համբավը: Նա էկրաններ է բարձրացնում արդիական ու սուր թեմա: Ուշադրության կենտրոնում է իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Նեսի Շթայնը (Մեգի Ջիլենհոլ, Maggie Gyllenhaal) իր հոր մահից հետո ժառանգում է զենքերի բիզնեսը ու ստիպված լինում այն ինքնուրույն տնօրինել: Աշխատանքը նրան նոր մանրամասներ է բացում Իսրայելի ու Պաղեստինի հարաբերությունների մասին, որոնցում զենքը բազում խնդիրներ է լուծում:

 

The Knick
Ժանր` Բժշկական թրիլեր
Ստեղծողներ` ՋեքԷմիել (Jack Amiel), ՄայքլԲերգեր (Michael Berger)
Հեռուստաալիք` Cinemax
Էկրաններին օգոստոսի 8-ից
Սթիվեն Սոդերբերգը (Steven Soderbergh) մասամբ էր ճիշտն ասում, երբ հայտարարում էր, որ հեռանում է էկրանից: Մեծ էկրանից հեռացավ ու տեղավորվեց փոքր էկրաններում: Սոդերբերգի նոր հեռուստասերիալը պատմում է 20-րդ դարի սկզբին գործող բժշկական կլինիկայի մասին: Գլխավոր դերում Քլայվ Օուենն (Clive Owen) է` էլեգանտ բեղերով ու արնաշաղաղ խալաթով: Ստեղծողները խոստանում են, որ The Knick-ը լինելու է այս տարվա ամենաինտելիգենտ սերիալը:

Շնորհակալություն Kinetoon-ին նյութը մշակելու և GQ-ին` ինֆորմացիոն աղբյուր ծառայելու համար

 

Այս թեմայով