23 Հունիս 2014, 13:17
2085 |

Երևանում տոն է, թող բոլորը գան

Ամառային գիշերահավասարը՝ տարվա ամենաերկար օրն արդեն անցյալում է, անցյալում է նաև Երաժշտության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է հենց հունիսի 21-ին՝ սկսած 1982-ից, աշխարհի ավելի քան 460 քաղաքներում։ Imyerevan.com-ը շրջեց մայրաքաղաքի միջոցառումառատ փողոցներով ու մուշտարու աչքով դիտարկեց երևանյան «երկարօրյա» միջոցառումները։ Հունիսի 21-ին վարդագույն քաղաքում տեղի ունեցան նաև համերգներ ջազային, փողային նվագախմբերի մասնակցությամբ։ Բակերում ու փողոցներում անհատ կատարողները ներկայացնում էին իրենց ստեղծագործությունները։

Ազատության հրապարակը բազմամարդ տեսնելը վաղուց արդեն զարմանքի առիթ չէ։ Միակ տարբերությունն այս անգամ հրապարակում տեղղադրված դաշնամուրն էր։ Քաղաքում արդեն աչքի ընկած սև անձրևանոցավորներն էլ դաշնամուրի պատվո պահակախումբն էին։ Առաջին հայկական բալետային փսիխոդրամայի հեղինակ ՊԻԿ մշակութային կենտրոնը փորձել էր երաժշտությունը համերգասրահների պատերից դուրս հանել։ Արմեն Լևոն Մանասարյանի և Ալեքսանդր Իրադյանի բացօթյա իմպրովիզային կատարումներին հետևում էին ինչպես Օպերայի բակի մշտական «բնակիչ» ռոլլերները, այնպես էլ երաժշտության ձայներից կլանված բազմաթիվ այլ երևանցիներ։ «Բաց» դաշնամուրի գաղափարն անտարբեր չթողեց նաև Ռոբերտ Ամիրխանյանին, ով Երևանի սրտում երևանցիների սրտերը լցրեց հին ու սիրված հիթերով։


Երևանի ամենաերիտասարդ այգիներից մեկում' Սիրահարներում, «տժժում» էին երիտասարդները։ Այս հարթակում ռոք էր։ The Band, Windrose խմբերը գուցե շատերի համար նորություն էին, սակայն անմիջապես սիրվեցին քմահաճ ռոքասեր հասարակության կողմից։ Իսկ օրվա ավարտին The Beautified Project-ը մինչ ուշ գիշեր հավաքվածներին պահեց բեմահարթակի մոտ։

 


Մայրաքաղաքի ամենահայտնի բեմահարթակը' Կասկադը նույնպես երաժշտառատ էր։ Թամանյանի «թիկունքում» հեղինակները պաշտպանում էին իրենց իրավունքները։ «Հայ Հեղինակ»-ի ջանքերով կազմակերպված համերգի գերխնդիրը հանրությանն իրազեկելն էր հեղինակների և կատարողների իրավունքների մասին։ Իրենք' երաժիշտները, մեծ ոգևորվածությամբ էին կատարում իրենց ստեղծագործությունները, հուսալով հասարակությանը ականջալուր դարձնել հեղինակային իրավունքի պաշտպանությանը։

 


Անմասն չմնած նաև Աֆրիկյանների ակումբի շենքը, կամ այն, ինչ դեռ մնացել է այդ շենքից։ Ակումբի ապամոնտաժմանը դեմ ակտիվիստները Տերյան 11-ը համերգասրահի էին վերածել։ Իհարկե, համերգը երկար չտևեց. ակտիվիստներն ու ոստիկանները կրկին թեթև բախում ունեցան, ինչը վերջ դրեց համերգային երեկոյին։

 


Ոստիկաններին հետ ոչ մի խնդիր չունեցավ Օպերայի բակում տեղի ունեցող Ֆրեսկո միջազգային փառատոնը, որի բացումը համընկել էր Երաժշտության օրվա հետ: Իրենք՝ ֆրեսկոցիները կարծում են, որ փառատոնը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը: Ինչևէ, համընկումներով լի փառատոնը Կարապի լճի շուրջ էր հավաքել երկրի գրեթե բոլոր սքեմավորներին: Սևազգեստ հոգևորականները Հայաստանի բոլոր մարզերից եկել էին ներկա գտնվելու արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնին:

Այս թեմայով