05 Հունիս 2014, 15:47
1882 |

Իտալացու անհավանական արկածները Հայաստանում

Իտալացի գեղանկարիչ Բրունո Բրունին կրկին Հայաստանում է. այս անգամ առիթն իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան էր։

Ցուցադրումը փոքր ինչ ձգձգվեց. լրագրողները, կարծես թե, տնային աշխատանքը լավ էին պատրաստել ու նկարչին երկար բաց չէին թողնում՝ իրար հերթ չտալով կրակելով կուտակված հարցերը։ Կազմակերպիչներն էլ անսովոր վազքի մեջ էին, թվում էր՝ ինչ-որ բան ծրագրավորվածի պես չէր ընթանում։ Չնայած արտաքուստ լարվածությանը՝ ֆիլմի հեղինակ Նարեկ Բախտամյանն անհոգ ժպիտով դիմավորում էր հյուրերին ու հրավիրում հարմար տեղ զբաղեցնել The Club-ի սրճարանում։

Երբ ի վերջո դադարեց լրագողների հարցերի տարափը, լույսերը հանգեցին, էկրանին հայտնվեցին Բրունիի մասին պատմող վավերագրական ֆիլմի առաջին կադրերը։ Մի քանի րոպե անց սրահով անցավ ծիծաղի թեթև ալիք ու հեղինակը փոքր-ինչ թեթևացած շունչ քաշեց. եթե հանդիսատեսին ծիծաղեցնում ես, ուրեմն ամեն ինչ լավ է։

Դիտումից հետո նախատեսվում էր քննարկում վարպետի հետ, բայց ֆիլմի որոշ դրվագներ հանդիսատեսին ստիպեցին ավելի շուտ սկսել այն։ Երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կիսվեց իր գաղափարով, թե արվեստի գործերը տանը պետք չէ պահել՝ կորցնում են իրենց հմայքը, հավաքված արվեստագետները սկզբում շշուկով, այնուհետեւ՝ անկաշկանդ սկսեցին քննարկել, թե արդյոք դա այդպես է ու ի՞նչ անել, որ նախարարը միտքը փոխի։ Ընդհանուր հայտարարի, կարծես, չհասցրեցին գալ, բուռն արձագանքի երկրորդ ալիքը ընդհատեց քննարկումը: Բրունիի եռանդն ու կենսուրախությունը առաջացրել էին ֆիլմի հեղինակի հիացմունքը. նա Բրունիին օրինակ բերեց իր այն հայրենակիցներին, ովքեր «հիսուն տարին բոլորելուն պես սկսում են ծրագրել իրենց թաղումը»։ Կինոդիտմանը ներկա բացարձակ մեծամասնություն կազմող հիսունն անց արվեստագետները բորբոքվեցին. «այ Նարեկ ջան, էս ի՞նչեր ես ասում»։

Այնուամենայնիվ, արվեստագետները մեծահոգի գտնվեցին, հատկապես որ էկրանին շարունակվում էին Բրունո Բրունիի հայաստանյան բացահայտումները՝ Ազգային պատկերասրահ, երևանյան զբոսանքներ, ճաշկերույթ Օհանավանի այգում, մշակութային ծրագիր Վաչե ու Քուրդ Վաչուտյանների կառուցած Սաղմոսավանքի վանական համալիրում։

Ֆիլմի ավարտից հետո հայ արվեստագետները քննարկեցին Բրունիի հետ նրա ստեղծագործությունները, մարմարի օգտագործման նրբությունները, Չէ Գևարայի բարոյական կերպարը։ Ֆիլմի հեղինակ Նարեկ Բախտամյանը պատմեց, որ նկարահանման ընթացքում ստեղծագործական խումբը փորձում էր չխառնվել նկարչի առօրյային, ուղղակի վավերագրել այն, երբեմն՝ փոքր ինչ օգնել։ Եվ իրոք, էկրանին հայտնված կադրերում հստակ երևում է, որ նկարահանումների ընթացքում նրանց հաճախ կարելի էր տեսնել անսովոր կարգավիճակում. ռեժիսորն ու օպերատորն օգնում են նկարչին էքսպոզիցիան ստեղծելու ընթացքում: Շարֆից անբաժան Նարեկն էլ վարպետի համար ընթրիք է պատրաստում։

Իտալացի նկարիչ, լիտոգրաֆիստ, քանդակագործ Բրունո Բրունիի հետ հանդիպման ավարտին նա խոստովանեց, որ իր հետ Հայաստանից կտանի միայն ջերմ հիշողություններ: Կոնյակ չի տանի. ասում է՝ ալկոհոլի հանդեպ չափից դուրս մեծ սեր կառաջանա։

Այս թեմայով