18 Մայիս 2014, 14:29
565 |

Սելֆիներ, նվերներ ու հերթեր

«Մինչև ժամը 6-ը մուտքը վճարովի է: Անվճար գիշերը դեռ չի սկսվել». այսպես թանգարանային գիշերը դեռ չսկսած ու արդեն նկատողություն ստացած սկսեցինք թանգարանային երթուղին ես ու լուսանկարիչը... Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թանգարանային գիշերվա համար Մշակույթի նախարարությունը հրապարակեց թանգարանների ու միջոցառումների հսկայական ցանկ։ imyerevan.com-ը առանձնացրեց այն միջոցառումները, որոնք տարբերվում էին ընդհանուրի ֆոնին և որոնց հաստատ արժեր ներկա գտնվել: Նախապես որոշված պլանով, ժամացույցով ու նոթատետրով ճամփա ընկանք։


16:30
Ս. Փարաջանովի թանգարան
Մուտքի մոտ մեզ դիմավորեց թանգարանի հաշվապահը ու ինչպես, արդեն, նշեցի, նկատողություն արեց անհամբեր գտնվելու համար։ Ինչևէ, օրը տոնական էր, ներվեցինք ու ներեցինք ու հենց հաշվապահի ուղեկցությամբ էլ դիտեցինք Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների` Ս. Փարաջանովին նվիրված ցուցահանդեսը: Ի դեպ, հաշվապահ Արամ Գաբրիելյանը անկեղծացավ ու պատմեց, որ այդ օրը չպետք է աշխատեր, բայց իմանալով գործընկերների «գլխի գալիքը», եկել էր նրանց օգնելու:
«Այն 3 000 այցելուն, որ տարվա ընթացքում հերթով պիտի գան, այսօր են գալիս ու հետո ամբողջ տարին թանգարաններին թողնում սոված-նստած»,-սրտնեղեց հաշվապահը` հավելելով, որ Հայաստանը ոչ Փարիզն է, ոչ Հռոմը, որ թանգարաններն այցելուի պակաս չունենան, իսկ մուտքի տոմսն այնքան արժենա, որ հնարավոր լինի «պլան կատարել»։ Բացի այդ, չեմ հասկանում՝ ինչ հաճելի բան գա իրար հրմշտելով թանգարան գնալու մեջ»: Ու քանի որ դեռ այցելուներ չկային ու մեզ չէին հրմշտում, առիթից օգտվելով հանգիստ վայելեցինք մեծ ռեժիսորին նվիրված թարմ ցուցադրությունը, որից հետո հրաժեշտ տվեցինք թանգարանի սրտնեղած հաշվապահին:

 


17:00
«Զորավար Անդրանիկ» թանգարան
Մեր այցի պահին թանգարանի բակում բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը պատմում էր զորավարի կյանքի հայտնի ու անհայտ դրվագները: Քիչ էր մնում նախորդ այցի տխուր տրամադրությունն այստեղ էլ շարունակվեր, որովհետև նա հանկարծ հիշեց, որ վերջին տարիներին հայկական ԶԼՄ-ները ոչ մի անգամ եթեր չեն հեռարձակել զորավարին բնորոշող ամենալավ երգերից մեկը` «Ինչպես արծիվ, սավառնում ես լեռ ու ժայռ»-ը։ Իրավիճակը փրկեցին Արտաշատի, Աբովյանի ավագ դպրոցների սաները, որոնք դուրս թռան թրերով, տարազով ու սկսեցին հայրենասիրական երգեր երգել: Ճիշտ է, վերոնշյալ երգն այդպես էլ չհնչեց, բայց փոխարենը երեխաները հրմշտելով, իրար ձեռքից խլելով բարձրախոսը, մեծերի դիտողությունների ներքո երգեցին «Ձայն տուր, ով ֆիդայ», «Արդյոք ովքե՞ր են» երգերը: Ռազմահայերնասիրական տրամադրությունը շարունակեցին դերասանուհի Ժենյա Ավետիսյանն ու ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, բայց մենք արդեն հեռու էինք:

 


18:08 Գաֆէսճեան արվեստի կենտրոն 
Մանկական երգ ու պարը թողնելով պանթեոնում՝ ուղևորվեցինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ ևս երեխաները անմասն չէին մնացել տոնից: Թեև մեր այցի պահին նրանք արդեն այնտեղ չէին, բայց առավոտյան թանգարանում հետաքրքիր էր եղել: «Կախարդական լաբիրինթ» նոր կրթական ծրագրի շրջանակներում փոքրիկները հնարավորություն էին ստացել ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին, ինչպես նաև նրա ոճով  կոլաժներ էին պատրաստել` օգտագործելով ընդեղեն և այլ բնական նյութեր: Երեխաների մեկ այլ խումբ էլ ճարտարապետ Վազգեն Բրուտյանի օգնությամբ եռաչափ «հունդերթվասերյան» շենքեր ստեղծելու գաղտնիքներ էր բացահայտել: Գաֆէսճեանում նաև նոր ցուցադրություն էր բացվել` «Կերպափոխվող իրականություն. նորարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում»: Թեև այս սրահը մարդաշատ չէր, բայց թանգարանում եռուզեռ էր: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ այցելուների պակաս չի եղել ու չի էլ լինի:

 


18:44 Ա. Խաչատրյանի տուն-թանգարան
Հաջորդ կանգառ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի մուտքի մոտ արդեն հասկացանք, որ ներսում ինչ-որ բան է կատարվում: Անսովոր աժիոտաժի «անմեղ մեղավորը» «Գեղադիտակն» է: MobilActif հավելվածի միջոցով աշխարհի  թանգարանների այցելուներն այս գիշեր հնարավորություն էին ստացել իրենց «սելֆին» տարածել ամբողջ Եվրոպայով: Այս թանգարանի աշխատակիցները ևս չէին դիմացել գայթակղությանը ու համընդհանուր խրախճանքին մասնակցելու փորձեր էին անում։ Դեռևս անհաջող, որովհետև համաեվրոպական ցանցում ոչ մի կերպ չէին գտնում իրենց, հավանաբար, տեխնիկական խնդիրների պատճառով: Մի քիչ նայել-կարեկցելուց հետո բարձրացանք վերև: Սրահում երեխաները նկարում էին, աշխատակցուհին 5-6 այցելուի համար պատմում էր Արամ Խաչատրյանի սիրո պատմությունը, իսկ դահլիճում դիմակների ցուցադրություն էր: Ժամը 19:00 –ին միացան «Բարեկամություն» համույթի պարողներ Հրաչյա և Անահիտ Բադալյանները: «Վալսի» գաղտնիքներին տիրապետել ցանկացողների պակաս չզգացվեց, բայց քանի որ մեր երթուղում դեռ բազմաթիվ թանգարաններ կային, ես ու լուսանկարիչը «վալս» պարել, ցավոք, նորից չսովորեցինք:

 


19:30 Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
Վալսի հնչյունները ականջներում՝ հասանք ջազով ողողված այս թանգարան, որտեղ  մուտքի մոտ աշխատակիցները թախանձագին խնդրում էին գրանցվել: Բայց ի՞նչ գրանցվել, ի՞նչ ստորագրություն ու էլեկտրոնային հասցե, երբ կողքի սրահից նման կախարդական երաժշտություն էր հնչում. Վահագն Հայրապետյանն ու Արմեն Հյուսնուցն են արարում: Բացի այս մեկից, մնացած սրահները դատարկ էին: Թանգարանում ջազ էին լսում... Աշխատակցուհիների խոսքով, շատերը անգամ չգիտեին, որ համերգ կա ու հենց մուտքի մոտ լսում են հնչյունները, գերված ներս են մտնում ու արագ տեղավորվում ջազի սրահում: Ջազը ակամայից անարդարացիորեն ստվեր գցեց կողքի սրահում ցուցադրված բրոնզեդարյան ժայռապատկերների ոճավորումներով դիմակների ցուցահանդեսի վրա: Մինչդեռ այն բավականին տպավորիչ տեսարան էր։

 


20:24 Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
Թանգարանի բակում դարձյալ երաժշտություն էր` այս անգամ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ։ Ինչպես և ամենուր, այստեղ նույնպես տիրում էր սելիֆիամանիա, կար նաև, ինչպես և նախորդ տարի, կակաո Սպենդիարյանի բաղադրատոմոսով: 10 րոպեից ավելի կազմակերպիչներից մեկին ջանասիրաբար համոզում էինք բացահայտել բաղդարատոմսի գաղտնիքը, բայց ապարդյուն. գոնե թեթևակի հուշում էլ չստացանք։ Թողեցինք գաղտնապահ սպենդիարյանականներին, հեռախոսների ու թաբերի մեջ ներփակված «սելֆիամոլներին» ու շարունակեցինք ճանապարահը:

 


21:09
Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
Այստեղ մեր բախտը չբերեց: Ներս մտանք, թե չէ, համերգն ավարտվեց: Բառի բուն իմաստով՝ հնչեց վերջին ակորդը։ Թանգարանում հայկական ռոմանսների երեկո էր: Անհասկանալի պատճառով հատկապես մարդաշատ էին Իսահակյանի ննջարանն ու աշխատասենյակը: Միջանցքում մի երիտասարդ հայրիկ աշխատակցուհուն համոզում էր, որ թանգարանը պետք է գիշերները բացեն, որովհետև «գիշերը վարպետի տունը խորհրդավոր է»։ Վերջինս էլ պնդում էր, որ «ցերեկն էլ իր հմայքն ունի, երբ վարպետի տունն իր պես հանգիստ է»:

 


21:30
Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
Քարեր, մետաղ, քարեր, հսկա մամոնտ ու էլի քարեր՝ թվում է, թե ուրիշ էլ ինչ պիտի լինի երկրաբանական թանգարանում, բայց երեկ գիշեր այնքան էլ այսպես չէր: Զարդեր էին ու աստղիկներ: Մուտքի մոտ բոլոր այցելուներն իրենց անուններով գունավոր աստղիկներ էին փակցնում, հետո միայն առաջ անցնում ու դիտում զարդերի տպավորիչ հավաքածուն: Գեղեցիկ, հսկա զարդեր, որոնք հաստատ ամբողջական պատկերացում կտան Հայաստանում զարդարվեստի մասին: Դժվարությամբ կտրվելով այս սրահից՝ դիտեցինք նաև դարբնագործության մի քանի նմուշներ, ականջալուր եղանք հայկական մետաղադրամների պատմությանը ու մտամոլոր շարունակեցինք ճանապարհը:

 


22:00
Քոչարի թանգարան
Քոչարի թանգարանում անսպասելի, անըմբռնելի, անվերջանալի հերթ էր։ Ասես այստեղ էր տեղափոխվել Թումանյանի թանգարանում մեզ սպասող «Այ քեզ բան» միջոցառումը: Մեր այցելած թանգարաններից միակն էր, որտեղ փողոցի երկայնքով  մարդիկ հերթ էին կանգնած: Եվ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, սկիզբ առան կատակներ այն մասին, որ ներսում հաստատ մի բան բաժանում են: Ամեն կատակի կեսը ճիշտ է, ներսում իսկապես ինչ-որ բան էին բաժանում։ Խաղարկություն էր, որի բովանդակությունը հետևյալն էր` տարրայից թուղթ հանել, թղթի վրա գրված իրը ստանալ նվեր: Գրքեր, նկարներ, նոթատետրեր, շապիկներ, նկարազարդ սպասք… Մի խոսքով, բազմությունը խաղարկության սեղանի շուրջն էր ու անհամբեր սպասող հերթի մեջ, իսկ փոքրամասնությունը` Քոչարի ստեղծագործությունների դիմաց:

 


22: 37
Հովհ. Թումանյանի թանգարան
Թանգարանը լի էր այցելուներով, թեև ոչինչ չէին բաժանում: Մուտքի մոտ սիրիահայերի տոնավաճառ էր: Նրանք պատմեցին, որ նկարներն ու ձեռագործ աշխատանքները վատ են վաճառվել, փոխարենը լավ վաճառվում են արդուզարդերը: Ու քանի որ ամբողջ օրը սպասել էինք, որ իմանանք ի վերջո ինչ է «Այ քեզ բան» միջոցումը, անմիջապես սկսեցինք փնտրել տեղեկացվածներին: Թանգարանի տնօրեն տիկին Թուխիկյանը պատմեց, որ այցելուներից մեկին ցույց էին տալիս Թումանյանին պատկանող առաջին հայացքից արտասովոր մի իր և հարցնում էին, թե ինչի համար է այն: Բանիմացներին խրախուսում էին, իսկ անտեղյակներին պատմում այդ իրի նշանակության ու դերի մասին։ Ամենայն հայոց բանաստեղծի կենցաղում շատ արտասովոր իրեր կային, այցելուներին զարմացել իսկապես հաջողվում էր: Թանգարանի հաջորդ հետաքրքիր նախաձեռնությունը բաժակաճառերի մրցույթն էր: Ի դեպ, այն դեռ մի քանի ամիս կշարունակվի: Պետք է պարզապես ուղարկել սեփական արտադրության բաժակաճառը համապատասխան էլեկտրոնային հասցեին: Թանգարանի տնօրենի խոսքով, աշնանը մեծ միջոցառմամբ մրցույթը կամփոփվի ու լավագույնները կարժանանան մրցանակների:

Հ. Գ.
Մեր թանգարանային ճամփորդությունն ավարտվեց կեսգիշերից քիչ առաջ: Իհարկե, ամենը չֆիքսեցինք, օրինակ, մեր երթուղում կար նաև Չարենցի թանգարանը, որտեղ որոշել էինք ներկա գտնվել կարաոկե-մրցույթին, չէ որ ամեն օր չէ, որ Չարենցի թանգարանում կարաոկե կլսես։ Բայց միաժամանակ երկու վայրում հայտնվել այս տարի նույնպես չհաջողվեց:

Այս թեմայով