13 Մայիս 2014, 21:10
1637 |

Մի անգամ հայն ու ճապոնացին…

Հայաստանն ու Ճապոնիան չափազանց տարբեր են ընդհանրություններ ունենալու համար: Ազգային գաղափարաբանությունն ու փիլիսոփայությունը բոլորովին տարբեր ուղղություններով են տանում: Բայց արի ու տես, որ այսօր՝ 21-րդ դարում, երկու երկրներում էլ գտնվում են արվեստագետներ, ում աշխատանքները միմյանց կողքին տեսնելիս ոչ մի իրարամերժ զգացողություններ չեն առաջանում:

Մայիսի 11-ին Երևանի «Ոսկեդար» պատկերասրահում, իսկ մայիսի 12-ին Գյումրու Gallery 25-ում բացված «Հայ և ճապոնական  ժամանակակիցարվեստ» ցուցահանդեսը դրա վառ վկայությունն է: 43 արվեստագետներ Հայաստանից և Ճապոնիայից ներկայացնում են արդի արվեստի իրենց ստեղծագործությունները, որոնց միջոցով կարող ես գնահատել ու համեմատել այսօրվա հայ ու ճապոնացի հեղինակների աշխարհընկալումները, հուզող խնդիրներն ու, ինչու ոչ, գեղագիտական ճաշակը: Աշխատանքների թվում կան և՛ գեղանկարչական, և՛ քանդակային ստեղծագործություններ, ընդ որում՝ ճապոնական աշխատանքները հատկապես աչքի են ընկնում կիրառված նյութերի բազմազանությամբ:

Նախագծի համադրող Արա Հայթայանի համոզմամբ՝ արդի կերպարվեստի զուգահեռ իրականությունների հանդիպումն առավել բերում է հարցականների, քան եզրահանգումների. «Այցելուն հնարավորություն է ունենալու բացահայտել, թե ինչ եզակիությամբ են առանձնանում կամ հակառակը՝ զուգադիպում ճապոնական և հայկական արվեստի անհատական կամ հավաքական առասպելները: Ավանդականի և արդիականի, լրջության ու սարկազմի, գեղարվեստի արժեքիև առօրյա էսթետիկ առարկայի ինչպիսի° մեկնաբանումներ է առաջ քաշում մերօրյա ստեղծագործողը: Սրանք այն հարցադրումներն են, որոնց շուրջ համադրվել է ցուցահանդեսը»:
Ճապոնիան ներկայացնում են 21 արվեստագետներ, որոնց թվում են լուսանկարիչ Տաքուջի Շիմուրան, Տակաո Օչին, գրաֆիկական արվեստի հռչակավոր վարպետ Տագա Շինը, ճանաչված աբստրակտ նկարչուհի Կեյկո Արային, ինչպես նաև երաժիշտ Յուկիհիկո Յակաբեն, որը յուրօրինակ երաժշտական փերֆորմանսով ներկայացավ: Հայկական կերպարվեստն իր հերթին ներկայանում է 22 հեղինակների աշխատանքներով, որոնց թվում՝ Սամվել Չիբուխչյանի, Աշոտ Հարությունյանի, Արփի Վարդանյանը, Վահան Թոփչյանը, Ճալան և այլն:

Հատկանշական է, որ այս ցուցահանդեսը Հայաստանի և Ճապոնիայի միջև 7 տարվա համագործակցության հերթական արտացոլումն է, որը սկիզբ է առել ճապոներենի մասնագետ Վարդիթեր Հարությունյանի, գեղանկարիչ Արա Հայթայանի և «Գինզա 1 Ճյումե» պատկերասրահի տնօրեն Մակի Միկիկոյի նախաձեռնությամբ: Սկսած 2007-ից՝ ցուցադրություններն ու այլ արվեստային նախագծերը տեղի են ունեցել Հայաստանի, Եվրոպայի, Ճապոնիայի տարբեր արվեստի հարթակներում: Իսկ «Հայ և ճապոնական ժամանակակից արվեստ» ցուցահանդեսը Երևանում և Գյումրիում բաց կլինի մինչև մայիսի 16-ը: 

Այս թեմայով