28 Ապրիլ 2014, 12:18
1904 |

Մոգական ափսեների զրնգոցը

Նվագախմբի վերջին շարքի հերոսները՝ հաճախ անտեսանելի, երբեմն՝ չհասկացված, բայց միանշանակ անփոխարինելի ու կարևոր։ Ծնծղաների վարպետը՝ գործիքների անհայտ անցյալի ու թաքնված դժվարությունների մասին։

Դեռ մանկուց դասական երաժշտության համերգներ այցելելիս ես ավելի մեծ հիացմունքով նայում էի երաժիշտներին, քան լսում մեղեդիները: Ինձ կախարդում էր այդ ծեսը՝ լի թաքնված իմաստներով: Ինչպես էր նրանցից յուրաքանչյուրը լարում իր գործիքը, ողջունում դիրիժորին, լարային գործիքների աղեղները սավառնում օդում՝ նրբագույն թիթեռների երամի պես: Ամենից շատ գրավում էին վերջին շարքում կանգնած մարդիկ: Նրանք հիմնականում նստած էին ու լավ չէին երևում, համերգի ընթացքում միայն մի քանի անգամ կանգնում էին, հարվածում գործիքներին ու նորից զբաղեցնում իրենց տեղը: Ինձ անընդհատ տանջում էին հարցեր, որոնք իմ պատանեկության տարիներին թվում էին առնվազն անպարկեշտ, ինչի պատճառով էլ համարձակություն չունեի բարձրաձայնելու: Ի՞նչից հետո է մարդը որոշում դառնալ «ափսեներն իրար խփողը»: Ի՞նչ են նրանք անում ամբողջ համերգի ընթացքում, երբ զբաղմունք չունեն: Գուցե գիրք են կարդում կամ ևս մեկ անգամ լսում սիրելի ստեղծագործությունը: Այդպես էլ կմնայի իմ ամոթալի անգրագիտությամբ պարուրված, եթե օրերից մի օր մասնագիտության բերումով չշփվեի Արսեն Տեր-Տաճատյանին՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի սոլո տիմպանահարի հետ:

Պարզվեց, որ երաժշտական դպրոցում հարվածային գործիքների բաժինն ամենամեծն է: Ստեղնաշարային կամ, օրինակ, լարային բաժիններում մասնագիտացողներն աշխատում են միայն մեկ գործիքով: Ի տարբերություն նրանց, հարվածային գործիքների երաժիշտները պետք է յուրացնեն բոլոր տարատեսակները՝ լիտավրներ, քսիլոֆոն, վիբրոֆոն, զանգակներ, թմբուկ, եռանկյունի, տամ-տամ, մարիմբա, դհոլ, ցիմբալ և այլն: Կարելի է դեռ երկար թվարկել, բայց, կարծում եմ, անծանոթ տերմինների անհրաժեշտ չափաբաժինն արդեն ստացաք:

Արսեն Տեր-Տաճատյանը պատմում է. «Խորհրդային ժամանակներում մի կատակ կար՝ ոչ մի տեղ չընդունեցին, գնաց հարվածային գործիքների բաժին: Չեմ ուզում գլուխ գովել, բայց մեր աշխատանքն ավելի շատ է, քան թվում է: Սկզբում սովորում ես նվագել փոքր թմբուկը, որովհետև միայն դրա վրա է հնարավոր կատարելագործել նվագելու տեխնիկան: Բարձրագույն վարպետության հասնելու դեպքում փայտիկը, որով նվագում ես, դառնում է ձեռքիդ շարունակությունը: Երբ աշակերտը բավականին փորձ է կուտակում փոքր թմբուկի վրա, կարող է անցնել ավելի բարդ գործիքի, օրինակ՝ քսիլոֆոնի:

Ի զարմանս ինձ, իրականում գոյություն չունի «ափսեներ խփող» մարդ: Կա մեկը, որն ամբողջ համերգի ընթացքում մեկ գործիքից անցնում է մյուսին: Արսենն պնդում է, որ սովորական համերգի ընթացքում կարող է նվագել 5-8 գործիքների վրա: Իսկ «ափսեները» հայերեն անվանում են գեղեցիկ «ծնծղա» բառով:

Ինչպե՞ս են սովորում նվագել այդ հարվածային գործիքները, գոյություն ունի արդյոք նոտայի տետր և ի՞նչ է այնտեղ գրված: Գուցե ափսեների ներսի հատվածում կան օկտավաների բաժանումներ: Իրականում, իհարկե, կան նոտայի տետրեր, գրքեր ու նույնիսկ հնարավոր է գամմա նվագել: Պաշտոնական սահմանմամբ գամման անորոշ երկարության ձայնաշար է, որտեղ հերթական աստիճանները միմյանցից բաժանվում են կես կամ ամբողջ տոնով: Հարվածային գործիքների դեպքում տարբերությունն այն է, որ գամմաներում միայն մեկ նոտա է: Օրինակ, փոքր թմբուկի դեպքում այդ նոտան «դո»-ն է: Կարևորը ռիթմն է, նոտաների տևողությունը:

Բնականաբար, անհնար էր դիմադրել ու չփորձել ինքնուրույն որևէ ձայն դուրս բերել գործիքներից: Ընտրեցի քսիլոֆոնը՝ մտածելով, որ թե բան դուրս չգա, ներկաների մոտ ջղաձգումներ չեն սկսվի վատաձայնություններից, նույն ինքը՝ կակոֆոնիա: Գործիքի կողքին դրված էր բազմաթիվ փայտիկներով լի պլաստիկ տոպրակ, որոնցից յուրաքանչյուրի վրա տարբեր գույների «գլխարկներ» էին գործած: Կային նաև առանց գլխարկի փայտիկներ: Գույնզգույն գլխարկները սեփական առանձնահատկությունն ու ճաշակն արտահայտելու համար չեն: Իրականում դրանք ազդում են ձայնի վրա: Ընտրելով մեկը՝ նրբորեն հարվածեցի, ավելի ճիշտ՝ հպվեցի ստեղնին: Գործիքը խուլ տնքաց: Ներկաների զուսպ ծիծաղի ներքո մի քանի անգամ էլ փորձեցի լեզու գտնել քսիլոֆոնի հետ, հետո ճարահատյալ հանձնեցի փայտիկը մասնագետին:

Հերթը հասավ ծնծղային։ Նրանց հետ առհասարակ բարդ է, պետք է կատարյալ իմանալ գործիքի ամեն միլիմետրը, այլապես ցանկացած սխալ շարժում, ձեռքի դիրք, հարվածի ուժգնություն կարող է փչացնել ամբողջ համերգը: Փաստորեն, սխալվում էի` թերագնահատելով ծնծղաները, որոնք յուրահատուկ ու բարդ գործիք են:

Բարեբախտաբար, միակը չեմ, որն ուշ է հասկացել գործիքի կարևորությունը: Հնում ծնծղաները չէին կիրառվում որպես երաժշտական գործիք: Ծնծղաներին վերագրվել են մոգական հատկություններ: Մեծ էր նրանց դերը հատկապես կենցաղում: Մեծ ծնծղաներն ընկալվում էին որպես չար ուժերի դեմ պայքարի միջոց, իսկ փոքրերն ունեին պաշտպանական հատկություններ: Ջավախքում մինչև օրս նորապսակներին եկեղեցուց տուն ուղեկցում են ծնծղաներով` վանելով նրանցից չար ուժերը: Ծնծղաների օգնությամբ բուժում էին նյարդային հիվանդությունները, քշում մարդու մեջ «բուն դրած սատանային»: Բացի այդ, հավատալիքի համաձայն ծնծղաների ձայնը հեշտացնում էր ծննդաբերությունը, հմայում նորածնին դուրս գալ լույս աշխարհ: Գործիքն օգտագործվում էր նաև եկեղեցում. տոների ու ծիսակատարությունների ժամանակ ծնծղայի ձայնով կանչում էին Տիրոջը, պատարագների ընթացքում դրանցով քշում չարքերին եկեղեցուց: Ամենից զատ, ծնծղաները համարվում էին եկեղեցուն մատուցված արժեքավոր նվերներ:

Մինչև 18-րդ դարը երաժշտության մեջ ծնծղաները քիչ էին կիրառվում: Օրինակ, Հայդնն ու Մոցարտն օգտագործում էին դրանք ստեղծագորոծթյունների բարձրակետում՝ ընդգծելու «բարբարոսային երանգավորումը»: Ավելի հաճախ ծնծղաները սկսեցին օգտագործել 19-րդ դարում: Փողոցային տոնախմբություն նկարագրող «Տոնակատարություն» նոկտյուրնում Կլոդ Դեբյուսին օգտագործեց նվագախմբի հզոր կազմ ծնծղաներով, լիտավրներով ու փոքրիկ թմբուկով: Այսօր ծնծղաները դուրս են մնացել կենցաղից ու կիրառվում են միայն որպես երաժշտական ստեղծագործությունների կարևոր համեմունք:

Այս թեմայով