21 Հունվար 2014, 18:14
3625 |

Հալեպի հայկական հետքով

«Հալեպի արձանագրությունները» ստվարածավալ աշխատությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի գրքաշարի 16-րդ հատորն է։ Հալեպում երբևէ չգտնված մարդն այս գրքի միջոցով կարող է ամբողջական պատկերացում կազմել՝ Հալեպի որ անկյունում ի՞նչ ու ինչպիսի՞ հետք են թողել հայերը՝ սկսած 14-րդ դարից մինչև մերօրյա սիրիական պատերազմը։ Հանրագիտարանային նշանակություն ունեցող գիրքը վավերագրում է հալեպահայության կյանքն ու գործունեությունն ամենայն մանրամասնությամբ։ Գրքի հեղինակից՝ Րաֆֆի Քորթոշյանից, 7 տարի է պահանջվել՝ «Հալեպի արձանագրությունները» մերօրյա ուսումնասիրությունների կողքին դնելու համար։ Ի՞նչ մղումով են իրականանում նման ձեռնարկումները, երբ հայրենագիտությամբ զբաղվելը մեր օրերում չի խրախուսվում։ Առնվազն էնտուզիաստ պետք է լինել պատմության, ժամանակի ու չնախատեսված աղետների ճանկերից գոնե որպես եղելություն փրկելու և ապագային փոխանցելու համար օտար քաղաքում թողած ազգակիցներիդ հետքերը։ «Հալեպի արձանագրությունները» հրատարակվեց Գյուլբեկյան հիմնադրամի հովանավորությամբ։ Աղբյուրագիտական հսկայական տեղեկություն պարունակող գիրքը հատկացվելու է հայաստանյան և արտասահմանյան գրադարաններին, կրթական ու գիտական հաստատություններին։

Րաֆֆի,  հայկական արձանագրություններով հետաքրքրվելու և դրանք որպես աղբյուրագիտական արժեք մատուցելու գլխավոր դրդապատճառը ո՞րն էր։ 
- Այդ ուսումնասիրությունները գրքի տեսքով ներկայացնելու նպատակ չեմ ունեցել։ Սկզբում ուզում էի ընդամենը լուսանկարել Հալեպի հայկական արձանագրությունները, որպեսզի հետագայի համար որպես փաստ մնան։ Ես ծնունդով Հալեպից եմ, այնտեղ եմ ապրել մինչև 2006 թվականը՝ Հայաստան տեղափոխվելս։ Ինձ շատ էր հետաքրքրում Հալեպի հայկական գերեզմանոցը, հատկապես տապանաքարերին գրված տեղանունները։ Ուշադրությունս գրավել էր այն, որ շիրմաքարերին մեծ մասամբ դրոշմված էին Արևմտյան Հայաստանի քաղաքների ու գյուղերի անունները՝ անհերքելի փաստեր, որ հանգուցյալները տարհանված են եղել իրենց հայրենիքից ու հարկադիր բնակություն հաստատել Հալեպում։ 1980-ականներին ծնողներս Սովետական Միությունում էին եղել ու Зенит լուսանկարչական սարք էին բերել այնտեղից։  Որոշեցի հենց դրանով էլ լուսանկարել շիրմաքարերը։ Հաշվարկեցի ու պարզեցի, որ առնվազն 5 000 նեգատիվ է պետք. ինչքան էլ մեծ լիներ գործին կպչելու ցանկությունս, հնարավորթուններս սուղ էին։  Երբ 2006-ին տեղափոխվեցի Հայաստան  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանին հայտնեցի մտադրությունս, նա ձեռքս տվեց թվային ֆոտոխցիկն ու ասաց՝ գնա՛, աշխատի՛ր։ Ասելուն պես ես արդեն Հալեպում էի։ Քանի որ ծանոթ էի Հալեպին, շատ արագ հավաքեցի նյութերը։ Մյուս այցելություններիս էլ լրացրեցի, ամբողջացրեցի, ու ստացվեց ծավալուն արխիվ։ Արդեն պարզ էր, որ ուսումնասիրությունս մեծ գիրք է դառնալու։

Աշխատանքի ընթացքում հետաքրքիր ու անակնկալ բացահայտումներ եղա՞ն։  
- Ես հաճախ եմ գնում Արևմտյան Հայաստան։ Հալեպի եկեղեցում ձեռքս վերցրի մի խաչ.  պարզվեց, որ այն Մուշի Առաք գյուղից է բերված։ Անբացատրելի զգացողություն ունեցա։ Նախկինում ես եղել էի այդ գյուղում ու հիմա նրա մասունքն էր ձեռքումս։ Ես լուսանկարել էի ամենահին՝ 1491 թվականի սբ Քառսուն Մանկանց եկեղեցու շինարարական արձանագրությունը, որտեղ նշված էր կառուցողի՝ Խոջա Պետիկի անունը։ Հետո լուսանկարեցի մի տապանաքարի եռատող հին արձանագրություն, որի երկրորդ տողը համարյա ջնջված էր։ Մի կերպ վերծանեցի, ու պարզեցի, որ գրված է Խոջա Պետիկի անունը։ Այլևս կասկած չկար, որ դա սբ Քառսուն Մանկանց եկեղեցու կառուցողի շիրիմն է։ Իսկ ամենամեծ բացահայտումը լուրջ սկզբնաղբյուր կարող է հանդիսանալ ոչ միայն  Հայոց ցեղասպանության, այլև տարբեր ժանակներում հայերի տեղահանության փաստերի ուսումնասիրության առումով։ Տեղեկություններ կան, որ Տիգրան Մեծի թագավորությունը հասել է մինչև Սիրիա։ Ձեռագիր Ավետարանը տեղեկացնում է, որ առաջին հայը Հալեպում հաստատվել է 1325-ին։ Ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Հալեպը հանգրվան է եղել տեղահանված, հարստահարված, օտարների բռություններին ենթարկված հայերի համար։ Ու այդպես պարբերաբար՝ ժամանակ առ ժամանակ. հայերի մեծ հոսք է արձանագրվել Սիսի անկումից հետո, այնուհետև 17-րդ դարում Շահ Աբասի բռնարարքներից փրկված մեծ թվով հայեր են եկել Հալեպ։ Հաջորդ տեղահանությունը Նոր Ջուղայից ու Նախիջևանից է եղել, ավելի ուշ սասունցիներ են ներգաղթել, հետո վրա են հասել համիդյան ջարդերը, ու վերջում ամենամեծ հոսքը՝ 1915-ի Եղեռնից հետո։ Գրքում երկու քարտեզ կա. մեկում նշված են մինչև Մեծ եղեռնը Հալեպ տեղափոխված հայերի ծննդավայրերի անունները, իսկ մյուսը բեկումնային 1915 թվականից հետո տեղահանվածների հայրենի քաղաքներն ու գյուղերն է ընդգրկում։ Երկու քարտեզն էլ կազմվել է տապանաքարերին ու այլ վայրերում  հալեպահայերի  թողած  արձանագրությունների հիման վրա։ Հեղինակավոր շատ հայերի անունների եմ հանդիպել, որոնք բարձր դիրք են ունեցել Սիրիայում։  Արձանագրությունները լուսանկարելուց, վերծանելուց,  ծանոթագրությունները տեղադրելուց բացի, լրացուցիչ տեղեկություններ եմ կցել նյութին, որպեսզի այն ընթերցողին ավելի պարզ դառնա։

Նկատե՞լ եք, որ այդ տեղանունները ներքին, ենթատեքստային ինֆորմացիա պարունակեն։
- Թուրքերը մինչև հիմա արդարանում են, թե իբր հայերի անվտանգության մասին մտածելով են պատերազմի ժամանակ շփման գծում գտնվող հայկական բնակավայրերից տարհանել տեղաբնակներին։ Հալեպի արձանագրությունները լույսի պես պարզ են դարձնում, որ գաղթածների ծննդավայրերն ամենևին էլ ռազմական գործողությունների շփման գծում չեն եղել, շատ հեռու են եղել այդտեղից։ Թեւրքերը կազմակերպել են ծրագրված Եղեռն ու արտաքսում, ու հալեպահայերը, արձանագրություններում հատուկ նշելով իրենց բնօրրանների անունները, սերունդներին հաղորդել են պատմական ճշմարտություններ, ընդգծել իրենց ո՞վ ու որտեղի՞ց լինելը։ Սա շատ լուրջ փաստարկ է։ Այդ արձանագրությունները նաև տեղեկություններ են տալիս, թե Արևմտյան Հայաստանի ո՞ր գյուղում ի՞նչ տոհմ է ապրել, ինչո՞վ է զբաղվել։ Իսկ եկեղեցիներին նվիրաբերած իրերը վկայում են, որ գաղթի ճամփեքով հայերն իրենց հայրենիքի մասունքներն են բերել, սրբորեն պահել, հետո պահ տվել հայկական եկեղեցիներին։

Դուք հասցրեցիք վավերագրել Հալեպի հայկական ժառանգությունը, որից հայտնի չէ, թե ի՞նչ կմնա պատերազմից հետո։ Բայց հայկական հետքերը Սիրիայով մեկ են սփռված։ Չէ՞իք ծրագրել Հալեպից դուրս գալ։
- Բարեբախտաբար, որոշել էի միայն Հալեպով չսահմանափակվել  ու հասցրել եմ մինչև պատերազմը լինել նաև Սիրիայի 20-30 քաղաքներում ու գյուղերում։ Սիրիայի հայկական ժառանգության 90 տոկոսն արձանագրել եմ։ Մնում է հավաքել ու նոր գիրք կազմել։ Այսպիսի մեծ արդյունք չէի ունենա, եթե չլիներ Շահեն եպիսկոպոս Սարգսյանի աջակցությունը, որն իմ անարգել աշխատանքի համար բացել է բոլոր փակ դռները։ Միայն թե սրտիս դարդ է եղել, որ Դեր-Զորի հայկական եկեղեցի գնացի, բայց չկարողացա լուսանկարել ցուցափեղկի հետևում դրված նմուշները։ Բանալին չկար։ Վճռեցի հաջորդ այցիս նկարել, բայց պատերազմը սկսվեց։ Գիտեմ, որ այդ եկեղեցին թալանվել է։ Գրավված է Րաքքիի հայ կաթողիկե եկեղեցին, Թելաբիաթի առաքելական եկեղեցին, Հալեպի Սբ. Գևորգը հրկիզված է, հայկական գերեզմանոցը պատերազմական գործողությունների շփման գծում է։ Ի՞նչ կթողնի պատերազմը հայկական ժառանգությունից, ոչ ոք չի կարող ասել։ Բայց գոնե դրանց վկայությունները կան, մնացին։

Այս թեմայով