17 Հունվար 2014, 14:32
2900 |

Չուշանալու գաղտնիքը

Նրանք հայտնվեցին մոտ մեկ տարի առաջ ու տեղական շուկայում իսկական աժիոտաժ առաջացրեցին:

Նրանք հայտնվեցին մոտ մեկ տարի առաջ: «Նուրի Դիզայն» ընկերության պատի ժամացույցները տեղական շուկայում իսկական աժիոտաժ առաջացրեցին: Made in Armenia ժամացույցների արտադրությամբ զբաղվում են երիտասարդ գործարար Վարուժան Բաբախանյանը և դիզայներներ Անուշ Հովասափյանն ու Մարիամ Մայիլյանը: Անուշի անվան «նու»-ից և Մարիամի անվան «րի»-ի միավորումից էլ ստացվել է «Նուրի»-ն:

Ինչո՞ւ հենց ժամացույց. «Սկսեցինք ժամացույցներից, քանի որ տեղական պատի ժամացույցները գրեթե չկան»,- պատմում է Վարուժանը: Իրենց յուրահատուկ դիզայնով Նուրի ժամացույցները միանգամից աչքի են ընկնում: Դրանք երկու տեսակի են՝ MDF նյութից և բնական փայտից: Նախընտրելին, իհարկե, փայտն է: Կահույքի արտադրամասերից մեկում երկու վարպետների օգնությամբ հնարավոր է հաճարենու, լորենու փայտից ստանալ ժամացույցի ցանկալի ձևը:

Արտաքին ձևավորումը Մարիամի ու Անուշի երևակայության արդյունքն են: «Մենք մոտ 70 տեսակի ժամացույց ունենք՝ նախատեսված տան բոլոր սենյակների համար: Մշակել ենք ամառանոցային ժամացույցների շարք: Հիմնականում պահանջված են փայտե գործերը՝ մենք դրանք համարում ենք ամառանոցային, բայց մարդիկ բնակարաններում էլ են կախում», - պատմում է Վարուժանը:

Նուրի ժամացույցների վաճառքը սկսվեց Facebook սոցցանցում, քանի որ նորաստեղծ ընկերության համար ձեռնտու չէր խանութ բացել: Հետո արդեն ժամացույցները հասանելի դարձան երևանյան մի շարք խանութներում: Մեծ պահանջարկի գործոններից մեկն էլ գնային քաղաքականությունն էր, ժամացույցները բավականին մատչելի գին ունեն:

Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ հիմնականում չեն գնահատում տեղական արտադրանքը: Շարքային սպառողի համար մեծ հաշվով տարբերությունը չկա՝ արտադրանքը տեղական է, թե՞ ներմուծված: Այս պատճառով նորաթուխ Նուրի ժամացույցներն արդեն հատել են Հայաստանի սահմանները: Նրանք նախ հայտնվեցին Լյուքսեմբուրգի, հիմա՝ նաև Բելգիայի մասնագիտացված խանութներում: Տեսականին դեռևս չի տարբերվում: Երիտասարդները սակայն որոշել են շուկայի պահանջարկը հասկանալուց հետո արտահանել հայկական զարդանախշերով, կտորներով, ժայռապատկերներով ժամացույցներ:

Ժամացույցներից բացի «Նուրի»-ն սկսել է արդեն մոմակալներ և նկարների շրջանակների արտադրությունը: 2014-ի առաջին ամիսներին դրանք նույնպես կլինեն վաճառքում: Հաջորդ ամիսներին շուկայում կհայտնվեն նաև ամառանոցային ծաղկամանները, կահույքի մի շարք նմուշներ: Երիտասարները խոստանում են՝ որակն ու գնային քաղաքականությունը կմնան անփոփոխ:

Այս թեմայով