26 Փետրվար 2014, 13:10
2075 |

Շատ լայվ համերգ էր

Ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով բարձրորակ երաժշտություն ստեղծող մարդիկ Երևան կամ չեն այցելում, կամ այցելում են, երբ արդեն բավական ծեր են, իսկ հոնորարները՝ համեստ: Այնպես որ՝ շատ երևանցիներ առիթի դեպքում պահը չեն կորցնում և սիրելի երաժշտին կամ խմբին սեփական աչքերով բեմի վրա տեսնելու համար մեկնում են հեռավոր կամ մոտակա արտասահման: Մենք լսեցինք մի քանի այդպիսի պատմություններ Փոլ Մաքքարթնիի, Rolling Stones-ի և այլ կարևոր դեմքերի համերգներին ներկա գտնված երջանիկներից:

Արեգ Դավթյան, լրագրող
Սթինգ (Կատոլիկա, 2013)
Երազանքս Փոլ Մաքքարթնիի համերգին լինելն է, բայց դրա հետ զու-գահեռ միշտ ուզում էի լսել Էրիկ Կլեպտոնի կամ Սթինգի կենդանի ելույթները: Ու էդպես մի օր՝ կնոջս հետ հերթական ամառային արձա-կուրդը պլանավորելու ժամանակ, որոշեցի ստուգել թե ով որտեղ ինչ համերգ է տալու: Քանի որ մտածում էինք Իտալիայի մասին, սկսեցի ուսումնասիրել էդ կողմերի համերգացանկը: Ու ինչ տեսնեմ. Սանտանա, Muse, Ռոջեր Ուոթերս, Rammstein, Arctic Monkeys, Depeche Mode՝ բոլորը ամռանը անցնում են իտալական քաղաքներով: Դրանցից բացի նաև Սթինգը, որը ուներ երկու համերգ Հռոմում, մեկն էլ՝ Կատոլիկայում՝ ծովափնյա կուրորտային քաղաք է: Առանց երկար մտածելու երկու տոմս վերցրեցի: Ի դեպ, նախօրոք՝ վստահության համար, ստուգեցի Back to Bass տուրի երգացանկը, որ հանկարծ վերջում չպարզվի, որ մեր սիրած երգերից ոչ մեկը չի երգվելու: Բարեբախտաբար, տուրը նվիրված էր Սթինգի սոլո գործունեության 25-ամյակին, էնպես որ ընդգրկված էին ամենալավ երգերը (բացի Mad About You-ից):

Համերգը բացօթյա էր՝ քաղաքի գլխավոր հրապարակում: Մեծ մասը մեր նման տուրիստներ էին, բայց Սթինգից իսկապես գլուխ հանող: Ու տարբեր տարիքի՝ ջահել ուսանողներից մինչև Սթինգի նման հիսունն անց մարդկիկ: Դիմացի շարքերում մի կիսաճաղատ՝ էդ տարիքի մարդ կար՝ ամենաակտիվներից էր ու հագին Police-ի մի քանի տարի առաջվա re-union տուրի շապիկն էր: Իսկական ֆան էր: Հաստատ Սթինգի մյուս տուրին էլ գոնե մի համերգի կգնա:

Ընդհանրապես, շատ հետաքրքիր էր տեսնել, թե ոնց են ֆանություն անում դրսում: Օրինակ՝ եթե համերգը լիներ Երևանում, դահլիճը ամենաշատը կուրախանար Shape of My Heart երգի ժամանակ: Իսկ Իտալիայում դա Սթինգի հա՝ լավ, բայց դե սովորականոտ երգերից էր, իսկ դեռ Police-ի թվերին գրված Message in a Bottle-ի (իմ ու կնոջս կարծիքով՝ դե երգ ա, էլի) ժամանակ սաղ դահլիճը անգիր հետը երգում էր:

Ինչ որ է, ամեն ինչ շատ հավես անցավ, ու ես մի անգամ էլ հասկացա, որ սրանից հետո պետք չի սպասել մինչև բարի մարդիկ կբերեն սիրած երգիչներին Հայաստան, այլ պետք ա էնպես անել, որ դրսային ճամփորդությունները համընկնեն իրանց համերգների հետ: Մյուսը հաստատ Մաքքարթնին կլինի:

 
Սերգեյ Նավասարդյան, դիզայներ
System of a Down (Բեռլին, 2005)
Առաջին համերգը, որ գնացել եմ՝ Բեռ-լինում System of a Down-ի ելույթն էր: Չնայած ամեն տարի հայտնվող խոսակցություններին, հույսեր չունեի, որ համերգ կունենան Երևանում: Պարզվեց՝ ճիշտ էի: Մի խոսքով, «եսլի գառա նե իձյոտ կ Մոգամետու…» սկզբունքով էլ առաջնորդվեցի: Համերգը Բեռլինի Treptow Arena-ում էր, որը ժամանակին անգար էր, իսկ այժմ համերգասրահի է վերածվել: Նստելու տեղեր չկային, և տոմսերը բոլորի համար արժեին 37 եվրո, անկախ նրանից, թե որ մասում բախտ կունենաս հայտնվելու: Բեմի մոտ կանգնած երկրպագուները անընդհատ թռվռում են, էնպես, որ ուզես թե չուզես պիտի ինքդ էլ թռվռաս, թե չէ ոտքի տակ կընկնես, իսկ էդ րոպեին էդ մարդկանց չի հետաքրքրում, թե ում վրայով կանցնեն:

 
Live 8 (Բեռլին, 2005)
Ամենաթույն համերգներից էր նաև Live 8-ը, որին մի քանի աշխարհահռչակ կատարողներ ու բենդեր էին մասնակցում` Green Day, Roxy Music, A-Ha, Audioslave, Faithless և այլն: Ի միջի, այլոց Faithless-ը դարձավ սիրածս խմբերից մեկը շատ ավելի ուշ, քան հասցրել էի լսել live: Էդ տարի վերամիավորումից հետո Live 8-ի շրջանակներում Լոնդոնում ելույթ ունեցավ Pink Floyd-ը: Reunion-ը ցուցադրվեց մյուս յոթ երկրներում՝ մեծ էկրանների վրա: Էնպես որ մի քիչ վերապահումներով, բայց կարող եմ ասել, որ իրանց կենդանի ելույթն էլ վայելեցի, իհարկե «սեքոնդհենդոտ»:

 
Depeche Mode (Կիև, 2013)
Depeche Mode, օ՜, հավանաբար ամենագիտակցված live-ը իմ կյանքում: Վերջապես էդ երա-զանքս իրականություն դարձավ էս տարի: Ինձ համար շատ կարևոր է live-երին բեմի դիմաց կանգնած լինել: Եթե որոշում ես համերգ գնալ, ուրեմն պիտի մաքսիմալ մոտիկ լինես բեմին, գոռաս, երգես, գժվես: Չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, բայց հասնել համերգին, էն էլ Երևանից, ու բեմի մոտ չտժժալ, առնվազն տուզիկություն ա: Կենդանի համերգները ահռելի մասշտաբների լրիվ ուրիշ զգացողություններ, տրամադրություն են ստեղծում: Ցավոք էդ մշակույթը մեր մոտ ուղղակի չկա: (Համալիրում մի քանի համերգները ոչ մի ձև չեն համեմատվում, մոռացեք): Նման համերգներից ստացած տպավորությունները անհավանական են, գնացեք ու լսեք ձեր սիրելի կատարողների կենդանի համերգները դրսերում: Էդ մարդիկ անմահ չեն, ցավոք:

 
Գոհար Լևոնյան, հոգեբան
Stevie Wonder and Friends (Լոս Անջելես, 2010)
Կյանքիս մեծագույն երազանքներից է եղել ներկա գտնվել Սթիվի Ուանդերի համերգին, ով բացի հիասքանչ երաժիշտ լինելուց գերել էր ինձ նաև որպես անձնավորություն: Միշտ մտածում էի, որ իր պես պապիկ կուզենամ ունենալ:

2000 թվականից քույրս Ամերիկայում է ապրում: Երկար ժամանակ մոտը չէի եղել` միշտ ինչ-որ բան խանգարում էր: Մեկ էլ հանկարծ 2010-ին ինտերնետում կարդացի, որ օգոստոսին Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում տեղի է ունենալու Stevie Wonder & Frineds համերգը: Էդ պահին հաստատ որոշեցի մեկնել ԱՄՆ ու տեսնել քրոջս ու մյուս հարազատներիս, և իհարկե, անպայման ներկա գտնվել կուռքիս համերգին: Ընկերներիցս շատերն ինձ զգուշացնում էին, որ եթե նշված է friends բառը, ուրեմն Սթիվին մի քանի կատարում կներկայացնի: Բայց ինձ միևնույն էր, ուզում էի միայն տեսնել նրան:

Իրականում, համերգը նույնիսկ ավելի վատ անցավ, քան ես ենթադրում էի: Փաստացի փառատոն էր, որի ընթացքում ելույթ էին ունենում ոչ այնքան հայտնի կատարողներ: Վերջում միայն բեմ դուրս եկավ Սթիվին ու կատարեց չորս երգ: Իհարկե, հիասթափություն կար, որովհետև ուզում էի երկար վայելել Սթիվիին: Բայց միևնույն է` երջանիկ էի: Երբ սկսեց երգել, բոլորս առաջացանք դեպի բեմը: Ցնցող զգազումներ ունեի, անմոռանալի էր: Բայց Սթիվիի նորմալ մենահամերգին մի օր անպայման կգնամ:

 
Դավիթ Ալանակյան, ծրագրավորող
Coldplay (Աբու Դաբի, 2011)
2011 թվին որոշեցի կնոջս ծննդյանը մի լավ անա-կնկալ անել. Նոր տարին դիմավորել Coldplay խմբի հետ: Դեկտեմբերի 31-ին Աբու Դաբիում Volvo Ocean Race Destination Village համերգասրահում, որ մոտավորապես 20 հազար հանդիսատես է տեղավորում, Քրիս Մարտինը հետհաշվարկ կատարեց՝ «10, 9, 8... 2, 1» ու մեր Նոր տարին սկսվեց Paradise երգով: Ու առանց խոզի բդի:

 
The Rolling Stones (Լոնդոն, 2013)
Էս տարի հուլիսի 6-ին կնոջս հետ Լոնդոնում էինք: Հատուկ գնացել էինք՝ մոտիկից The Rolling Stones-ենց լսելու: Համերգը նվիրված էր խմբի հիմնադրման 50-ամյակին: «Ռոլլինգները», չնայած տարիքին, ինձնից երիտասարդ ու առույգ էին իրենց պահում բեմում: Համերգը սկսվում էր ցերեկը ժամը երկուսին, բայց խումբը ելույթ էր ունենալու միայն երեկոյան ութին: Արդեն երկու-սից Hyde Park-ում հավաքված երկրպագուները գալիս ու պառկում էին խոտերին, հենց այն տեղերում, որտեղից հետո վայելելու էին խմբի կատարումները: Մենք եկանք միայն ժամը վեցին, դրա համար էլ մի փոքր անհաջող տեղեր զբաղեցրինք: Պարզվեց, որ միայն Golden Circle կոչված տոմսերն են հնարավորություն տալիս հանգիստ լինել, որ լավ տեղ կզբաղեցնես: Դրանք բավականին թանկ են, կոնկրետ էս համերգի համար՝ 600 դոլար: Բայց համերգից մի քանի ամիս առաջ այդ բոլոր տոմսերը արդեն սպառված էին: Այդ նույն տոմսերը դիլերները վերավաճառում էին արդեն 1000 դոլարով:

Ասեղ գցելու տեղ չկար: Հանդիսատեսի շարքերում շատ էին միջին տարիքի ու մեծահասակ երկրպագուները, բայց ի ուրախություն ինձ՝ շատ-շատ էին նաև երիտասարդները: Բոլորը ալկոհոլ էին խմում, չնայած, որ խմիչքի համար պետք էր մոտ կես ժամ հերթ կանգնել: Հետաքրքիրն այն էր, որ զուգարանների հարցը շատ լավ էր լուծված, հերթ չէր գոյանում:

Համերգի վերջերում որոշեցի ռիսկի դիմել ու դուրս գալ ամբոխի խորքից, ևս մի շիշ գարեջուր գնել ու վայելել վերջին երգը հեռվից, որ հետո «հայավարի» շուտ դուրս գանք: Հնչեցին եզրափա-կիչ Satisfaction երգի առաջին հնչյունները, մոտեցանք մուտքին, բայց անվտանգության ծառայողները մեզ ներս չթողեցին: Թանկությամբ երկրորդ տոմսերն էինք գնել՝ 400 դոլար, բայց դա էլ մեզ չօգնեց նորից ներս մտնել: Այդպես՝ Satisfaction-ը մոտ 200 մետր հեռավորությունից վայելեցինք, դրանից հետո էլ բոլորով, հազարավոր գինովցած և ուրախ հանդիսատեսով, քայլում էինք Լոնդոնի փողոցներով՝ երգելով Simpathy for the Devil-ը:

 
Աննա Բուբուշյան, լրագրող
Փոլ Մաքքարթնի (Մոսկվա, 2011)
2011-ն էր, ամուսինս ասաց, որ դեկտեմբերին Փոլ Մաքքարթնին համերգ է ունենալու Մոսկվայում: Իսկ մենք միշտ եղել ենք The Beatles-ի մե-ծագույն երկրպագուներ, ու, իհարկե, միշտ էլ երազել ենք լինել Փոլի համերգին: Ոգևորվեցինք ու որոշեցինք՝ գնում ենք Մոսկվա: Հենց սկզբից միանշանակ էր՝ ֆան զոնայի համար նախատեսված տոմսեր ենք վերցնելու, որ պարենք մեր սիրելի երգերի տակ: Համերգը տեղի էր ունենալու «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում:

Համերգի օրը՝ առավոտյան, դեռ դժվարությամբ էինք հավատում, որ մի քանի ժամից կտեսնենք Մաքքարթնիին: Համերգից երկու ժամ շուտ հասանք «Օլիմպիյսկի» ու մեծ դժվարություններով ներս մտանք. հանդերձարանը մի հարկում էր, ֆան զոնայի համար նախատեսված թևնոցները՝ մյուս: Վերջապես մտանք դահլիճ, որտեղ մինչև համերգի սկիզբը, մոտ 40 րոպե մեծ էկրանների վրա ցուցադրվում էին Մաքքարթնիի և The Beatles-ի լուսանկարները: Բա-վականին հոգնել էինք, բայց երբ վերջապես բեմ դուրս եկավ Մաքքարթնին ու «պրիվյե՜տ, չյուվակի՜» խոսքերով ողջունեց հանդիսատեսին, միանգամից մոռացանք ամեն ինչի մասին:

Համերգը տևեց երեք ժամ, նա կատարեց իր անձնական երգացանկից, նաև Wings–ի տարիների երգերը: Դե իհարկե, հիմնականում հնչում էին The Beatles-ի երգերը: Շատ հուզիչ էր, երբ նա երգեր նվիրեց Լենոնի ու Հարիսոնի հիշատակին, իսկ մեծ էկրաններին նրանց լուսանկարներն էին ցուցադրվում: Անհավանական էր` կանգնած տեսնում ես Մաքքարթնիին ու պարում ես քո սիրելի երգերի տակ... Համերգից հետո ձայներս կտրված դուրս էինք գալիս դահլիճից` տարբեր տարիքի մարդկանց հետ քննարկելով համերգը, ոնց որ հազար տարվա ընկերներ լինեինք:

Շատ զվարճալի էր, որ համերգի օրը ցերեկը սրճարաններից մեկում նստած ժամանակ մեր սեղանին մի մարդ մոտեցավ ու խնդրեց վերցնել ազատ աթոռը: Բարձր-բարձր հեռախոսով էր խոսում ու ասում, որ մի երկու օրով է եկել Մոսկվա: Հետո «Օլիմպիյսկիի» հանդերձարանում այդ նույն մարդուն հանդիպեցինք, զարմացած միմյանց նայեցինք (որովհետև Մոսկվայի նման մեծ քաղաքում մի օրվա մեջ տարբեր վայրերում նույն մարդուն հանդիպելը գրեթե անհավանական է): Փաստորեն, նա էլ էր հատուկ համերգի համար Մոսկվա ժամանել:

 
Deep Purple (Կիև, 2012)
Փոլից մի տարի հետո, նոյեմբերին, մեկնեցինք Կիև` Deep Purple-ի համերգին: Rock Aid Arme-nia նախագծի շրջանակներում Յան Գիլանը մի քանի անգամ եկել էր Երևան և այդ ընթացքում հասցրել էինք մտերմանալ ու բարեկամանալ հետը: Մեր վերջին հանդիպումից երկու տարի էր անցել, չնայած նամակագրական կապ կար, բայց կարոտել էինք և շատ էինք ցանկանում տեսնել նրան:

Գիլանի օգնականը տոմսերը և VIP անցագրերը թողել էր մուտքի մոտ կանգնած հսկիչին, և մենք, համերգից 40 րոպե առաջ գնացինք կուլիսներ: Վերջապես հանդերձասենյակում հանդիպեցինք նրան: Տաք-տաք հագնված նստած էր: Հոգնած, բայց շատ ջերմ ողջունեց մեզ: Հետաքրքիրն այն էր, որ Կիևում ապրում է ամուսնուս մանկության ընկերը, ում շնորհիվ էլ ամուսինս փոքր ժամանակ իր համար բացահայտել էր Deep Purple-ի երաժշտությունը: Հիմա էլ ամուսինս էր նրան հրավիրել` Գիլանի հետ հանդիպման: Շատ խորհրդանշական պահ էր: Զրուցեցինք՝ համերգներից, նոր երգերից, Գյումրիի դպրոցի կառուցման գործընթացից, վերջում էլ կարդաց մեր համար իր նոր պատմվածքներից մեկը: Վայելեցինք համերգը, որը ավանդաբար ավարտվեց անմահ Smoke on The Water-ով: Իսկ մեր հաջորդ հանդիպումը Յանի հետ կայացավ արդեն էս տարի սեպտեմբերին` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը:

 
Լենա Գևորգյան, լրագրող
Զեմֆիրա (Թբիլիսի, 2012)
2012 թվականի հասարակ փետրվարյան առավոտ էր, երբ աշխատասեղանիս մոտեցավ կոլեգաս` Էլլան, ու ասաց, որ մարտի 31-ին Զեմֆիրան համերգ է ունենալու Թիֆլիսում: Որոշեցինք մեր գրասենյակի անձնակազմով մեկնել:

Մեծ ավտոբուսով, ուրախ ու երջանիկ գնացինք Թիֆլիս, հենց մարտի 31-ի վաղ առավոտյան: Համերգը երեկոյան էր, ցերեկն արդեն Վրաստանի մայրաքաղաքում էինք: Շտապ վազեցինք «ՄաքԴոնալդս», որտեղ կարծես միայն հայեր էին այդ օրը: Փողոցներում այնքան ծանոթ հանդիպեցինք, շատ շատերն էին հատուկ համերգի համար Թիֆլիս եկել:

Երեկոյան տաքսի նստեցինք, որովհետև «Տրիումֆ» ակումբը, որտեղ տեղի էր ունենալու համերգը, բավականին հեռու էր կենտրոնից: Տաքսիում անցկացրած 20 րոպեն ինձ մի դար թվաց: Վերջապես հասանք, մնում էր միայն հաղթահարել մուտքի առջև կանգնած հերթը: Յուրաքանչյուրին մանրակրկիտ զննում էին, լուսանկարչական ապարատների ակումուլյատորները հանում էին, որովհետև ներսում լուսանկարելն արգելվում էր:

Մոտ հազար հանդիսատես տեղավորող ակումբը բազմամարդ էր: Հասկացանք, որ պետք է արագ տեղ զբաղեցնել հենց բեմի կողքը տեղադրված դինամիկի մոտ: Մեզ ասացին, որ 21:00-ի փոխարեն համերգը կսկսվի մեկ ժամ ուշացումով: Մենք հստակ որոշել էինք, որ մի քայլ անգամ չենք հեռանա զբաղեցրած տեղերից: Բայց մոտ 10 րոպե անց ակումբը թնդաց: Բեմում հայտնվեց նիհարիկ, սև տաբատով ու Ռենատա Լիտվինովայի պրինտով շապիկը կրող Զեմֆիրան: Թվում էր, թե ընդհանրապես շպարված չի: Ագրեսիվ, համառ, համոզիչ, էներգիայով լի, բայց նույն ժամանակ նուրբ, անպաշտպան ու տխուր Զեման բացեց համերգը «Без шансов, без вариантов» այն ժամանակ դեռ նոր երգով:

Ամբողջ համերգի ընթացքում Զեմֆիրայի հետ հավասար բոլորը բառ առ բառ երգում էին երգերը ու չէին դադարում ծափահարել ու վանկարկել` «Զեմ-ֆի-րա՜»: Համերգի թվացյալ ավարտից հետո Զեմֆիրան դեռ չորս անգամ բեմ վերադարձավ ու երգեց համարյա բոլոր սիրված երգերը: Ափսոս, որ այդ ամենը Երևանում չէր: Մնացածը՝ հիանալի էր:

 
Տիգրան Համալբաշյան, դիզայներ
Queen + Paul Rogers (Քյոլն, 2005)
Queen-ը ինձ համար բացահայտեցի հինգ տարեկանում: 11 տարեկանում վինիլային սկավառակների նվագարկիչ ունեինք ու հիմնականում հենց իմ սիրելի խմբի Greatest Hits վինիլն էի լսում: 90-ական թվականներն էին ու մեծ դժվարություններով, բայց խորացած ուսումնասիրում էի բենդի, հատուկ՝ Ֆրեդի Մերկուրիի կյանքն ու ստեղծագործությունները: Ունեի պլակատներ, օրացույցներ, կասետներ, դիսկեր, պեղում էի համերգներն ու ֆիլմերը: Ու ինձ տանջում էր էն փաստը, որ իմ Queen-ը էլ երբեք կենդանի համերգ չի ունենա: Էս ամենը պատմում եմ, որ հասկանաք, թե ինչքան կարևոր էր էս համերգն ինձ համար: 2002-ին Queen-ը Ռոբերտ Դե Նիրոյի հետ համատեղ մյուզիքլ էր ներկայացնում: Մոտիկից այն տեսնելը դարձավ իմ նպատակը: Որոշեցի մեկնել Գերմա-նիա` մասնակցելու երիտասարդական ճամբարի ու փորձելու ներկա գտնվել մյուզիքլին: Հենց էդ ժամանակ պարզվեց, որ Queen-ը Փոլ Ռոջերսի հետ համաշխարհային շրջագայության է պատրաստվում: Ամենահետաքրքիրն էն էր, որ համերգի ամսաթիվը համընկնում էր իմ` Գերմանիայում լինելու ժամանակի հետ, բայց բավականին հեռու էր էն քաղաքից, որտեղ կանգ էի առնելու: Ես լինելու էի Մարբուրգում, համերգը լինելու էր Քյոլնում: Առաջին անգամ էի արտասահման մեկնելու ու հույս չունեի, որ ինքնուրույն կկարողանամ մի քաղաքից մյուսը գնալ:

Բայց մի օր մեր ղեկավարը ասաց, որ էքսկուրսիայի ենք գնալու՝ Ֆրանկֆուրտ կամ Քյոլն: Ես ու ընկերուհիս` Բելան, համոզում ենք մեկնել Քյոլն: Համաձայնվեց: Մտանք Քյոլն ու առաջինն ինչ տեսանք՝ Queen-ի համերգի պոստերն էր: Հետո գտանք դրամարկղը ու իմացանք, որ տոմսերի արժեքը 52 եվրոյից է սկսում: Երկու տոմս գնեցինք, որ նույնիսկ եթե համերգին չգնանք, հետո գլուխ գովանք, որ Queen–ի համերգի իսկական տոմսերն ունենք:

Վերադարձանք Մարբուրգ ու սկսեցինք համոզել մեր ղեկավարությանը, որ մեզ թույլ տան ինքնուրույն մեկնել ուրիշ քաղաք: Երբ իմացան, թե ինչ նպատակով ենք կպել Քյոլնից` թույլ տվեցին: Բայց ուրիշ խնդիր առաջացավ. մեր ընտանիքների անդամները, բարեկամները, ընկերները` բոլորը զանգում ու հետ էին համոզում մեզ, որովհետև բավականին վտանգավոր կարող էր լինել մենակ ճանապարհորդելը: Բավարար գումար էլ չունեինք`ընդամենը 150 եվրո ու որոշեցինք, որ չենք գնա համերգին: Այդ պահին զանգեց մեր ղեկավարը, վերջնական ճշտելու` ինչ որոշեցինք: Արդեն համակերպվել էի, որ չենք գնալու, բայց երբ պատասխանեցի զանգին, ինքնաբերաբար ասացի` «գնում ենք»: Մեզ հասցրեց կայարան` տոմս գնելու: Վերցրեց գումարը` յուրաքանչյուրիցս 150 եվրո և համերգի տոմսերը: Մի քանի րոպեից վերադարձավ` մեզ տվեց գնացքի տոմսերն ու ասաց` «Քանի որ Queen-ի տոմսեր ունեք, 150-ից տոմսը ձեր համար զեղչեցին մինչև 40 եվրո»:

Երկար չպատմեմ ինչ դժվարություններով, բայց երջանիկ հասանք համերգին: Համարյա ֆան զոնայում էինք: Նախ` բեմ ա դուրս գալիս Փոլը, հետո բացվում են վարագույրներն ու առաջ ա գալիս Բրայան Մեյը, հետո Ռոջեր Թեյլորը. էշացած կանգնած էի, չէի կարողանում շարժվել կամ խոսել: Չէի կարողանում ընկալել, որ էդ ամենը իրականություն ա: Համերգի կեսին մեծ էկրանի վրա հայտնվեց Ֆրեդի Մերկուրին: Ամբողջ մարզահամալիրը արտասվում ու երգում էր նրա հետ:

Դրանից հետո մոտ երեք տարի ուրիշ համերգ գնալու ցանկություն չունեի:

Այս թեմայով