16 Դեկտեմբեր 2013, 12:13
1673 |

75-ամյա անչարը

Բոլորի նման իր մեջ էլ և՛ Մակբեթ կա, և՛ Օթելլո, և՛ Համլետ։ Պարզապես վատություն անելու պատրաստ իր բջիջներին տեղում սատկացնում է, որ հանկարծ չբազմանան։

Ավագ սերնդի արվեստագետներին հենց անցյալից մի բան ես հարցնում, անմիջապես մեղադրական են կարդում. «Մեր ժամանակ պատիվ-հարգանք, մշակութային մթնոլորտ կար, քայլում էինք փողոցով, անցորդները պատկառանքով էին նայում մեզ, իսկ հիմա ջահելները բրթելով անցնում' կես բերան ներողություն էլ չեն ասում»։

Նա անցնում է Երևանի փողոցներով' անցնող-դարձողին ժպտալով ու զիջելով։ Ապրում է մեր քաղաքում արդեն 75 տարի։ Երևանում ամենաշատը Մաշտոցի պողոտան է սիրում, որ իր մանկության տարիներին Ստալինի անունն է կրել, հետո' Լենինի։ Այն ժամանակ քաղաքում միակ գրավատունն իրենց շենքի տակ էր, դրա հաար էլ մինչև հիմա անունը մնացել է Լոմբարդի շենք։

Ամեն առավոտ Լոմբարդի շենքի իր բնակարանում արթնանում է, մեկ-մեկ էլ՝ սափրվում. 70-նն անց հանկարծ հայտնաբերել է, որ սափրվելուց մաշկը փչանում է, համ էլ այդպես արդարացնում է ծուլության դրսևորումը։ Իսկ ընդհանրապես ծուլությանն է վերագրում կոմպոզիտոր դառնալու փաստը։ Լավ դաշնակահար դառնալու համար հարկավոր է օրական 7-8 ժամ պարապել, ու ինքը դրանից խուսափելով' դեռ մանկուց նախընտրել է երաժշտություն գրել։
Եվ այսպես ամեն առավոտ սափրվել-չսափրվելուց հետո նախաճաշում է սովորական երևանցու պես։ Շատ է սիրում ոստրե, թեև երբեք չի կերել։ Հիշում է Երևանի առաջին տրոլեյբուսը, մետրոյի գնացքը, որով խանդավառված' երգ է գրել մետրոյի մասին։ Մանկական երազանքը նավաստի դառնալն է, թեև միշտ հիացել է օդանավերի թռիչքով։

Նրա մասին ոչ ոք մի վատ խոսք չի ասի։ Իսկ վստահեցնում է, որ բոլորի նման իր մեջ էլ և՛ Մակբեթ կա, և՛ Օթելլո, և՛ Համլետ։ Պարզապես վատություն անելու պատրաստ իր բջիջներին տեղում սատկացնում է, որ հանկարծ չբազմանան։ Չի քննադատում ու վատաբանում, որովհետև դիմացինի արարքը որակելուց առաջ նախ իրեն նրա տեղն է դնում։ Երաժշտություն գրելը բացառիկ ունակություն չի համարում։ Վստահ է, որ յուրաքանչյուրն իր մեջ երաժշտություն ունի, պարզապես չի նոտագրում այն ու չի գործիքավորում։ Կարծում է, որ աշխարհի ամենածույլ մարդիկ կոմպոզիտորներն են. մեկ բազմոցին նստած' կարդում են, մեկ պատշգամբ դուրս գալիս' հայացք գցում շուրջբոլորը, հետո մոտենում դաշնամուրին, ծնգծնգացնում, մեկ էլ նոտատետրն ու մատիտը ձեռքն առնում ու խզբզում։ Եթե կոմպոզիտորը չունենա այն համոզմունքը, թե առանց իր այդ մի բուռ նոտաների մարդկությունն ուղղակի կկործանվի, երբեք չի ստեղծագործի։ Գրելուց հետո, երբ դատարկում է ներսի եղածն ու հանդարտվում, հասկանում է, որ մարդկության վեջն էլ չի, թե ինչ-որ մեկը նոտաների հետ մենամարտելիս է եղել։

Նա չի դժգոհում ո՛չ մշակութային միջավայրի, ո՛չ երևանյան կոլորիտի պակասից, որովհետև ամեն ժամանակ իր տրամադրությունն է բերում։ Բայց կարոտում է այն հանդիպումները, որոնք հախուռն ու աշխույժ քննարկումների էին վերածվում, երբ ինչ-որ մեկին հաջողվում էր արտասահմանից հայթայթել «իմպորտնի» ձայնապնակ։ Ու միայն լուսաբացին էր լռում նվագարկիչը' լռեցնելով նաև իրար գլխի հավաքված երաժիշտների ու կոմպոզիտորների ստեղծագործական աղմուկ-աղաղակը։

75-ն անձնագրում դրոշմված փաստագրություն է ընդամենը, իսկ սովորելու ու ճանաչելու այնքա~ն բան կա։ Այնպես որ Մարտին Վարդազարյանն իր զավակներին էլ է տարել Մանկական երկաթուղում զբոսնելու, թոռներին էլ, տրամադրվել է, որ ծոռներին էլ է տանելու։

Այս թեմայով