23 Նոյեմբեր 2013, 11:58
1444 |

Դոմինգոյի կրտսերը չի լինում

2010-ին աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանում նշանավորվեց ոչ միայն տենորի հիանալի կատարումներով, այլև համերգասրահում զարգացող իրադարձություններով: Մամուլի սկանդալային հրապարակումներից չխուսափեց նաև Պլասիդո Դոմինգո կրտսերը, ով Հայաստան էր ժամանել MEZZO production-ի դասական երաժշտության շաբաթի շրջանակներում: Չէր հասցրել կոմպոզիտոր-երգիչը մարսել տպավորությունները, երբ հայկական մամուլը պայթեց հարևանների տխրահռչակ սև ցուցակի մասին հրապարակումներով: Բայց սկանդալային եռուզեռը հանգեց նույնքան արագ: Պլասիդո Դոմինգո-կրտսերն իր կատարողական կարիերան սկսել է 2010-ին Songs for Christmas ալբոմով: Մինչ այդ նա հայտնի էր որպես երգահան, և նրա ստեղծագործությունները կատարում էին Լուչիանո Պավարոտտին, Սառա Բրայթմանն ու ուրիշներ:

Երբ և ու՞մ միջոցով ճանաչեցիք Հայաստանն ու հայկական մշակույթը:

- Անկեղծ ասած, մինչև Հայաստան գալս հայկական մշակույթն ինձ համար սահմանափակվում  էլ Շառլ Ազնավուրով: Երևան ժամանելուց առաջ սոցիալական կայքերով էի փորձում ճանաչել Հայաստանն ու հայկական մշակույթը: Հայրս 2010-ին համերգներով հանդես եկավ Երևանում ու շատ տպավորված էր, այնպես որ իմ այցն  ու հայկական մշակույթին ծանոթանալը միայն ժամանակի հարց էր: Ցավում եմ, որ  այսքան ժամանակ այդ մշակույթն ինձ  անծանոթ էր: Վառ ու բազմերանգ հայկական արվեստը ստեղծագործող մարդու համար ոգեշնչման աղբյուր է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ ուզում ես հանգստանալ, ոգեշնչվել:

Կոմպոզիտորի հաջողակ կարիերայից հետո 2010-ին կտրուկ անցում կատարեցիք երգարվեսին: Ո՞րն էր նման փոփոխության պատճառը:

- Երաժշտությունն ինձ համար առհասարակ գենետիկ երևույթ է: Մեծացել եմ երաժշտական միջավայրում: Կոմպոզիտորական կարիերայից երգարվեստ ինձ բերեց պատահականությունը: Մի անգամ հայրս լսեց աշխատանքային ձայնագրություններիցս մեկն ու ասաց, որ երգելն ինձ մոտ բավականին լավ է ստացվում: Հայրս թերևս ամենավստահելին է ինձ համար թե կյանքում, և թե մասնագիտության մեջ, այդ իսկ պատճառով, ես հետևեցի նրա խորհրդին: Երգը երգի հետևից կամաց-կամաց իմ ուղին եմ հարթում: Կոմպոզիտորն իր ներաշխարհն է դնում երգի մեջ, յուրաքանչյուր կատարող իրենից մի մաս է ավելացնում երգին, ու այն արդեն դառնում է ընդհանուր: Երգելն ինձ համար ոգեշնչման, ներքին զգացմունքների արտահայտման նոր միջավայր է:

Որտեղի՞ց եք գտնում ոգեշնչում նման զգացմունքային երգեր գրելու համար:

- Առաջին հերթին՝ դիմում եմ իմ զգացմունքներին: Ես ստեղծագործում եմ, երբ փորձում եմ զգալ կյանքը, դիտարկում եմ մարդկանց ու փորձում հասկանալ մարդկային էությունը: Ու ամեն անգամ այս փնտրտուքում ինքս ինձ հետ երկխոսության մեջ եմ մտնում, ինչի արդյունքում ծնվում է երգը: Փորձում եմ արդար լինել հանդիսատեսի հետ ու արտահայտել իմ մտքերը, զգացմունքները, քանզի համոզված եմ, որ յուրաքանչյուրը զգում է այն, ինչ ես եմ զգում: Ու դա նույնպես ինձ ոգեշնչում է: Իմ մուսան մարդկային պարզ զգացմունքներն են:

Ձեր երգերը կատարվել են աշխարհի լավագույն բեմերում, աշխատել եք լավագույն նվագախմբերի հետ: Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի Երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին:

- Նրանց հետ մի բեմում  ելույթ ունենալն ինձ համար գերագույն հաճույք էր: Երիտասարդ, միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ երաժիշտների մեջ եռում է կյանքը, իրենց եռանդուն ու ավյունով լի կատարումներով նվագախումբը համերգը դարձնում է անկրկնելի: Համերգավար մաեստոր Սերգեյ Սմբատյանը հիանալի երաժիշտ է, հրաշալի կրթությամբ: Առհասարակ երիտասարդների հետ աշխատելն ինձ համար առանձնահատուկ հաճելի է: 

Ի՞նչ տպավորություններով եք հեռանում:

- Ինձ համար Հայաստաննն այն երկիրն է, որը ես դեռ կբացահայտեմ: Սակայն այն, ինչ հասցրեցի տեսնել, բարի, ջերմ ու անկեղծ մարդիկ են: Ու ինձ հետ ես հենց այդ ջերմությունն ու անկեղծությունը կտանեմ: Ինձ համար մշակույթն առաջին հերթին մարդիկ են: Իմ կարճատև այցի ընթացքում ես մի մեծ ուղեբեռ հիշողություններ կուտակեցի: 

Այս թեմայով