17 Նոյեմբեր 2013, 11:43
2133 |

Իգոռռռոգրաֆիա

Ճանաչված մուլտի-ինստրումենտալիստ Գոթյե Սեռեն, ով ավելի շատ հայտնի է՝ որպես Իգոռռռ, Երևանին ցույց տվեց, թե ինչ է նշանակում միաժամանակ լսել բարոկկո, բրեյքկոր, մետալ, թրիփ-հոփ, ծիտիկների ծլվլոց ու մարդկային վայնասուն, կարճ ասած՝ բարոկկոկոր: Ֆրանսիացի երաժիշտը ստեղծագործում է 21 տարեկանից, արդեն 15 ձայնասկավառակ է թողարկել, մասնակցել բազմաթիվ նախագծերի: Երաժշտական ժանրերի ձեռնածուն համերգից հետո պատմեց երաժշտության հանդեպ իր մոտեցումների և տարօրինակությունների մասին:

Ժամանակին Իգոռ անունով ավազամուկ էիր պահում, անվան վերջում 2 «ռ» ավելացրեցիր, դարձավ առաջին նախագծիդ անունը, իսկ ի՞նչ կասես մյուս նախագծիդ՝ Whourkr-ի մասին:

- Լորեն Լանուար վոկալիստի հետ բավականին երկար ժամանակ ենք համագործակցում, իմ գրեթե բոլոր ալբոմներում լսելի է նրա վոկալ կատարումներն ու ոռնոցները: Երբ սկսեցինք աշխատել նոր նախագծի վրա, որտեղ ուզում էինք հավաքել երբևէ ստեղծված ամենածայրահեղ երաժշտությունը, մենք պարբերաբար մի քանի ժամով փակվում էինք խավար սենյակում և փորձում միմյանց հետ հաղորդակցվել ոչ թե ինչ-որ լեզվով, այլ կապակցելով տարբեր հնչյուններ: Փորձում էինք կռահել, թե ինչպես են հաղորդակցվել նախնադարյան մարդիկ, երբ լեզուներ չկային: Հետո, երբ լսում էինք այդ խոսակցությունների ձայնագրությունները, շատ ծիծաղելի էր:  Այնտեղ կար մի ձայն, որը բավականին հաճախ էր կրկնվում, դա հենց whourkr-ն էր, մենք էլ որոշեցինք այն նախագծի անվանումը դարձնել:

Համադրում ես տարբեր ժանրերը՝ բացատրելով, որ ուզում ես միաժամանակ լսել բոլորը: Նույնիսկ մարդկային ոռնոցներն ու կենդանական ձայնե՞րը:

- Երաժշտությունը ձայների, հնչյունների որոշակի հերթականություն է: Մարդկային ոռնոցն էլ է ձայնային ալիք, կենդանական ձայներն էլ, դրանք ստեղծագործությունների մեջ օգտագործելը զվարճալի է: Ես շարունակ փորձում եմ համադրել իրարամերժ, բարձր ու ցածր տոնայնության, հաճախականության ու ռիթմի երաժշտություն, որ  մարդիկ անընդհատ անակնկալի գան՝ լսելով այն, ինչ չեն սպասում:

Երգերում հնչում են նաև շամանական աղոթքներ, էթնիկ երաժշտական գործիքներ, իսկ հայկական երաժշտական գործիքների հնչողությանը ծանո՞թ ես:

- Երևան գալս լավ առիթ էր հայկական երաժշտությանը ծանոթանալու համար: Առայժմ քիչ բան գիտեմ հայկական ժողովրդական երգերի կամ երաժշտական գործիքների մասին, բայց շուտով կծանոթանամ ու հնարավոր է, որ առաջիկայում դրանք նույնպես օգտագործեմ:

 

Nostril ալբոմը Ֆրանսիայում ճանաչվեց մեթալ/էլեկտրո ժանրի 4 կարևորագույն ալբոմներից մեկը Մերլին Մենսոնի, Ministry-ի և Nine Inch Nails-ի կողքին, որոնք ավելի ավագ սերնդից են: Նրանք նաև օրինա՞կ են քեզ համար երաժշտություն ստեղծելիս:

- Կարծում եմ՝ ոչ: Մտերիմ ընկերներ ունեմ, որ Nine Inch Nails կամ Ministry են լսում,  Մերլին Մենսոնն ինձ համար փերֆորմանս անող է, ես չեմ հավանում նրա երաժշտությունը, նրան երաժիշտ չեմ էլ համարում: Այն, ինչ ես եմ անում տարբեր է՝ արդեն ստեղծված երաժշտությունները համադրելով՝ նոր երաժշտություն եմ գրում:

Hallelujah ալբոմիդ շնորհանդեսը ծրագրել էիր 2012-ի դեկտեմբերի 21-ին՝ իբր աշխարհի վերջին օրը: Ինքդ հավատո՞ւմ էիր դրան:

- Իհարկե՝ ոչ: Hallelujah-ի վրա սկսել էի աշխատել 2012-ի սկզբին, սեպտեմբերին հասկացա, որ ինձ դեռ մի 6 ամիս էլ է պետք լրամշակելու և դարձնելու այն, ինչ պետք է: Բայց երբ լսեցի աշխարհի վերջի մասին խոսակցությունները, ոգևորվեցի, սկսեցի ավելի արագ աշխատել և որոշեցի կատակ խաղալ՝ ալբոմիս շնորհանդեսը հենց այդ օրն անցկացնելով: Այդ օրը աշխարհի վերջին հավատացող մարդիկ բնավ հետաքրքրված չէին լինելու իմ ալբոմով, այնպես որ դա կոմերցիոն քայլ չէր, պարզապես զվարճալի էր:

Կա՞ երաժշտություն, որը լսում ես ազատ ժամանակ, բայց երբեք չես օգտագործի:

- Շատ եմ հավանում Դոմենիկո Սկարլատիին, Cannibal Corps, Portishead, Radiohead, բայց այդ երաժշտությունը չեմ կարող և չեմ ուզում օգտագործել, իմ ձևաչափից դուրս են, ուրիշ տրամաբանություն ունեն: Կան նաև ժանրեր, որոնց երբեք չեմ անդրադառնում ո՛չ իմ աշխատանքներում, ո՛չ էլ ազատ ժամանակ, օրինակ՝ ռեգգին, բայց դա չի նշանակում, որ այդ երաժշտությունը վատն է, պարզապես ինձ դուր չի գալիս:

Առաջին անգամ լսելիս քո երաժշտութունը կարող է անկանոն, խառնած ու անտրամաբանական թվալ, բայց իրականում ամեն ինչ հաշվարկված է, այնպես չէ՞:

- Ես գիտեմ, թե ամեն հաջորդ վայրկյանին ինչ պետք է հնչի, հենց դրա վրա եմ ծախսում ժամանակս, որպեսզի իդեալական համադրություն ստանամ, որին այլընտրանք չի լինի: Ցանկացած շեղում կարող է փչացնել երգը: Այս իմաստով ես պերֆեկցիոնիստ եմ, միշտ ձգտում եմ կատարյալին, իսկ երբ չեմ հասնում, կարող եմ օրերով չքնել, հիվանդանալ այդ մտքից: Կան երգեր, որոնց վրա աշխատել եմ մի քանի ամիս, նույնիսկ՝ տարի:

Փաստորեն իմպրովիզն անթույլատրելի ճոխություն է:

- Կարելի է և այդպես ասել: Իմպրովիզը կարող է շատ լավ արդյունք տալ, բայց կարող է նաև ամեն ինչ փչացնել, իմպրովիզն ինձ համար չէ:

Ալբոմներիդ պատկերազարդումները Միոշեն է անում: Միասի՞ն եք մտածում, թե նրա հայեցողությանն ես թողնում նկարելը:

- Միոշեն արտակարգ արտիստ է, շատ եմ հավանում նրա նկարազարդումները, բայց անպայման պետք է գլխին կանգնեմ, որ նկարի: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ կուզենայի, որ լիներ ալբոմիս կազմին, պարզապես զուրկ եմ նկարելու շնորհից, իսկ Միոշեն կատարում է հենց այն, ինչ ես մտածում եմ:

Ինչպիսի՞ն էր հայ հանդիսատեսը, ինչ-որ բանով տարբերվեց:

-  Ինձ հաճելիորեն զարմացրեց: Սովորաբար կան մի քանի կոնկրետ կատարումներ, որոնք հանդիսատեսը միշտ մեծ ոգևորությամբ է ընդունում և հակառակը. որոշ երգեր չհասկացված են մնում և սովորաբար մեծ պահանջարկ չունեն: Բայց Երևանում համերգի ընթացքում հենց այդ երկրորդ խմբի երգերը աննկարագրելի լայն արձագանք ստացան: Հանդիսատեսը շատ լավ զգում էր, թե ինչ եմ ուզեցել ասել, հասկանում տրամաբանությունն ու գնահատում: Սովորաբար համերգներիս ժամանակ խելացնոր թռվռում ու իրենց պատեպատ են տալիս, իսկ այստեղ թեև անշարժ կանգնած չէին, բայց նկատելի էր, որ ուշադրությամբ են լսում՝ փորձելով ընկալել, յուրացնել ամեն ինչ:

Այս թեմայով