13 Նոյեմբեր 2013, 11:22
4095 |

Վարպետ առանց աշակերտի

Երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Ռուբենի աշխատանքները տեսնելու, նրա հետ հետ զրուցելու ու ազգային նվագարանի որևէ նմուշ ձեռք բերելու համար պետք է այցելել արհեստանոց: Երբ հանդիպեցինք, տխուր էր ու հոգնած, աչքերում հիասթափություն էլ կար: Վաղ առավոտից թոռան հետ մի քանի մարզ են այցելել, բայց չեն կարողացել գտնել անհրաժեշտ ծիրանենու փայտը: Գործիքներ պատրաստելու համար մեկ տարվա մշակած փայտի պաշար վարպետը դեռ ունի, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, անհայտ է:

Ծիրանենու փայտի հետ վարպետ Ռուբենն աշխատում է 50 տարուց ավելի: Հպարտությամբ է նշում՝ կարողանում է կյանքի կոչել 7 ընտանիքի 56 գործիք՝ շվի, դուդուկ, սրինգ, զուռնա, պարկապզուկ, պկու, բլուլ: Երիտասարդ տարիներին, երբ ընտանիքի կովերն էր արածացնում հանդում, ինքն էր շվի նվագում: Հանդից հետո 16-ամյա Ռուբենը նվագում էր նվագախմբերից մեկում: Շվին այն ժամանակ թանկ գործիք էր, որոշեց անձամբ պատրաստել: Մեկ, երկու ու բոլորը հասկացան՝ Ռուբեն Ռուշանյանը բոլորից լավ է կարողանում երաժշտական գործիքներ պատրաստել: Տան բակում վարպետը փոքրիկ արհեստանոց պատրաստեց: Ասում է՝ ինքն էլ չհասկացավ, թե երբ դարձավ Վարպետ:

Բոլոր գործիքների համար Ռուբեն Ռուշանյանը օգտագործում է միայն ծիրանի փայտը, ժամանակի ընթացքում այն դեֆորմացիայի չի ենթարկվում: Վարպետի գործիքներով են նվագում թե՛ երիտասարդ երաժիշտները, թե՛ տարբեր համույթների պրոֆեսիոնալները: Վստահեցնում է՝ տարիների ընթացքում հաճախորդների պակաս չի էլ զգացել:

Հատկապես խորհրդային տարիներին վարպետի ձեռքի շնորհքի մասին բոլորը գիտեին: Արհեստանոցն էլ Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի նվերն է: Երբ իմացել է, որ վարպետն աշխատում է բնակարանում, անմիջապես լուծել է հարմարավետ արհեստանոցի հարցը: Հենց այդ նույն արհեստանոցում վարպետն աշխատում է արդեն 30 տարի:

Գործիքների ստեղծման նրբությունները չմոռանալու և, իհարկե, հետագա սերունդներին գիտելիքներն ու կուտակված փորձը փոխանցելու համար վարպետը պատրաստման բոլոր օրինաչափությունները գրի է առնում: Նշումներ կան նաև այն մասին, թե որ տարածաշրջանի ծիրանենու փայտն է լավը: Չ՞է որ յուրաքանչյուր գործիքի ծնունդը սկսվում է ճիշտ ընտրված փայտից: Այս հարցում մի քանի նրբություն կա. ծառը պետք է լինի ոչ բերրի հողում աճած, 30-ից 50 տարեկան: Կտրտված քառակուսիներն էլ պետք է մութ պայմաններում պահել, չորացնել առանց միջանցիկ քամու:

Թեև վարպետը գրառումները պարտաճանաչ կատարում է, բայց դեռևս չգիտի՝ դրանք ում է փոխանցելու: Արդեն քանի տարի է փնտրում է իր գործը շարունակողին: Աշակերտներ ինչպես գալիս, այնպես էլ գնում են, ոչ մի կերպ չի ստացվում գտնել այն միակին ու լավագույնին: Իսկ միակն ու լավագույնը լինելու, վարպետի աշակերտը կոչվելու համար պետք է համապատասխանել նրա պահանջներին, որոնք քիչ չեն՝ բարձր ճաշակ, լավ լսողություն, հաստոցները հետ աշխատելու հմտություն, մաթեմատիկայի ու ֆիզիկայի գիտելիքներ:

Քանի դեռ աշակերտը չի հայտնվել, վարպետը շարունակում է աշխատել, բայց ականջը դռան ձենի է՝ սպասում է իր հետնորդին:

Այս թեմայով