09 Հոկտեմբեր 2013, 14:35
370 |

Հանքն է կյա՞նք, թե՞ կյանքը` հանք

Արդյունաբերական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեցող հանքերի պակաս Հայաստանը չի զգում: Սակայն անխիղճ շահագործման արդյունքում էկոլոգիական խնդիրը մեր երկրում արդեն օրհասական է:

Վերջերս ակտիվորեն գլուխ են բարձրացնում զանազան քաղաքացիա-էկոլոգիական նախաձեռնություններ, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են հայրենական գանձարանը սնող, բայց հայրենի բնությունն ապականող արդյունաբերական կամ տեխնածին հանքերի մասին: Չարի՞ք է հանքարդյունաբերությունը, թե՞ ոսկե երակ, փորձել են պարզել ֆոտոլրագրողներ Նազիկ Արմենակյանը, Իննա Մխիթարյանը և Անահիտ Հայրապետյանը:
«Սոցիոկոպ» ՀԿ-ի նախաձեռնությամբ ամռան ամիսներին «աշխարհի «ամենահարուստ» քաղաքում» ՝ Քաջարանում, ֆոտոլրագրողները փորձեցին անցկացնել սեփական հետաքննությունը՝ պարզելու, թե ի վերջո հանքը սնում, թե՞ սննկացնում է պետությունը:

Քաջարանն արդյունաբերական մոնո քաղաք է, որն իր գոյության համար պարտական է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», որի արտադրանքն աշխարհի մասշտաբով խոշոր մաս է կազմում: Մոլիբդենի համաշխարհային պաշարների 6-8%-ն արդյունահանվում է Քաջարանում: Սակայն հարուստ արդյունաբերական քաղաքի բնակչությունն ապրում է աղքատության պայմաններում: Սրան են գումարվում կոմբինատի թունավոր միջավայրն ու քաջ քաղաքացիների առողջական խնդիրները:

Հանքն «ապրում է», որովհետև այնտեղ ապրում են մարդիկ: Իսկ մարդիկ ապրում են, քանի որ «ապրում է» հանքը: Պարադոքսն ակնհայտ է:
Ֆոտոլրագրողների հետաքննության արդյունքում բացահայտված սոցիալական պարադոքսներն ու «քաջ» քաղաքի անվախ վախերը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ վավերագրվել են լուսանկարչական ու տեսանկարահանող խցիկների օբյեկտիվներում:
Հոկտեմբերի 8–ից 12–ը ՆՓԱԿ-ի այցելուները կտեսնեն այն, ինչ արձանագրել են ֆոտոլրագրող կանայք: «Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը» ցուցահանդեսում բացահայտված են հանքարդյունաբերության չարիքներն ու բարիքները: Նախագծի շրջանակներում հետաքննողները ստեղծել էին մուլտիմեդիա-ֆիլմ, որն առավել պատկերավոր է ներկայացնում Քաջարանը, կոմբինատն ու քաջ քաղաքացիներին:

Այս թեմայով