14 Սեպտեմբեր 2013, 11:35
2319 |

Կնքահայրը

ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը ծնվել է 1931-ին Կրասնոդարում: 1957-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական իստիտուտը: Դիպլոմային աշխատանքը՝ «Մղձավանջային օրեր» կոմպոզիցիոն կտավը, դարձավ երիտասարդ նկարչի այցեքարտը:1957-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: Ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցնում հայրենասիրական գործերը: Բազմաթիվ աշխատանքներ կան եղեռնի թեմայով: Հորական պապը Սասնա Գելիեգուզան գյուղից էր, տատը` Մշո դաշտի Խաս գյուղից, մորական կողմը՝ Վանից: Մեծ գերդաստանից մի քանիսն են կոտորածից փրկվել և հաստատվել Կրասնոդարում: Զուլում Գրիգորյանն ամուսնացած է, ունի երկու զավակ, կինը մահացել է: Իր տուն-արվեստանոցում այժմ ապրում է միայնակ՝ շրջապատված հին իրերով ու թանկարժեք հուշերով:

Ձեր անձի նման օրիգինալ է նաև ձեր անունը՝ Զուլում: Ի՞նչ պատմություն ունի այն:

- Իմ ծնունդն ամենևին հորս չի ուրախացրել: Հորեղբորս տղան մահացավ հենց այն օրը, երբ ես ծնվեցի: Ու հայրս նրա մահը մեծ դժբախտություն համարեց մեր տոհմի համար, իսկական զուլում: Էդպես անունս դրեց Զուլում: Շատերն են ասում` ինչի՞ չես փոխել,  բայց ես երբեք չեմ նեղվել իմ անունից: Թեկուզ հենց հորս հիշատակի համար ձեռք չեմ տվել: Անուն է, էլի: Վալտեր լիներ, լա՞վ էր…

Եղեռնից հետո այլոց պես ձեր ընտանիքն էլ տարիներ շարունակ հանգրվան է գտել օտարության մեջ: Որտե՞ղ եք դուք ծնվել:

- Մերոնք գաղթել էին Կրասնոդար, որտեղ էդ տարիներին սովից միլիոնավոր մարդիկ էին մահանում: Մենք Բաթումում բարեկամ ունեինք: Հայրս մորս ու երկու երեխաներինուղարկեց Բաթում, որ սովամահ չլինեն: Ինձնով հղի էր մայրս. սնունդ էր պետք: Ծնվել եմ Բաթումում` 1931-ի դեկտեմբերին, բայց ծննդյան վկայական ստացա վեց ամիս հետո, երբ նորից մայրս վերադարձավ Կրասնոդար: Անձնագրումս գրեթե ոչ մի տվյալ չի համապատասխանում իրականությանը` ծննդավայր, ամիս-ամսաթիվ, նույնիսկ հայրանունս ուրիշ է:

Հայրանո՞ւնն ինչու են սխալ գրել:

- Հայրս ամբողջ կյանքում ստիպված է եղել եղբոր փաստաթղթերով հանդես գալ: Կոտորածից հետո ոչինչ չի ունեցել, ձեռքին միայն անհետ կորած եղբոր անձնագիրն  էր: Ուրիշ տարբերակ չի եղել, եղբոր անձնագրով էլ շարունակվեց կյանքը:

Ձեր կտավներում ցավոտ երանգներ հաճախ ենք տեսնում: Եղեռնի թեման հանգիստ չի՞ տալիս::

- Դա իմ արյան մեջ է, արյան կանչն է: Հայրս տանջվեց մինչև կյանքի վերջին վայրկյանը. ամբողջ գերդաստանին իր աչքի առաջ էին կոտորել: Պատմում էր, թե ոնց են թուրքերը մտել գյուղ, հարսներին ու թոռներին լցրել հացատունն ու վառել: Հայրս սարերով փախել է, բայց շրջվել ու նույնիսկ տեսել, թե տատիս ոնց են գցում թոնիրը... Տասնյակ նկարներ ունեմ կրակոտ  ու ցավոտ գույների մեջ:

Կրասնոդար, Բաթում, հետո կրկին Կրասնոդար: Իսկ ե՞րբ հասաք Հայաստան:

 - 7 տարեկան էի, երբ ընտանիքիս  հետ Կրասնոդարից տեղափոխվեցինք Լենինական: Ընդամենը մի քանի տարի հետո` 41-ին, հորս տարան բանակ, ու ամբողջ հայրենական պատերազմի ընթացքում մայրս մենակ մեծացրեց 3 զավակներին` կար անելով, կով կթելով...տան մեջ կով էինք պահում, պատկերացնո՞ւմ ես:

Չնայած սովին, պատերազմին, գաղթին` և՛ դուք, և՛ ձեր եղբայրն ու քույրը կարողացել եք մասնագիտություն ձեռք բերել, դեռ ավելին` երեքդ էլ լավագույններից եք ձեր ասպարեզներում:

- Մորս շնորհիվ է, փոքրիկ կին էր, մոտ 37 կգ: Բայց հոգեպես ու ֆիզիկապես ուժեղ էր, երևի ի վերուստ էր էդ ուժը: Հայրս գերի էր ընկել, հետո աքսորվել, մենք անհեր ենք մեծացել: Եղբայրս լավ քյամանչիստ էր՝ պարի անսամբլինը, ոչ թե պատահական քյամանչիստ: Քույրս սպորտի վարպետ էր՝ առաջին աղջիկ-վարպետը: Ցավոք, նրանք երկուսն էլ չկան:

Ես ինը տարեկան չկայի, որ սկսեցի հաճախել Լենինականի նկարչական գիմնազիան ու լրջորեն զբաղվեցի կերպարվեստով: Դպրոցը դեռ չէի ավարտել, գնացի Լենինգրադ:  Ակադեմիային կից դպրոց կար, ընդունվեցի, սովորեցի: Ինձ ինչ-որ ձայն միշտ կարծես ասում էր` դու հանգիստ գործդ արա, դու կդառնաս էն, ինչ ուզում ես: Ես երևի ամենաերջանիկ մարդն էի աշխարհում, երբ պետությունն ինձ 28 քմ տուն տվեց: Տուն չունեինք, կնոջս հետ երեխեքիս գրկած է՛ս տնից է՛ն տունն էինք վարձում: ՀԻշում եմ՝ ինչ երջանիկն էի, երբ որդիս ծնվեց: Էդ մեծ ուրախությունս Պարույր Սևակի հետ եմ կիսել: Հենց ինքն էլ որդուս անունը դրեց Մուշեղ:

Մեծերի հետ եք ընկերություն արել:

- Հա՜, Խորիկն ու Ֆրուզը լինեին, կպատմեին` ինչ օրեր ենք անցկացրել...Օրերով տուն չէինք գնում ընկերներով: Էն ժամանակ տղերքը բոլորն էլ վոլգա ունեին` Խորիկն էլ, Ֆրունզն էլ, Դովլաթյանն էլ: Լցվում էինք ավտոները`ուղիղ Դագամիս: Շա՜տ եմ կարոտում ընկերներիս:

Աստվածավախ չեք, բայց ձեր ընկերներին մկրտել եք, հայտնի քավոր եք:

- Երբեք չեմ մոռանա տղերքի կնունքը: Մի կերպ տեղավորվեցինք զապիս մեջ, գնացինք Էջմիածին: 67 թիվն էր, մինչև հասանք, արդեն ժողովուրդը դուրս էր գալիս եկեղեցուց: Գնացի, տերտերն ասեց՝ փակում եմ, վաղն եկեք, ասի` չէ, խնդրում եմ, հեռվից ենք եկել:  Մի կերպ համոզեցիեկա ասի` տղերք, իջեք: Բայց պատկերացնում եք չէ՞, Խորիկին ավտոյից դուրս գալուց ի՞նչ կաներ ժողովուրդը: Բա՞ Ֆրունզին… Կնքվելուց հետո Ֆրունզն իր խաչը կորցրեց, խմել էր մի տեղ, խաչը կորցրել: Բայց Խորիկն էդ խաչը վզին մահացավ: Դժվար է, դժվար, առանց իրանց շա՜տ դժվար է: 53 թվից ընկերներ էինք. իրար հետ ուտում էինք, խմում, վիրավորվում, հետո սիրում, ամեն ինչ իրար հետ էինք անում: Կարոտում եմ, շատ եմ կարոտում...

Հայտնի աշխատանքները`
«Գարուն  էր» (1967)
«Երեք  սերունդ» (1968)
«Մղձավանջային օրեր» (1955-57)
«Զեյթունցիներ» (1959-61)
«Զեյթունցիների  ինքնապաշտպանությունը» (1962)
«Տեսիլք» (1979)
«Հաց  հանապազօրյա» (1973)
«Կարոտ» (1971)
«Արդարադատություն» (1980)

Այս թեմայով