11 Սեպտեմբեր 2013, 16:57
2212 |

Սպիտակի անտեսված գեղեցկությունը

«Անտեսված գեղեցկություն» նախագիծը, որի վրա նկարչուհի Հասմիկ Ավետիսյանն աշխատում է արդեն մեկ տարուց ավելի, ալբինոսերի մասին պատմելու փորձ է: Նրա միշտ ջերմ ու հյուրընկալ արվեստանոցը դարձավ է՛լ ավելի վառ ու գեղեցիկ, երբ հայտնվեցին այս զարմանալի մարդկանց դիմանկարները: ImYerevan.com-ը որոշեց զրուցել նրա հետ նախագծի ու առաջիկա ցուցահանդեսի մասին:

Հոկտեմբերին բացվում է ալբինոսներին նվիրված Ձեր ցուցահանդեսը: Ի՞նչը դրդեց անդրադառնալ այս թեմային: Ինչի՞ հետ է կապված նկարների այսպիսի շարք ստեղծելու միտքը:
- Սկսեմ գլխավորից. ես մտածում եմ գույներով: Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր որոշակի գույնը: Օրինակ՝ երկու աղջիկներիս ծնվելուց հետո սկսվեց գրաֆիկայի շրջանը, ու այդ ժամանակ երանգները խաղաղ էին: Երեխաների մեծանալուց հետո տեղի ունեցավ գույների մի տեսակ պայթյուն. դրանք դարձան վառ, կենսուրախ: Այն, ինչը մի ժամանակ չէի կարողանում արտահայտել, ցայտեց ֆիգուրատիվ աբստրակցիայի ու հագեցած գույների տեսքով: Ներաշխարհս հանգստացավ, երբ դուրս հանեց իմ մեջ անգործուն նկարչության տարիների ընթացքում կուտակվածը, ես էլ հագեցա գունային գամմաների խտությունից: Ինչ վերաբերում է սպիտակին, ապա երկար ճամփա եմ անցել դրա նման մաքուր գույնին հասնելու համար: Երբ երեխա էի, սպիտակով ողողված մի նկար տեսա ու մտածեցի, որ կգա օրը, երբ ես էլ կստեղծեմ այդպիսին: Սա դարձավ կախվածություն. ժամանակ առա ժամանակ փորձում էի, բայց հասկանում էի, որ դեռ պատրաստ չեմ: Իմ մեջ կային այլ չարտահայտված գույներ: Սակայն երբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձա սպիտակին, հասկացա, որ մտածելակերպս էլ էր փոխվել. բացարձակ աբստրակցիոնիզմից անցա հիպերռեալիզմի: Մի ժամանակ նկարում էի հաստ շերտերով, բայց հետո որոշեցի, որ մակերևույթը պետք է լինի շատ հանդարտ, գրեթե հարթ: Կարծում եմ նաև, որ ինձ սկսեց մտահոգել հանդուրժողականության, օտարը, ուրիշը, անսովորն ընդունելու թեման: Այս ամենին կարելի է ավելացնել դեմքեր նկարելու հանդեպ ունեցած սերս: Ահա այս ամենն էլ միավորվեց ու կազմեց ալբինոսների թեման:

Հայաստանում ալբինոսները շա՞տ են:
- Որքան գիտեմ՝ այստեղ քիչ են: Ինչ զբաղվում եմ այս հարցով, ամբողջ ժամանակ փնտրում եմ նրանց, սակայն ոչ մեկին չեմ տեսել՝ մեկ-երկու մարդուց բացի: Եթե համաձայնեն, անպայման կհրավիրեմ իմ ցուցահանդեսին: Հուսամ, որ նախագծիս մասին լսելով՝ կարձագանքեն, ու կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն ինձ գտնել նրանց:

Ո՞րտեղ են ամենաշատ ալբինոսները:
- Ամենուր: Որոշ երկրներում ալբինոսությունն ունի բարդ հետևանքներ: Ինչպես գրված էր մի հոդվածի մեջ՝ «ծնվել որպես ալբինոս՝ նշանակում է մահանալ»: Սա վերաբերում է, բնականաբար, Տանզանիայի, Քենիայի, Բուրունդիի պես հետամնաց երկրներին: Կա տարօրինակ օրինաչափություն. ալբինոսների մեծ մասը ծնվում է Աֆրիկայում: Արևելյան Աֆրիկայում նրանց տոկոսը անոմալ բարձր է՝ այլ երկրների միջինից տասնապատիկ ավելի: Այդ սև զանգվածում «ամբողջովին սպիտակ» ծնվելը համարվում է հատուկ իրադարձություն, երկնային նշան: Նրանց այնտեղ անվանում են «լուսնի երեխաներ»: Ահավոր է, որ Աֆրիկայում ալբինոսների սպանությունը դարձել է արդյունաբերություն, բիզնես: Այնտեղ հավատում են, որ ալբինոսությամբ տառապողների ոտքերը, սեռական օրգանները, աչքերն ու մազերը տալիս են հատուկ ուժ ու առողջություն: Բարեբախտաբար, հիմա կան կազմակերպություններ, որոնք պաշտպանում են նրանց:

Որքան խորանում եմ այս հարցում, այնքան հասկանում եմ, թե որքան է այն բարդ ժամանակակից հասարակության համար: Հնարավար է, որ դա նոր, շատ գեղեցիկ ռասսա է: Նրանք ունեն աստվածային, անապակ տեսք: Իրականում մեզ պես մարդիկ են, ուղղակի ունեն մեկ տարբերություն. օժտված են անմեղ, սպիտակ գույնով: Չունեն որևէ հոգեկան շեղում: Ալբինոսությունը ժառանգականություն է՝ մաշկի, մազերի, աչքերի եղջերաթաղանթի պիգմենտի բացակայություն: Նրանք տարբեր են, բայց դա գեղեցիկ տարբերություն է: Մի տեսակ անպաշտպան են, ու դա խղճահարություն է առաջացնում: Բայց ամեն դեպքում՝ հիասքանչ են:

Ինչպե՞ս եք ընտրում կերպարներ: Հորինո՞ւմ եք, թե՞ իրական մարդիկ են:
- Ալբինոսների լուսանկարներն ընտրում եմ համացանցում, քանի որ կան այս գեղեցկությունը ցուցադրող լուսանկարիչներ: Ալբինոսների մեջ էլ բոլորը չեն գեղեցիկ: Նախագիծս կոչվում է «Անտեսված գեղեցկություն», ուստի ջանում եմ ընտրել գրավիչ մարդկանց: Նպատակս նրանց գեղեցկությունն ու անպաշտպանությունն ի ցույց դնելն է: Ընտրում եմ մանրակրկիտ. ոչ մի կերպար չպետք է կրկնվի: Կան աֆրոամերիկացի, չինացի ու եվրոպացի ալբինոսներ: Կա ծերունի, կան երիտասարդ աղջիկներ ու տղաներ, կանայք, տղամարդիկ, զույգեր ու նույնիսկ աշխարհահռչակ երկու մոդել: Մարդու տեսակը պետք է ինձ անպայման հետաքրքրի ու հուզի:

Մարդկանցից բացի՝ նկարում եք նաև ալբինոսներ կենդանիներ …
- Սկզբում մտածում էի, որ նկարելու եմ միայն մարդկանց, սակայն տեսնելով այս սպիտակությունը բնության մեջ՝ հասկացա, որ չեմ կարող ձեռնպահ մնալ: Նախագիծն ամբողջական չէր լինի առանց դրա: Ինձ հարկավոր էր ցույց տալ, որ ալբինոսները բնության մասն են, ու պետք է այն ընդունել, ինչպես կա: Շատերն են տեսել ալբինոս սիրամարգը. իսկական հրաշք է: Սովորական սիրամարգն իր գույներով նույնպես հիասքանչ է, բայց սպիտակելով ստանում է գերբնակա՛ն մաքրություն:

Մինչև ցուցահանդեսը մնացել է մեկ ամիս: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Ունեմ հաճելի զգացողություններ: Դեռ չեմ հանդիպել նախագծով չհետաքրքրված որևէ մեկի: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի Հայաստանի, հայերի համար: Եվրոպայում, թերևս, եղել են նման ցուցահանդեսներ, բայց այստեղ ոչ ոք չի բարձրացրել մեզ համար այդքան տարօրինակ այս հարցը: Ուրախ եմ, որ դա կարվի նախագծիս շնորհիվ:

Այս թեմայով