04 Սեպտեմբեր 2013, 11:33
2562 |

Բոհեմական լուսանկարչուհին

50 տարվա ընդմիջումից հետո Իդա Քարի լուսանկարները նորից Հայաստանում են, Ե. Չարենցի տուն-թանգարանում։

Իդա Քար. այս անունը գրեթե անծանոթ է, այնինչ նախորդ դարասկզբին լուսանկարչական արվեստում համաշխարհային ճանաչում է վայելել։ Նա հայտնի էր «Բոհեմական լուսանկարչուհի» անվամբ ու իրենից հետո թողել է 10 000-ից ավելի լուսնակարներ, որոնց մի մասը ցուցադրվում է հեղինակավոր սրահներում, մյուսները մասնավոր հավաքածուներում են։ Իդա Քարը հայուհի է՝ Իդա Քարամյան, ծնվել է 1908-ին Տամբովում։ Շրջելով աշխարհի տարբեր երկրներում՝ Իդա Քարը լուսանկարչական ժապավենին է հանձնել գտնված, բացառիկ կադրեր։ 1933-ին Կահիրեում հիմնել է «Իդաբել» լուսանկարչական ստուդիան։ 2011-ին Լոնդոնի Դիմանկարների Ազգային Պատկերասրահը ցուցահանդես է նվիրել Իդա Քարի ստեղծագործություններին։

1957-ին Իդա Քարն առաջին անգամ այցելել է Հայաստան ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով։ Հանդիպել է Ավետիք Իսահակյանին, Գոհար Գասպարյանին, Ալբերտ Ազարյանին, լուսանկարել նրանց, շրջել երկրով մեկ ու ստեղծել հայաստանյան շարք՝ հայ մանչուկներ, փայտե առաջին կարուսել, գինեգործներ, հայկական բերք-բարիքի շուկա, կոլտնտեսականներ։ Լուսանկարները հրատարակվել են նաև «Թեթլեր» ամսագրում՝ «Վերադարձ Հայաստան» խորագրով։

50 տարվա ընդմիջումից հետո այդ լուսանկարները նորից Հայաստանում են։ Ցուցադրվեցին Ե. Չարենցի տուն-թանգարանում։ Դրանք ամերիկաբնակ բարերար դոկտոր Վիրջինյա Դևիսի հավաքածուից են։ Տիկինը լուսանկարները տրամադրել է հայաստանյան ժամանակավոր ցուցադրությանը։ 2012-ին նաև հովանավորել է, որպեսզի Տորոնտոյում կազմակերպվի հայ լուսանկարչուհու «Վերադարձ Հայաստան» շարքի ցուցահանդեսը։

Հայաստանում եղած ժամանակ Իդա Քարին ուղեկցել է Վագեն Առաջինի գավազանակիրը՝ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։ Նրա հուշերում Իդան երեսնամյա կրակոտ, տաղանդավոր մարդ է, որ իր հայրնիքի ամեն անկյունը տեսնելով՝ թռչկոտում ու ոգևորվում էր. «Նա հպարտ էր, որ հայ է, դեմքին լուսավոր արտահայտություն կար, որ ավելի էր պայծառանում, երբ նոր վայրեր էր այցելում։ Նա ինձ էլ լուսանկարեց։ Վեհափառն այդ նկարն Իդայից 2000 ռուբլով գնեց։ Վստահ եմ՝ դա ուղղակի առիթ էր, պատրվակ՝ նրան լավություն անելու»,- պատմեց Եղիշե ավագ քահանաՍարգսյանը։

Մերօրյա լուսանկարչուհի Մարինե Մխիթարյանի վրա մեծ ազդեցություն է թողել Իդա Քարի արվեստը, ոգեշնչել, որպեսզի նա էլ վարակվի լուսանկարչությամբ։ Մարինեն բազմաթիվ լուսանկարներ ունի, որոնց մի մասը Իդա Քարի աշխատանքների հետ մեկտեղված են Չարենցի տուն-թանգարանի ցուցահանդեսում ու կրում են «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը։ Մարինե Մխիթարյանի լուսանկարներից մեկում Իդա Քարի՝ Եղիշե քահանայի լուսանկարն է՝ կողքին հենց ինքը՝ Եղիշե քահանան՝ տասնամյակներ անց. խորհրդանշական լուսանկարում կեսդարյա ժամանակն է, երիտասարդ ու արդեն ճերմակած հոգևորականը։ imyerevan.com-ի լուսանկարչուհի Սոնա Քոչարյանը շարունակական դարձրեց Իդա Քարի ու Մարինե Մխիթարյանի լուսանկարների պատմականությունը։ Նրա լուսանկարում երեք Եղիշեներ կան արդեն, որոնց թիվն այլ լուսնկարիչներ նույն հնարքով կարող են բազմապատկել։

Այս թեմայով