01 Սեպտեմբեր 2013, 10:27
2694 |

100-ամյա ազդագրերը հանվեցին արխիվից

Ցուցահանդեսը բացվել է «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում, որը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին է, սակայն թանգարանի աշխատակազմը խոստացավ, որ ցուցադրությունն առնվազն մեկ ամիս բաց կլինի բոլոր հետաքրքրասերների համար:

Թատերական և օպերային ցուցապաստառների, ազդագրերի սիրահարներին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը բացառիկ հնարավորություն է ընձեռել դրանք սեփական աչքով տեսնելու: Առնվազն կես դարը գերազանցող տարիքով պաստառները, իհարկե, ներկայացված էին ոչ բնօրինակներով: Տուն-թանգարանի առաջին հարկում բացվել է ցուցահանդես, նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագույն նմուշները դուրս են եկել թանգարանի արխիվից: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային ճանաչում ունեցող հրատարակչատների կողմից և ներկայացնում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները՝ Մ. Բելյաև (Լայպցիգ), Պ. Յուրգենսոն (Մոսկվա), Վ. Բեսսել (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլ (Մոսկվա) և Մ. Բեռնարդ (Ս. Պետերբուրգ): Ընդ որում, դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչև օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը: Ուստի ցուցանմուշները նաև հարյուրամյա երաժշտական հրատարակչության յուրահատկություններին ծանոթանալու հիանալի առիթ է:

Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակը երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանն է: Նրա խոսքով` ցուցանմուշների բնօրինակները մեծ մասամբ Սպենդիարյանի տուն-թանգարանի արխիվից են, ինչպես նաև Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից: «Հիմնականում փորագրության տեխնիկայով են կատարված, ընդ որում շատերը տարիների ընթացքում վնասվել էին և նախքան պատճենելը վերականգնման կարիք ունեին, ինչը նույնպես ժամանակ և համբերություն էր պահանջում», - պատմում է Լիլիթը: Նրա խոսքով` ցուցադրությունը կազմելու համար շուրջ կես տարի շատ լուրջ ուսումնասիրություն է կատարվել, և դա նկատելի էր, հատկապես երբ ուշադրություն ես դարձնում ցուցանմուշներին կից գրություններին, որտեղ մանրամասնորեն նկարագրված է դրա ստեղծման տարեթիվը և պատմությունը:

Ցուցանմուշները մեկը մյուսից յուրահատուկ ու դիտարժան էին: Դրանցից մեկը, օրինակ, 1939-ին պատրաստված «Ալմաստ» օպերայի ազդագիր էր` հայ միջնադարյան մանրանկարչության մեջ ժամանակին տեղ գտած Աստվածաշնչի խորանի պատկերման կրկնօրինակմամբ` ճոխ ու վառ գույներով: Մյուսը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ից տպավորված Սպենդիարյանի ստեղծած երաժշտության նոտաների անվանաէջն էր` մաեստրո Մարտիրոս Սարյանի կատարմամբ: Որոշ ազդագրեր վստահորեն կարելի էր դասել 20-րդ դարասկզբի ավանգարդին, իսկ մյուսները փայլում էին տառատեսակների բազմազանությամբ: Եվ այդ ամենը` ձեռքի աշխատանք, այլ ոչ թե ավտոմատ:

Ցուցահանդեսը բացվել է «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում, որը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին է, սակայն թանգարանի աշխատակազմը խոստացավ, որ ցուցադրությունն առնվազն մեկ ամիս բաց կլինի բոլոր հետաքրքրասերների համար: 

Այս թեմայով