31 Օգոստոս 2013, 11:40
9649 |

Արայիկնոցի շրջանավարտները

Մարշալ Բաղրամյան 2 հասցեում՝ նախկին Pioneer բարի տեղում, Արա Միսակյանի ֆոտոստուդիան էր, ավելի հայտնի որպես «Արայիկնոց»՝ ռոք երաժշտության, ազատության ու հույսի աշխարհը: Հեռավոր 80-ականներին չճարվող կամ արգելված ռոք խմբերի ալբոմներն ու լուսանկարները այստեղ էին «բնակվում»: Դրանց գոյությունն իմաստավորում էին մեր քաղաքի ռոքասերները, որ հիմա աշխարհով մեկ են սփռված: Մոտ 20 տարի է Արայիկնոցն այլևս պատմություն է, «բայց ռոք ակումբի նախատիպ» պիտակը ստացած վայրի մասին հիշողությունները, կարոտն ու երախտիքը շարունակում են միավորել մի ժամանակ այստեղ «բնակվողներին»:

Արման Պադարյան, 42 տարեկան
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր
1987 թվականին Երևան եկա: Այդ ժամանակ 17 տարեկան էի: Սեպտեմբերն էր, երբ համակուրսեցուս՝ Տիգրան Վարդանյանի, հետ առաջին անգամ գնացինք Արայիկի ֆոտոստուդիա, որովհետև իմացել էինք, որ այնտեղ կարելի էր ռոքի ցանկացած ստեղծագործություն ձայնագրել: Գնացինք, որ Emerson, Lake and Palmer–ի առաջին ալբոմը ձայնագրենք: Դրանով զբաղվում էր Արայիկի ընկերը՝ Վարդանը: Արդյունքում՝ ծանոթացանք մի քանի երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրվեցին, թե ինչ երաժշտություն ենք լսում: Վարդանն էլ, իր հերթին, զրուցեց ինձ հետ, տեղեկացավ երաժշտական նախասիրություններիս մասին ու Emerson, Lake and Palmer–ի ալբոմից բացի՝ որպես բոնուս թրեք Madness-ը ձայնագրեց: Նույնիսկ ծիծաղելի է, բայց մինչ այժմ լսում եմ այդ ձայնագրությունները:


Արայիկնոցում երկու սենյակ կար՝ ընդունարանն ու ստուդիան. վերջինս բազմաթիվ անկյուններ ուներ: Ռոքի սիրահարները լուսանկարվում էին աջ անկյունում՝ The Rolling Stones խմբի ալբոմների ֆոնին: Ի դեպ, Արայիկ Միսակյանը խմբի մոլի երկրպագուն էր: Ինքն էլ դեռ 60-70-ականներից սկսած մի քիչ կարճ ջինսե տաբատներ էր կրում, որպեսզի գուլպաները երևան՝ Ջագերին էր նմանվում:
Երբ Արայիկնոց էիր մտնում, վերջապես կարողանում էիր ազատ ու հանգիստ շունչ քաշել, որովհետև հայտնվում էիր քեզ հասկացող մարդկանց շրջապատում: Այստեղ էին գալիս Տիգրան Պապյանը, Արտյոմ Այվազյանը, Վարդանը, Վարդան ու Միշա Դեմիրխանյանները, Անդրեյ Հայրապետովը, Արայիկ Лошадь-ը, Շուռը, Միշա Աբազյանը՝ Աբազը, Սեմը, Добрость-ն ու մյուսները: Պապյանը հիմա Իսրայելում է բնակվում, Արտյոմը՝ Երևանում հայտնի ռադիո պրոդյուսեր է, ռոք հանրագիտարանի հեղինակ, Վարդանն ու Միշան «ԱրդՇինԻնվեստԲանկ»-ում են աշխատում, Անդրեյը, նույն ինքը Халява-ն, ռեժիսոր է, բնակվում ու աշխատում է Մոսկվայում, Արայիկն էլ Մոսկվայում է՝ ակումբներից մեկի գեղարվեստական տնօրենն է, Սեմը մեդիա փորձագետ է, Աբազը IT ոլոր-տում է, Շուռը ճարտարապետ է, իսկ Добрость-ը… նա մահացավ ԱՄՆ-ում:


Արայիկնոցում հավաքվում էին ոչ միայն ռոք լսողները, այլ նաև նրանք, ովքեր փորձում էին որևէ գործիք նվագել կամ երգել: Շատ ու շատ երիտասարդներ, որոնք հետագայում հայտնի դարձան որպես ռոք երաժիշտներ, հենց Արայիկնոցի «դպրոցն» են անցել: Ավելին ասեմ՝ Արայիկնոցում էին տեղի ունենում նրանց առաջին համերգները: Իսկ տոմսը սերն էր The Beatles-ի, Deep Purple-ի, Led Zeppelin-ի, The Rolling Stones-ի, Ջիմի Հենդրիքսի հանդեպ: Այստեղ շատ էին նաև ռոքի գենետիկայի վերաբերյալ քննարկումներն ու խոսակցությունները: Ամեն ինչ յուրահատուկ էր՝ պատերին փակցված լուսանկարներից սկսած մինչև Ֆոտոստուդիա եկող հյուրերը: Ինքս Թիֆլիսից եմ Երևան եկել, այժմյան բոլոր երևանցի ընկերներիս համար Արայիկնոցին եմ պարտական: Օրինակ՝ համակուրսեցիներիս հետ չեմ հանդիպում, իսկ Արայիկնոցի «համալսարանի շրջանավարտները» մինչ այսօր մտերիմ ընկերներս են:
Խորհրդային Միության ու հետխորհրդային ծանր տարի-ներին Արայիկնոցն ու ռոք երաժշտությունն ասոցաց-վում էին ազատության մասին երազանքի ու պայծառ ապագայի հավատքի հետ: Հենց այդ հոգեվիճակն էր օգնում մեզ գոյատևել շրջափակման ծանր տարիներին, երբ շատերը հեռացան Երևանից: Տպավորություն էր, որ ռոք երաժշտությունը մեզ յուրահատուկ է դարձնում, որովհետև անհասանելի էր հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Հետո մեծացանք ու հասկացանք, որ յուրա-հատուկ չէինք, բայց տարբերվում էինք մյուսներից: Հիմա ռոքը փող վաստակելու մեքենա է, շատ ռոք երաժիշտներ վատ սովորություններ ունեն, իսկ մենք իդեալիստներ էինք ու մեզ համար ռոքը վսեմության գաղափարի կրողն էր: Միգուցե մենք սխալվում էինք, բայց ես դրա համար չեմ փոշմանել:

Արսեն Կարապետյան, 39 տարեկան
Ճարտարապետ
1980-ականների վերջն էր, երբ սկսեցի Արայիկնոց գնալ: Դպրոցական ընկերներս էին ասել այդ վայրի գոյության մասին: Այդ շրջանում փորձում էի կիթառ նվագել սովորել և, բնականաբար, ընկերներով ուզում էինք ինչ-որ տեղեր գտնել, որտեղ կարելի էր հավաքվել, նվագել, երաժշտություն լսել:
Արայիկնոցի նախասրահը սրտաբաց էր և լուսավոր, այստեղից դռնով մտնում էինք ստուդիա: Չնայած հաճախ էի լինում այնտեղ, ամեն անգամ մի տեսակ ձգվում էի, որովհետև նկարչի արվեստանոց էի մտնում: Նախասրահի և ներսի սենյակի տրամադրությունները շատ տարբեր էին. եթե առաջինում կարելի էր ընկեր-ներով նստել, զրուցել, աղմկել, ապա ներսում՝ արվես-տանոցում, անհնար էր չենթարկվել Արայիկին, որը աշխատելուց դառնում էր խիստ, երբեմն կոպիտ, մտածելով միայն իր ստեղծագործության մասին:


Արայիկը Երևանում հայտնի Միսակյանի՝ լուսանկարչական դինաստիայի շարունակողն էր: Շատ հետաքրքիր էր Արայիկի աշխատելը: Նա երբեք առանց ոգևորվելու չէր լուսանկարում, նույնիսկ եթե անձնագրի լուսանկար էր: Կարող էր հաճախորդին տուն ուղարկել, ասելով՝ «Այսօր դու պատրաստ չես», կամ՝ «ազատ չես նստած, hայացքդ լավը չի այսօր»: Նույնիսկ զավեշտալի դեպքեր էին լինում: Մի անգամ մի զույգ եկավ, Արայիկը ամուս-նուն ասաց՝ «Դու ի՞նչ գործ ունես ստուդիայում, դուրս արի, այնտեղ սպասի, որ կինդ չկաշկանդվի»: Ամուսինը վիրավորվեց, քիչ էր մնում կռիվ աներ: Հաճախ լինում էր, որ նստած զրուցում էինք, մեկ էլ Արայիկը՝ խոսքը կեսից ընդհատելով, վեր էր թռչում, մեկնումեկին ասում էր՝ «արի շուտ», տանում էր ներս ու նկարում: Դա նշանակում էր, որ մի բան մտքով անցավ. նոր լուսավորության տարբերակ, նոր ռակուրս: Փորձեր էր անում անընդհատ, ստեղծագործում:


Նախասրահի գլխավոր զարդը ապակե պատն էր՝ ներ-քևից վերև ծածկված The Beatles-ի փոքր լուսանկարներով, որը սակայն ծածկված էր ծանր անթափանց վարագույրով, և այդ պատը տեսնելու պատվին պետք էր դեռ արժանանալ: Բոլոր լուսանկարները համարակալված էին, համարներով կարելի էր պատվիրել՝ կարծեմ մեկ ռուբլիով: Բացի դրանից, կարելի էր պատվիրել մեծ չափսի չտեսնված որակի ֆոտոթղթի վրա տպված պաս-տառներ: Ես մինչև հիմա պահպանել եմ 2 կամ 3 երեք նման պաստառ: Արայիկնոցում հավաքները ծրագրված չէին՝ անցնում էինք կողքով ու անպայման մտնում էինք՝ մեկ էլ տեսար ծանոթ մարդու հանդիպեինք: Լավ հիշում եմ Վալեռա անունով մի շատ յուրահատուկ անձնավո-րության, հաճախ էր լինում Արայիկի մոտ, հարևանն էր կարծեմ: Վալեռան մեծ էր տարիքով, ներկայանում էր նախկին գնդապետ և կիսաֆանտաստիկ պատմու-թյուններ պատմում: Մեկ-մեկ պետք էր լուսանկարվել, գնում էինք 10 րոպեով՝ մնում էինք 2 ժամ:


Մի անգամ Արայիկը որոշեց կենդանի համերգ կազմակերպել, մի 7-8 հոգի հավաքեց, կասետով ծրագիրը տվեց՝ իր կողմից ընտրված համաշխարհային ռոք երաժշտության նմուշներ էին: Շաբաթը մի քանի անգամ հավաքվում էինք իր մոտ՝ պարապելու: Սակայն խնդիրը այն էր, որ շատերը նվագել նույնիսկ չգիտեին, քանի որ Արայիկը երաժիշտների կազմը ընտրելուց առաջնորդվում էր միայն իրեն հայտնի չափանիշներով: Ասում էր՝ կարևոր չի, որ նվագել չգիտես, վերցրու, օրինակ, ֆլեյտան ու փչի, կարևորը հոգով լինի: Էդ խումբը, իհարկե, արդյունքի չհասավ: Չնայած մի քանի կենդանի համերգներ, այնու-ամենայնիվ, տեղի ունեցան: Հիշում եմ «36,6» խմբի ակուստիկ համերգը: Մի անգամ էլ մենք երեք ընկերնե-րով փոքրիկ կիթառային համերգ տվեցինք, The Beatles-ի երգերն էինք կատարում: Չեմ կարող ասել հաջող անցավ, թե ոչ, բայց ունկնդիրը բարի էր և ներողամիտ:
Ցավոք, Արայիկը ինչ-ինչ պատճառներով ստիպված էր վաճառել տարածքը: Իր հետ արդեն մի 20 տարի է կապ չունեմ, չնայած մեկ-մեկ տեղեկանում եմ իր մասին: Բայց մինչև հիմա էլ շարունակում եմ կապը Արայիկնոցի ընկերներիս հետ: Այդ տեղը երիտասարդությանս ամենավառ հիշողություններից է, մանկությանս Երևանի խորհրդանշական անկյունը:

Աննա Սիմոնյան, 35 տարեկան
PR մասնագետ
Կոնկրետ չեմ կարող հիշել, թե երբ սկսվեց այս ամենը: Կարծես 1990 թվականին, երբ համադասարանցիներիցս մեկն ասաց, որ Բաղրամյանի վրա գտնվող ֆոտոստուդիայում կարելի է լուսանկարներ ու կասետներ պատվիրել: Խորհրդային Միության մայրամուտին պաստառները, սկավառակները, ձայնագրությունները, լուսանկարները՝ ամենը դրոշմվում էր ձեռներեց կոոպերատիվների կողմից: Բայց Միսակյանի ֆոտոստուդիան մի յուրահատ-կություն ուներ՝ այնտեղ կարելի էր ռոք երաժիշտների լուսանկարներ պատվիրել: Ավելին՝ Միսակյանը համագործակցում էր այն թվականների Երևանի լեգենդ Վարդանի հետ, ում կարելի էր ցանկացած ձայնագրություն պատվիրել: Այդ օրհնյալ, անինտերնետ տարիներին գոյություն ուներ «զապիսնոց» հասկացությունը, որտեղ կարելի էր կասետ տանել ու ստանալ այն, ինչ հետաքրքրքում է քեզ: Կարծում եմ՝ Արայիկնոցի հետ ծանոթ բոլորն էլ կհիշեն, որ սենյակի պատերին ու առաստաղին բիթլների նկարներն էին փակցված: Եթե այն ժամանակ որևէ մեկը ասեր ինձ, որ 21-րդ դարում Երևանում Beatles բար կունենանք, հոգեբույժի մոտ կուղարկեի նրան: Այդ թվերին պարկեշտ երևանցին ռոք լսել չէր կարող, ու Արայիկնոցի պատերը մեր բիթլա-մանական պաշտամունքի միակ առարկաներն էին:
Այնպես ստացվեց, որ Արայիկնոցը դարձավ մեր հիմնա-կան հավաքատեղիներից մեկը: Նույնիսկ, եթե ինձ այնտեղից ոչինչ պետք չէր, միևնույն է, ընկերներիցս մեկին պետք էր որևէ բան պատվիրել կամ գնել: Որովհետև այնքան կարևոր էր, օրինակ՝ The Doors խմբի 9x12 լուսանկար պատվիրել:


Իր նախագծով Արայիկնոցը նման էր Երևանի մյուս ֆոտոստուդիաներին՝ նախասենյակ, ընդունարան և ստուդիա: Նախասենյակը միշտ բազմամարդ էր: Երիտասարդները, որ շատ էին, տարիքով նույնիսկ Արայիկից փոքր էին, իսկ նա այն ժամանակ հազիվ 30 լիներ: Երևանը մշտապես պահպանողական քաղաք է եղել, իսկ արտաքին տեսքը այն ժամանակ պարզապես այցեքարտ էր համարվում: Արայիկնոցում հավաքվողները ճղճղված ջինսե տաբատներով էին: Ի դեպ, ջինս կրողները ռոքերներն ու մետալիստներն էին: Հիմա անհավատալի է թվում, բայց 1991 թվականին հենց այդպես էր:
Ես Արայիկնոցի մշտական հաճախորդը չէի, բայց օրինաչափություն է, սկզբում մարդկանց ուղղակի բարևում ես, հետո սկսում ես երկար-բարակ զրուցել: 14 տարեկան էի, ու Արայիկնոցը մի դուռ էր դեպի ազատ, երջանիկ աշխարհ, որ հիմնովին տարբերվում էր այն աշխարհից, որ տիրում էր դասարանում ու դպրոցում: Ինչո՞վ էին զբաղվում Արայիկնոցում մարդիկ՝ արտասովոր ոչնչով՝ զրուցում էին, երաժշտություն լսում:
1991 թվականի հոկտեմբերի 9-ը Արայիկնոցի պատմության մեջ ինձ համար ամենից կարևոր օրը դարձավ: 36.6 խմբի մասնակցությամբ Ջոն Լենոնին նվիրված երեկույթին գնացի: Արևոտ հոկտեմբերյան օր էր, երկու շաբաթ առաջ Հայաստանը անկախ էր հռչակվել, իսկ հոկտեմբերի 16-ին կայանալու էին անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները: Այդ աշունը շատ երջանիկ ու ուրախ եմ հիշում, պատերազմը դեռ պատերազմ չէր, Պետական Արտակարգ Կոմիտեի (ГКЧП) ձախողված հեղաշրջումը Խորհրդային Միությունը էյֆորիայի ու գինովցած ազատության վիճակի էր հասցրել: Ես 14 տարեկան էի՝ հնդկական ջինսե տաբատով, ծաղիկներով նախշազարդած չեխական կեդերով ու իրական բիթլոման: Հրաժարվում էի որևէ այլ բան լսել այդ աշուն: Այդ օրը, երբ հասա Արայիկնոց, արդեն տասնյակ մարդիկ էին հավաքվել: Ֆոտոստուդիան համերգի համար ամենահարմարավետ վայրը չէր, դրա համար էլ բոլորը գետնին էին նստել: 36.6-ի անդամներ Արմենն ու Արթուրը ակուստիկ կիթառները ձեռքներին ողջունեցին մեզ՝ Close your eyes and I’ll kiss you, tomorrow I’ll miss you: Ու դա կյանքիս ամենապայծառ օրն էր, որովհետև առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում, երբ քեզ շրջապատող տասնյակ մարդիկ ապրում են նույն երգերով: Այդ օրը Միսակյանի մոտ համակենտրոնացել էր Երևանի ողջ երջանկությունը:


1994 թվականին Արայիկը վաճառեց ֆոտոստուդիան ու մեկնեց Երևանից: Վերջին բանը, որ այնտեղ պատվիրել եմ դեռ այն խորհրդային, կարմիր անձնագրի համար լուսանկարն էր: Ինձ համար շատ կարևոր էր, որ անձնագրիս համար հենց իր մոտ լուսանկարվեմ: Թե որտե՞ղ է հիմա Արայիկը, չգիտեմ: Այս տարիների ընթացքում Արայիկնոցը բազմաթիվ սեփականատերեր փոխեց: Իսկ մենք շարունակում էինք ապրել. շրջափակված Երևանում շարունակում էին ռոք խմբեր ստեղծվել, հրաշքով համերգներ էին կազմակերպվում, իսկ մենք մեծանում էինք, սիրահարվում, ամուսնանում, ամուս-նալուծվում… Այժմյան ընկերներիս հիմնական մասը հենց Արայիկնոցից է, բոլորիս միավորում է միևնույն պատմությունը, երիտասարդությունը, պատերազմի տարիները, 90-ականների սլենգը, որ անպայման պետք է իմանայինք «քենթ» բառի իմաստը: Մեզ միավորում է 2 ժամ գետնին նստելու և Hey Jude don’t make it bad երգելու երջանկությունը: Այժմ ոչ մեկին չես զարմացնի հոկտեմբերի 9-ին «բիթլզ նայթով», իսկ այն ժամանակ դա Միսակյան Արայիկի արժանիքն էր:

Սամվել Մարտիրոսյան, 38 տարեկան
Մեդիա փորձագետ
6-րդ դասարանում էի, երբ սկսեցի ռոքով հետաքրքրվել: Հիշում եմ, մի հաղորդում կար՝ «До 16-и и старше», որի շրջանակում Խորհրդային Միությունում առաջին անգամ ռոքի մասին խոսեցին: Դրանից հետո մենք համոզված էինք, որ Երևանում ևս պիտի որ ռոք ակումբ լինի: Ընկերներով գնացինք այժմյան ԱՄՆ դեսպանատան շենքում գտնվող Կոմսոմոլի գրասենյակ ու սենյակների դռները թակելով բոլորից հարցրեցինք՝ որտե՞ղ է ռոք ակումբը: Շատ հիասթափվեցինք, որ պարզվեց՝ ռոք ակումբ չունենք: Այսպիսով Արայիկնոցը, կարելի է ասել, փոխարինեց մեզ համար ռոք ակումբը, լինելով ավելի շատ գաղափարախոսական, կրթական մի վայր:
Չեխովի անվան դպրոցում էի սովորում: Այնտեղից Արայիկնոց մոտ 200 մետր էր: Մուտքից ձախ ֆոտոստուդիան էր, այնտեղ առանձնապես չէինք մտնում, աջից էլ «շփման» սենյակն էր, որտեղ հավաքվում էինք բոլորս: Երբեմն հենց Արայիկի սենյակում էինք նստում: Շատ լոյալ էր մեր նկատմամբ, հիմա զարմանում եմ, թե ինչպես էր մեզ դիմանում: Ֆոտոստուդիա հաճախ գալիս էին քաղքենի ընտանիքների ներկայացուցիչներն ու լուսանկարվում, օրինակ՝ արջուկների հետ: Մենք էլ ծիծաղում էինք նրանց վրա, ծաղրում էինք:
Երևանում ռոքի մասին որևէ ինֆորմացիա ընդհանրապես չկար, դրա համար, օրինակ՝ Beatles-ի նկարը տեսնելը համարժեք էր խմբին իրականում հանդիպելու հետ:


Այդ տարիներին երկար մազերով տղամարդկանց վտանգավոր էր Երևանում զբոսնելը: Մի անգամ հենց այդ պատճառով ինձ ծեծեցին, կապտած աչքերով եկա Արայիկի մոտ: Թրջոցներ էր դնում, օգնում ինձ: Մի ժամանակ Արայիկնոցը կյանքիս հիմնական կետն էր: Ոչ միայն ինձ համար՝ մարդիկ հավաքվում էին այստեղ, թեմաներ քննարկում, երաժշտություն լսում: Չեմ հիշում, այդտեղ ծանոթացած զույգեր, որ հետո ամուսնացել են: Այն ժամանակ ամուսնությունից կարևոր էր, օրինակ՝ Gentle Giant-ի կասետը ունենալ: 22 ռուբլով կասետ էինք գնում ու հինգ ռուբլով Արայիկնոցում երգեր ձայնագրում: Այդ գործով Վարդանն էր զբաղվում: Միշտ լավ երաժշտու-թյուն էր խորհուրդ տալիս, վերջում էլ մի երկու նոր լավ երգ էր ձայնագրում՝ առաջին մարքեթինգային քայլերից էր: Մենք գնում էինք, փորփրում, գրքեր կարդում, հետո նորից վերադառնում ու կրկին երգեր ձայնագրում: Արայիկն էլ մեր գուրուն էր, բայց մի կաթիլ մեծամտություն չուներ: Արայիկնոցը պատուհան էր դեպի աշխարհ: Շատ ցավալի էր, երբ դադարեց գործել: Բայց եթե մի քանի տարի ավելի շուտ փակվեր, մենք կխեղդվեինք:

Տիգրան Պապյան, 41 տարեկան
Գործարար
1986-87 թվականներն էին, երբ առաջին անգամ հայտնվեցի Արայիկնոցում: Լսել էինք, որ իր մոտ կարող ենք ռոք աստղերի լուսանկարներ պատվիրել, իսկ դրանք անհնար էր որևէ տեղից ճարել, թերթերում էլ նման լուսանկարներ չէին տպվում: Հետո պարզվեց, որ Արայիկնոցում մեծ ձայնադարան կա՝ Էլվիսից մինչև 80-ականներ: Մեզ՝ ռոքասերներիս համար, այս վայրը իսկական դրախտ էր: Հենց այնտեղ էլ շատ ընկերներ ձեռք բերեցի ու սկսեցինք ողջ ազատ ժամանակը Արայիկնոցում անցկացնել: Սա ոչ թե ռոք ակումբ, այլ երկրորդ տուն էր մեզ համար: Կարևորն այն է, որ այստեղ միայն «մերոնքականներն» էին գալիս: Մուտքից հետո փոքր միջանցք էր, որի ծայրում Արայիկի աշխատասեղանն էր՝ այնտեղ նստած պատվերներ էր ընդունում: Նրանից ձախ մի մեծ պատ կար, որի վրա փակցված էին տարբեր հայտնի ռոք աստղերի համարակալված լուսանկարներ: Բայց դրանք այնքան շատ էին, որ բացի պատից նաև առանձին մի կատալոգ կար: Կարելի էր ընտրել ու պատվիրել ցանկացածը: Իմ առաջին պատվերը The Beatles-ի ու Լենոնի լուսանկարներն էին:
Մթնոլորտը տնական էր: Ով ասես, որ չէր հավաքվում Արայիկնոցում՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, մեր քաղաքի երիտասարդները՝ զրուցում էին երաժշտության, ֆիլմերի, արվեստի, կյանքի իմաստի մասին: Երբ տարբեր երկրներից դերասաններ կամ արվեստագետներ էին այցելում մեր քաղաքը, անպայման նրանց Արայիկնոց էին տանում: Մի ժամանակ նույնիսկ գիշերում էինք այնտեղ: Այստեղ սկիզբ առած ծանոթությունները ընկերության վերածվեցին ու շարունակվում են մինչև այսօր:


Հիշում եմ, թե ինչպես էինք նշում Լենոնի ծննդյան տարեդարձները: Մի օր unplugged համերգ կազմակերպվեց, մենք էլ բոլորով երգում էինք: Կարծես կինոյում լինեինք: Հետո դուրս եկանք Արայիկնոցից ու սկսեցինք քայլել քաղաքով՝ շարունակելով տոնել Լենոնի ծննդյան օրը:
Հարգելի պատճառով դադարեցի Արայիկնոց գնալ՝ արտ-երկիր հեռացա: Իսկ երբ վերադարձա, Արայիկն ար-դեն վաճառել էր ստուդիան ու մեկնել Մոսկվա: Արայիկ-նոցի ընկերներիս հետ պահպանում ենք կապը՝ զանգում ենք միմյանց, նամակներ գրում, հանդիպում, երբ կարող ենք: Անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում, այդ կապը մեր մեջ այնքան ուժեղ է, որ երբեք չի ենթարկվի ժամանակին: Արայիկի հետ կապ չունենք, բայց շատ կցանկանայինք, որ Երևան վերադառնար:
Վերջերս Արթուր Հայրապետովը կրկին կյանքի կոչեց Արայիկնոցը: Դեռևս այն միայն ֆեյսբուք սոցիալական կայքի խումբ է, բայց դա էլ մեծ քայլ է: Բարի ու անկեղծ խումբ է, որտեղ մարդիկ կիսվում են միմյանց հետ ամենաթանկ ու արժեքավոր հիշողություններով: Սա է կյանքը, ու այսպիսին էր Արայիկնոցը:

Արա Թադևոսյան, 36 տարեկան
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն
Մոտավորապես երկու տարի եմ եկել այստեղ՝ 1990-ից մինչև 92 թվականը: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Արամը մելոման էր, մասնավորապես՝ բիթլոման և բացի սովորական ստուդիա լինելուց այդ վայրը, կարելի է ասել, մեր քաղաքի առաջին ռոք ակումբներից էր ու յուրահատուկ մթնոլորտ ուներ, կարծես առանձին աշխարհ լիներ: Այնտեղ մի պատ կար, որի վրա Beatles-ի նկարներն էին փակցված: Դա իմ սիրելի պատն էր: Ցանկացողները կարող էին պատվիրել այդ նկարները: Գինը չեմ հիշում, բայց բավականին մատչելի էր: Կային նաև այլ հայտնի ռոք խմբերի լուսանկարները՝ ցանկացած ճաշակի համար:
Սա մի խորհրդավոր վայր էր, «տուսովկաների» կենտ-րոն: Մշտապես մոտ 30-40 հոգի, քաղաքի ռոքասերներ ու հետաքրքիր մարդիկ, հավաքվում էին այստեղ ու խոսում երաժշտությունից, փոխանակվում կասետներով, ձայնագրություններ կատարում: Կոնկրետ միջոցառումներ տեղի չէին ունենում, բայց հաճախ Արայիկը հավաքում էր մշտական այցելուներին ու լուսանկարում նրանց: Այդ նկարները մինչ այժմ էլ պահպանվել են՝ արդեն պատմություն են:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով