30 Օգոստոս 2013, 11:53
2313 |

All you need is Love

Ավելի քան կես դար առաջ Լիվերպուլում ծնված չորս տղաների խումբը փոխեց համաշխարհային երաժշտության ընթացքը: The Beatles-ը իր կարճ գոյության ընթացքում հասցրեց իրեն սիրահարեցնել տասնյակ միլիոնավոր մարդկանց: Շատերի համար բիթլները ռոք այբբենարանի առաջին տառն են: Այդ թվում երևանցիների՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և պաշտոնից:

Սամվել Մկրտչյան, 53 տարեկան
Թարգմանիչ, «Արտգրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր
Վերջապես հարմար առիթ է ճշտելու բիթլոմանիա (բիթլամոլություն) բառի իմաստը: Այն սկսեցին օգտագործել 1963 թվականին և մինչև Beatles-ի վերջին շրջագայության վերջին համերգը, որը կայացավ 1966 թվականին: Այս տերմինը բնորոշում էր քառյակի երկրպագուների, հիմնականում՝ անչափահաս աղջիկների, բուռն պահվածքը՝ հատկապես համերգների ժամանակ: Մինչ Beatles-ը սկսեց աշխատել բացառապես ձայնագրման ստուդիայում՝ երևույթն աստիճանաբար մարեց, իր տեղը պարզապես զիջելով շատերի անկեղծ սիրուն: Love՝ սեր բառն ընդհանրապես առանցքային է խմբի կարճ ստեղծագործական կյանքում՝ սկսած Love Me Do-ից մինչև The End-ը: Իսկ բիթլոման բառ անգլերենում առհասարակ չկա. այն ռուսներն են հորինել՝ մելոմանի նմանությամբ: Եթե հարցնեք՝ ի՞նչ է ինձ համար Beatles-ը, ես կասեմ՝ սեր և ազատություն: Բորիս Գրեբենշչիկովն իմ սրտից է խոսում, երբ ասում է՝ «Անկապ ապրում էի մինչև լսեցի Beatles ու հասկացա, թե ինչու եմ ծնվել»: Սովետական գաղջ ու իմաստազուրկ 70-ականների համար այս տղաների երգը ավելին էր, քան մաքուր օդ: Եթե «գիտականորեն» պատասխանեմ՝ ես բիթլաման չեմ, ավելի շուտ՝ Beatles ուսումնասիրած մարդ եմ:
Այն ժամանակ ամբողջական ալբոմ ձեռք բերելը դժվար էր. առանձին երգեր էինք ճարում: 1966-1969 թվականների Beatles-ի յուրաքանչյուր ալբոմ երաժշտական հեղաշրջում էր, ոչ միայն փոփ մշակույթում: Երևանում ամենաբիթլական վայրը իմ տունն է: Խմբի պաստառներ չեմ հավաքել, բայց ունեմ բոլոր ալբոմները և խմբի մասին ահռելի մեծ գրականություն: Նաև՝ բոլոր երգերի նոտաները տվյալ երգում հնչող գործիքների համար: Ինքս կիթառ եմ նվագում, մի քիչ էլ դաշնամուր: Վերջերս, երբ հին ընկերներով հավաքվեցինք՝ վերապրելու անցյալի հնչյունները, հանկարծ հայտնաբերեցի, որ Beatles-ի երգերի մեծ մասի տեքստն ու ակորդները դեռևս հիշում եմ: Միշտ ասել եմ, որ նրանց երգերի տեքստերը հոյակապ խթան կարող են լինել՝ անգլերեն սովորելու համար:
Տարիներ առաջ մի գրքույկ տպագրեցի՝ նրանց երգերի թարգմանությամբ: Նպատակս երիտասարդներին՝ խմբին ծանոթացնելն էր: Բայց երևի դրա կարիքը չկար. շատ ջահելներ հիմա Beatles են լսում: Չեմ կարծում, թե խումբը պրոպագանդման կարիք ունի: Անհավատալի է նրա ազդեցության ծավալը ինչպես մշակույթում, այնպես էլ կենցաղում:
Beatles Tour-ով եղել եմ Լիվերպուլում, այցելել եմ նույնիսկ այն տները, որտեղ մեծացել են խմբի անդամերը: Եղել եմ Cavern Club-ում, որտեղից ամեն ինչ սկսվեց:
Ողջ կյանքիս ընթացքում Beatles-ն ինձ օգնել է, հիմա էլ՝ ավելի քան 30 տարի անց, մթնոլորտը պակաս գաղջ ու իմաստազուրկ չէ՝ շարունակում է օգնել: Մեզ, ազատներին ու անազատներին սեր էր պետք, և Beatles-ը բերեց այդ սերը՝ դրա դիմաց անչափ թանկ վճարելով...

Տիգրան Սարգսյան, 52 տարեկան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
1963 թվականին, երբ ընդամենը 3 տարեկան էի, լույս տեսավ The Beatles-ի առաջին ձայնասկավառակը՝ 12 ժամվա ընթացքում ձայնագրված հիանալի Please, Please Me ալբոմը: 1970 թվականին, երբ խումբը թողարկեց վերջին՝ Let it Be ալբոմը և փլուզվեց, ես ընդամենը 10 տարեկան էի: Դժվարանում եմ ասել, թե երբ եմ բացահայտել The Beatles-ի աշխարհն ինձ համար: Բայց ավագ եղբայրներս լսում էին նրանց, նվագում էին տարբեր երաժշտական գործիքների վրա: Նման միջավայրում մեծանալով՝ բնականաբար, լսել էի Beatles-ի բոլոր ստեղծագործությունները դեռ փոքր տարիքում: Իհարկե, ավելի հասուն տարիքում այլ կերպ ընկալեցի խմբի երաժշտությունն ու պոեզիան: Ընդհանրապես՝ համարում եմ, որ Ջոն Լենոնը ռոքի ամենամեծ դեմքերից մեկն է: Համոզվելու համար բավական է լսել Across the Universe-ը կամ In My Life-ը:
Խմբի չորս երաժիշտներն էլ միշտ փոխլրացրել են միմյանց: Միևնույն ժամանակ, տարբերվել իրարից դավանանքով, կյանքի նկատմամբ իրենց պահանջներով, արժեքներով և, իհարկե, ստեղծագործական ոճով: Դժվար է առանձնացնել նրանցից մեկին: Եթե Ջոնը ավելի ագրեսիվ և ռոքային երաժշտություն էր ստեղծում, ասենք՝ Happiness Is A Warm Gun-ը, Glass Onion-ը կամ Come Together-ը, բայց միաժամանակ կարողանում էր Girl-ի և A Day in The Life-ի նման բալլադներ ստեղծել, ապա Փոլը ավելի մեղեդային և հարմոնիկ երաժշտություն ստեղծելու մեծ վարպետ էր: Դրա փայլուն օրինակներից են Michelle-ը, And I Love Her-ը և I’ll Follow The Sun-ը: Չնայած Փոլը հաճախ կարող էր նաև Helter Skelter-ի կամ Oh Darling-ի նման ծանր ստեղծագործություններ մտցնել Beatles-ի առօրյա: Ինչ վերաբերում է Ջորջին, ապա նա լինելով ամենահամեստ բիթլը, միաժամանակ ամենախոր ներաշխարհ ունեցողն էր: Ջորջի հանճարեղ Something-ը, Not Guilty-ն, Long Long Long-ը, Here Comes The Sun-ը կամ նույն While My Guitar Gently Weeps-ը ֆանտաստիկ ստեղծագործություններ են: Իհարկե, այս ամենը չէր կարող ամբողջական լինել առանց Ռինգո Սթարի: Կարծում եմ, որ Ռինգոն երբևէ ծնված ամենաճաշակով թմբկահարներից մեկն է, ում սկզբունքը ոչ թե տեխնիկայի ցուցադրումը, այլ նվագելու գեղեցկությունն է: Նա ոչ թե հարվածում, այլ նվագում է հարվածային գործիքների վրա: Beatles-ը փոխլրացման մի բացառիկ օրինակ է երաժշտական աշխարհում, ինչին շատ խմբեր ձգտել են, սակայն քչերն են կարողացել հասնել:
Ինքս նվագում եմ մի քանի երաժշտական գործիքների վրա՝ կիթառ, թավջութակ և ֆլեյտա: Թավջութակ սովորել եմ երաժշտական դպրոցում, և Beatles-ը որևէ ազդեցություն չի ունեցել, սակայն կիթառը նաև լիվերպուլցիների ազդեցության հետևանք էր: Իսկ ֆլեյտան, հավանաբար, Jethro Tull-ի անկրկնելի Իեն Անդերսոնի ազդեցությունն էր:
60-70-ականներին բոլորն ունեին բիթլական սանրվածք և նման հագուստ էին կրում: Դա էր թելադրում այն ժամանակվա նորաձևությունը: Ինքս էլ բացառություն չէի: Իմ պաշտոնական կայքում կա «Առաջարկում եմ լսել» բաժինը, որտեղ, ի թիվս այլ ռոք խմբերի, առաջարկում եմ նաև The Beatles ունկնդրել:

Սերգեյ Սարգսյան, 30 տարեկան
Արմ Քոմեդի հաղորդման համահեղինակ և հաղորդավար
12 տարի առաջ բիթլոման դարձա: Առաջին կուրսում էի, երբ բիթլոման ընկերս՝ Էդվարդը, ինձ նվիրեց խմբի Rubber Soul ալբոմը: Թմրադեղի նման մի բան էր, վարակվեցի նրանց երաժշտությամբ: Սկսեցի փող հավաքել, որ ձեռք բերեմ Beatles-ի մյուս ալբոմներն ու պաստառները: 1990-ական թվականների վերջն էր, ու համացանց ասվածը դեռ տարածված չէր մեր երկրում: Հարցաքննում էի բոլոր ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս, այն հույսով, որ խմբի հետ կապված որևէ բան կգտնեմ: Յուրաքանչյուր գտածոյի վրա փոքր երեխայի պես ուրախանում էի: Արդյունքում մեծ հավաքածու ձեռք բերեցի: Նրանց կենսագրություններով գրքեր ունեմ, նոտաներ, պաստառներ, շապիկներ, բոլոր ալբոմների շապիկներով սառնարանի վրա հարմարացնելու մագնիսներ: Այդ պահից սկսած ինձ բոլորը Beatles-ի հետ կապված նվերներ էին բերում:
Ինձ համար մի տեսակ ցավալի էր, երբ համացանցի հայտնվելուն պես ամենը հասանելի դարձավ: Խմբի ձայնագրությունների հազվագյուտ տարբերակները տարիներով փնտրում էի, թանկ ու կրակ ձեռք բերում: Ուսանողական տարիներին ԱՄՆ մեկնեցի ու շատ ձայնագրություններ բերեցի: Իսկ հետո, այդ ամենը բոլորի համար հասանելի դարձավ համացանցում:
Որպես բիթլոման հաջորդ քայլս կիթառ նվագել սովորելն էր: Գործիքը գնեցի ու ցավ ապրեցի՝ պարզվեց, որ լսողություն չունեմ: Չհամակերպվելով այդ հան-գամանքի հետ՝ ընկերոջս հետ նույնիսկ խումբ հիմնեցինք: Դրամատիկական թատրոնում նորաստեղծ խմբերի համար լսումներ էին կազմակերպել. այնտեղ մասնագետները վերջնականապես հաստատեցին՝ լսողությունս ի սպառ բացակայում է: Բայց, միևնույն է, մի անգամ համերգ կազմակերպեցինք՝ Beatles-ի երգացանկից մի երգ կատարեցի ու վերջապես հասա մուրազիս:
Խմբի յուրաքանչյուր երգը կապված է որևէ պատմության, տրամադրության հետ: Այժմ, նրանց շնորհիվ, հիշում եմ ինձ ու իմ կյանքը: Երբեք չեմ փորձում քարոզել նրանց երաժշտությունը, մտածելակերպը, բայց ուզում եմ, որ ավելի շատ մարդիկ լսեն The Beatles: Երկար տարիներ մարդկանց վրա հեռախոսիս ռինգթոնի միջոցով էի ներազդում:
Բրյուսովում եմ սովորել, առաջին-երկրորդ կուրսում փորձում էի անգլերենիս ակցենտը նմանեցնել տղաներին, մասնավորապես՝ Լենոնին, որովհետև նրան խմբից ամենաշատն եմ սիրում: 2006 թվականին մեկնեցի Անգլիա, մի քանի օր Beatles-ի Մեքքայում՝ Լիվերպուլում անցկացրեցի, լուսանկարվեցի խմբի համար բոլոր հիշարժան վայրերում:
Հիմա բիթլոմանիան կյանքիս սովորական մասն է դարձել: Այդպես էլ երաժշտական այլ նախասիրություններ չունեցա՝ ավելի լավ, գայթակղիչ ու որակով խումբ ինձ համար չհայտնաբերեցի: Beatles-ի երգերում յուրաքանչյուր բառը փայլեցված է, կարծես մի մեծ ինստիտուտ աշխատած լինի, բայց իրականում երեք և կես տղաների աշխատանքի արդյունքն է: Այն կեսը՝ Ռինգոն է, էլի մեր ընկերն է, տաղանդավոր տղա է, բայց Լենոնը մի առիթով ասաց, որ՝ «Ռինգոն նույնիսկ Beatles-ում լավագույնը չէ»:
Բիթլոմանիան հաճույքի մեծ աղբյուր է, հնարավորություն՝ գնահատելու խմբի ողջ արժեքը, մշակույթը, ժառանգությունը, արվեստը ու բացահայտելու տղաների հումորի զգացումն ու յուրահատուկ ապրելակերպը:

Լուսիկ Գրին Ֆիշ, 22 տարեկան
Ուսանողուհի
Ընտանիքումս բոլորը The Beatles են լսել: Հայրս բիթլոման է ու, կարծում եմ, դա գեներով անցել է ինձ և քրոջս: Հայրս կիթառ ուներ, նվագում էր, ընկերների հետ նույնիսկ բենդ էին հիմնել, բայց մասնագիտությամբ նկարիչ է: Նա մի նոթատետր ուներ, որտեղ գրառել էր խմբի բոլոր երգերի նոտաներն ու նկարազարդել դրանք: Խմբի ալբոմների մեծ հավաքածու ուներ, որը հետո ինձ փոխանցվեց, ես էլ համալրեցի այն նոր նմուշներով՝ պայուսակներով, շապիկներով, պաստառներով: Հիմա սենյակիս դարակում եմ պահում հավաքածուն, այն բանալիով կողպում եմ՝ ապահովության համար: Խումբը մանկուց եմ սիրել. Yellow Submarine-ը իմ սիրելի մուլտֆիլմն էր: Ամենից շատ իմ մասին գրված երգն եմ սիրում՝ Lucy in the sky with Dimonds:
Երբ փոքր էինք՝ քույրս, երկու եղբայրներս ու ես, մեզ համար խմբի անդամների կերպարներ էինք ընտրել: Ես՝ Փոլ ՄաքՔարթնին էի, որովհետև կարծում էի՝ նա է ամենաբարետեսը, նաև հայրիկիս էի նմանեցնում: Տարիներ անց ինձ սկսեցին Լենոնին նմանեցնել: Ես էլ սկսեցի նրա նման կլոր շրջանակներով ակնոց կրել ու նրա կերպարով լուսանկարվել:
Քույրիկս խմորեղեն թխել էր սովորել ու այդ պահից ի վեր նշում էինք խմբի յուրաքանչյուր անդամի ծննդյան տարեդարձը: Տորթ էինք թխում, մոմեր դնում վրան, այդ օրը իրենց մասին ֆիլմեր էինք դիտում:
Youth Day in Armenia խորագրով երիտասարդական մրցույթ էր անցկացվում Երևանում, որի շրջանակում պետք է 3 րոպեանոց ֆիլմ նկարեինք՝ ցուցադրելով Եվրոպայի գեղատեսիլ վայրերն ու կապը Հայաստանի հետ: Ես Լոնդոնն ընտրեցի, Beatles-ի երգն ու հավաքածուիս բոլոր նմուշները: Արդյունքում՝ հաղթող ճանաչվեցի ու MP3 փլեյեր ստացա: Beatles-ը օգնեց ինձ: Ես միշտ եմ ոգեշնչվում նրանցից: Գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսում էի, կուրսային աշխատանքիս թեման «թռիչքն» էր: Ես էլ ընտրեցի Beatles-ը, որպես ռոքնռոլի աշխարհում մեծ թռիչք կատարած խումբ ու նկարեցի նրանց: Ի դեպ, անգլերեն սովորելու հարցում էլ Beatles-ը մեծ դեր է ունեցել:
Դպրոցական տարիներին սիրահարված էի մի տղայի: Սկսեցինք հանդիպել, ու ես պարզեցի, որ նա Beatles չի սիրում: Նրան ասացի, որ այլևս երբեք չենք հանդիպի:
Շատ կուզեի ծանոթանալ Յոկո Օնոյի հետ: Նա հետաքրքիր է ինձ որպես արվեստագետ, բացի այդ կուզեի իրականում պարզել՝ վա՞տ մարդ է, թե՞ լավ:
The Beatles-ը ինձ համար մի այլ աշխարհ է՝ դեղին ու կանաչ գույներով: Մայրիկիս ասում էի, որ եթե ուզենան պարզել, թե Հայաստանում ովքեր են խմբի անդամների բարեկամները, ապա հաստատ մենք ենք լինելու: Մայրս էլ վստահեցնում էր ինձ, որ այդպես է: Ես ֆանատ չեմ, նրանք իմ մտերիմ ընկերներն են, չէ՞ որ նրանց հետ եմ մեծացել:

Հենրիխ Կարագյոզյան, 31 տարեկան
Երաժիշտ, Road Movie խմբի հիմնադիր
The Beatles խումբը շատ հոգեհարազատ է ներաշխարհիս: Ինձ բիթլոման չեմ համարում, քանի որ «ման» մասնիկը մոլուցք է ենթադրում: Փառք Աստծո, մոլուցքներով չեմ տառապում:
Ինչպես և շատ հայ ու ընդհանրապես նախկին ԽՍՀՄ երկրների երաժշտասերների մոտ իմ՝ խմբի հետ ծանոթությունը սկսվեց A Hard Days Night և A Taste Of Honey վինիլային ձայնասկավառակներից, որոնք կային ծնողներիս ձայնադարանում: Քանի որ ծնողներս էլ էին ռոք երաժշտություն լսում, դժվար է հստակ հիշել այն պահը, երբ ես առաջին անգամ բիթլներին լսեցի՝ շատ փոքր տարիքում էր: Հիշում եմ, արդեն ավելի մեծ տարիքում, սեփական փորձեր կատարեցի գտնելու խմբի՝ դեռևս չլսված սկավառակներ, ինչը, մինչև համացանցի հայտնվելը, այնքան էլ հեշտ չէր:
Դպրոցական ընկերներ ունեի, ում հետ միասին էինք սկսել բացահայտել մեզ համար խմբի ստեղծագործությունները: 1993 թվականին, դեռ դպրոցում, մի քանի ընկերներով ռոք խումբ հիմնեցինք ու մի քանի տարի շարունակ կատարում էինք The Beatles-ի երգերը: Հետագայում հանդես եկանք սեփական ստեղծագործություններով: Խումբը բավականին հաջողակ ու հայտնի դարձավ երևանյան ռոքի բեմում՝ The Kings' Cross-ն էր: Երբեք չենք մոռանում, որ ամենը The Beatles-ից սկսվեց: 1993 թվականից սկսած համերգներ ենք կազմակերպել «բիթլզային» օրերին: Եվ չնայած որ The Kings' Cross-ն այժմ ակտիվ չի գործում, մենք շարունակում ենք այդ ավանդույթը, ու խումբը հատուկ հավաքվում է նմանատիպ համերգների համար ամեն տարի:
Կարծում եմ՝ Beatles-ի ֆենոմենը հենց նրանում էր, որ խմբի յուրաքանչյուր անդամ ուներ իր անկրկնելի դերն ու տեղը խմբի ամբողջականության մեջ: Շատ հնարավոր է, որ առանց նրանցից որևէ մեկի խմբի հաջողությունը չկայանար և ես էլ այսօր չէի խոսի խմբի հանդեպ տածած համակրանքիս մասին: Ի դեպ, դպրոցական տարիքում պաստառների ու լուսանկարների հավաքածու ունեի: 90-ականների սկզբին դրանք հայթայթելը շատ բարդ էր: Հետո բաժանեցի դրանք խմբի ավելի նոր սերնդի երկրպագուներին:
Երբեք չեմ փորձել պրոպագանդել նրանց երաժշտությունը կամ գաղափարախոսությունները, բայց արել եմ հնարավորինս ամեն ինչ, որ ծանոթացնեմ մարդկանց նրանց արվեստի հետ: The Beatles-ի երաժշտությունն այնքան տարբեր է, այնքան զանազան, որ հնարավոր չէ մեկ գույնով բնորոշել նրանց: The Beatles-ը ինձ համար գունավոր է, պայծառ:
Մեր քաղաքի «ամենաբիթլզական» վայրը Ճարտարապետների միությունն է: Բանն այն է, որ հենց այնտեղ առաջին անգամ բեմ բարձրացանք և կատա-րեցինք խմբի երգերը: Ընդհանրապես, The Beatles-ի աշխարհը ինձ համար ջերմ մանկական հիշողություն է, դպրոցական տարիների սաունդթրեքը, իմ առաջին բեմելի պատճառը, ընկերներիս հետ ծանոթությունը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով