30 Օգոստոս 2013, 11:23
1893 |

Վերջինը չլինի

Ռոք երաժիշտների համար առաջին համերգը, ինչպես առաջին սերը, երբեք չի մոռացվում: Իրենց երևանյան առաջին համերգի մասին են պատմում «Որդան կարմիր», «Բամբիռ», «Լավ էլի», «Նաիրի» ռոք խմբերը:

Արման Քոչարյան
«Բամբիռ», բաս-կիթառահար
ՆՓԱԿ-ում ռոք փառատոն էր կազմակերպվել: Այդ օրն էլ օծվեց մեր խմբի անունը՝ «Բամբիռ»... Մինչ երևանյան առաջին համերգը մեր խմբի անունը «Նա» էր: Համերգին՝ մեր ելույթից առաջ, Ժագին հարցրել էին, թե մեզ ինչպես ներկայացնեն: Ժագն էլ «Նա»-ն չէր հիշել, ասել էր ներկայացրեք որպես «Բամբիռ»: Մինչ այդ Գյումրիում համերգներ և կարճ ելույթներ էինք ունեցել: Համերգին նվագում էինք մեր երգերից, հետո Կոմիտաս, Jethro Tull: Մեզ զարմացրեց հանդիսատեսի «Մի՞թե սա ռոք է» արտահայտությունը... Փառատոնը դեռ չվերջացած «Բամբիռը» գլխավոր մրցանակ տարավ: Մեր հետ վերցրել էինք մեր սեփական գործիքները, բայց ՆՓԱԿԻ բետոնային արձագանքի մեջ ձայնային խոչընդոտներ կային: Երևանյան հանդիսատեսը տարբերվում է Գյումրու հանդիսատեսից՝ բարբառով:
Երևանյան առաջին համերգը հիշարժան էր նրանով, որ հանդիպեցինք նոր մարդկանց, ովքեր դարձան հին ընկերներ:

 

Մհեր Մանուկյան
«Լավ էլի», կիթառահար/մեներգիչ
Մինչ երևանյան առաջին համերգը Երևանի հանդիսատեսը մեզ արդեն ճանաչում էր, քանի որ «Ռադիո բուրգը» մեր առաջին ձայնասկավառակ-ներից երգեր էր եթեր հեռարձակում: Հիթ-շքերթների ժամանակ նույնիսկ մարդիկ զանգահարում էին և մեր երգերը պատվիրում: Կամաց-կամաց սկսեցինք Երևանում ունկնդիրներ ձեռք բերել:
Երիտասարդական պալատում ենք առաջին անգամ երևանյան հանդիսատեսին ներկայացել՝ 1995 թվականի մայիսն էր: Մեր խմբի անունը «Snack» էր: Ինչ-որ փառատոն էր, տարբեր խմբերի էին հրավիրել, այդ թվում և մեզ: Հիշում եմ, որ Երիտասարդական պալատի նախասրահում համերգից առաջ հանպատրաստից համերգ կազմակերպեցինք և ակուստիկ կիթառով նվագեցինք ու երգեցինք: Կիթառս, որով նվագում էի, առել էի չեմ էլ հիշում որ գյուղից, լարերն արդեն ժանգոտվել էին:
Արդեն 1996 թ. ապրիլի 9-ին «Գլորիա» երաժշտական վերնատանը (թատրոնում) տեղի ունեցավ մեր մենահամերգը: Իսկ «Լավ էլի» խմբի առաջին մենահամերգը տեղի է ունեցել Ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում:
Այն ժամանակվա ելույթներն այսօրվաններից տարբերվում են տեխնիկայի որակով: Սակայն մյուս կողմից՝ տրամադրությունն ու ոգին նախկինում շատ ավելի լավն էին: Վանաձորյան համերգի ժամանակ, հիշում եմ, հնարավոր էր համերգի կեսից լույսերն անջատվեին, դվիժոկ էինք միացնում: Այս առումով Երևանի տեխնիկան մեզ համար երազանքի նման մի բան էր, բայց հետո պարզվեց, որ դա էլ բանի պետք չէ:

 

Խորեն Միքայելյան
«Նաիրի», սոլո-կիթառահար
Մեր առաջին համերգը տեղի ունեցավ 2007 թվականին հոկտեմբերի 31-ին Detroit Rock City ակումբում և համընկավ Halloween-ի հետ, մենք էլ որոշեցինք Halloween-ը միավորել Hard Rock-ի հետ: Համերգի ամենադժվար պահը առաջին րոպեներն էին: Սկզբում ամեն ինչ անսովոր էր, սակայն մի քանի րոպե անց, երբ սովորեցինք թմբուկի և կիթառների բարձր ձայնին, էլ ոչ մի բանի մասին չէինք մտածում, ուղղակի տրվեցինք երաժշտությանը: Metallica-ից, Black Sabbath-ից, Deep Purple-ից քավրներ նվագեցինք՝ սեփական երգեր գրեթե չունեինք: Մեր երգերից նվագեցինք միայն Run baby, run-ը, որը, ի ուրախություն մեզ, մնացածից ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց: Մենք այդ ժամանակ 18 տարեկան տղաներ էինք, ովքեր դասերից հետո game zone գնալու փոխարեն որոշել էին ռոք նվագել: Այդ համերգի ժամանակ ինձ մոտ լարերի հետ կապված խնդիր կար, վախենում էի սխալ շարժում անել ու կիթառս անջատել, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ: Համերգին մենք ամենայն լրջությամբ էինք պատրաստվում. օրեր էինք անցկացնում մեր փորձի տեղում: Ես փոքր տարիքից ջութակ եմ նվագում, բազմաթիվ համերգների եմ մասնակցել, բայց հուզվածու-թյունը միշտ էլ եղել է: Իսկ քանի որ երևանյան համերգն առաջինն էր ռոք ոճում, մենք ավելի անհանգիստ էինք և հուզված: Երևանյան հանդիսատեսը չի առանձնանում առանձնահատուկ ջերմությամբ և խենթությամբ, բայց համերգի առաջին իսկ րոպեներից ակտիվություն զգացվեց, և երեկոն գնալով նմանվեց իսկական ռոք համերգի:

 

Վահան Պողոսյան
«Որդան կարմիր», մեներգիչ
Երևանում մեր առաջին ելույթից 7 տարի է անցել՝ 2005-ին էր, բայց դժվար է այն մոռանալ: Պատահականություն էր, թե պարզապես մեր բախտը բերեց, բայց կատարվեց մեր այդ տարիների ամենահամարձակ երազանքներից մեկը. սեպտեմբերի 2-ին նվագեցինք Հանրապետության հրապարակում: «Radio Van»-ի կազմակերպած Rock in People միջազգային փառատոնն էր: Ռոք երաժշտության նման մեծամասշտաբ միջոցառում Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, այն էլ Հանրապետության հրապարակում: Սկսեցինք հավատալ, որ երազանքներն իրականանում են: Չեմ կարող ասել, որ համերգից առաջ հուզված էինք, ավելի շուտ՝ շատ ոգևորված էինք ու «դուխով»: Առաջին անգամ պիտի նվագեինք մի քանի հազար հոգու առջև: Շատ վստահ էինք, ու համարում եմ, որ հենց դա օգնեց, որ երևանյան հանդիսատեսը շատ բուռն ու դրական ընդունի բոլորովին անծանոթ մի խմբի: Կատարեցինք վեց երգ, որոնք հանդիսատեսն առաջին անգամ էր լսում: Պատկերացրեք 20 տարեկան տղայի զգացողությունները, երբ նա բեմից իջնում է, ու մոտ են վազում շատ աղջիկներ, ինքնագիր ուզում, ոմանք էլ՝ գրկում ու համբուրում: Այդ ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: 20 տարեկանում մտածում էի՝ ամենալավն ենք, ամենաարժանին: Երբ քիչ ես իմանում, ամենախելացին ու ամենահամոզվածն ես լինում...Այդ ելույթից հետո մեր լուսանկարներն առաջին անգամ հայտնվեցին ամսագրում, ու մեր ելույթը լուսաբանեցին հեռուստատեսությամբ: Հրաշալի զգացողություններ էին, երբեք չեմ մոռանա:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով