29 Օգոստոս 2013, 11:05
1667 |

Փորձը փորձանք չէ

Յուրաքանչյուր հաշվետու համերգից առաջ հայկական ռոք բենդերը ամիսներ շարունակ փորձեր են անում՝ մշակելով ու զարգացնելով ստեղծագործությունները: Փորձերից է սկսվում նաև ցանկացած նորաստեղծ խմբի ճանապարհը: Միայն ամիսների աշխատանքից հետո կարելի է ներկայանալ հանդիսատեսին, իսկ հետո նորից ու նորից փորձել, փորձել… Ցանկացած երաժշտի համար փորձեր անելու լավագույն տարածքը հանգիստ ու «անհարևանաբնակ» միջավայրն է: Իսկ ո՞րտեղ, ի՞նչ պայմաններում են փորձեր անում երևանցի ռոքերները:

Եվա Սուջյան և Alien Time
Եվա Սուջյանն ու Alien Time խումբը հանդես են գալիս միասին 2009 թվականի վերջից: Սոլո կիթառահար Արթուր Մարգարյանը, բաս կիթառահար Հարություն Հարությունյանը, ստեղնաշարային գործիքներ նվագող Արթուր Հովակիմյանն ու հարվածային գործիքներ նվագող Գևորգ Հարությունյանը վոկալիստուհի Եվա Սուջյանի հետ հանդես են գալիս լիրիկ հարդ ռոք ոճում: Խմբի ստեղծագործությունների հեղինակը հիմնականում Եվա Սուջյանն է: Երաժիշտները ներկայացնում են նաև համաշխարհային հիթերի քավր տարբե-րակներ: Եվայի ու Alien Time-ի փորձատեղին այժմ Արեշի կուլտուրայի տանն է. «Այստեղ հանգիստ է, ոչ ոքի չենք խանգարում», — վստահեցնում է Եվան:

 

The Drive Dreamers
Այս ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականի գարնանը: Խումբը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ կիթառահար Արամ Առաքելյան, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյան, հարվածային գործիքներ նվագող Վահագն Անդրիասյան և ստեղնաշարային գործիքներ նվագող ու մենակատար Սոֆյա Պապայան: The Drive Dreamers-ը անվան միջոցով հանդիսատեսին փորձում է փոխանցել դրայվ ու էներգիա հիշեցնելով՝ մարդիկ անմեղ են, երբ երազում են: Խումբը կատարում է հայտնի ստեղծագործությունների քավրներ, ունի նաև հեղինակային երգեր: Արդեն մի քանի ամիս է խմբի փորձերը տեղի են ունենում Ավանի մշակույթի տանը՝ ակուստիկան լավն է, վարձակալությունն էլ բավականին մատչելի է:

 

The Dionysus
Բենդի անդամները՝ կիթառահար Արեգ Սուքիասյանը, բաս կիթառահար Հակոբ Թորգոմյանը, հարվածային գործիքներ նվագող Մովսես Ղազարյանն ու վոկալիստ Սերգեյ Մոջորյանը նվագում են ոչ միայն The Doors խմբի և հայտնի բլյուզային ստեղծագործությունների քավրները, այլ ունեն նաև սեփական ստեղծագործություններ: Խմբի փորձատեղին Կիևյան կամուրջի մոտակայքում գտնվող առանձնատներից մեկի բակում վարձակալած սենյակն է: «Մի քանի ամիս է, ինչ այստեղ փորձեր ենք անում: Հարմար է, գործիքները ապահով են, խմբի բոլոր անդամները հանգիստ տեղավորվում են: Բոլոր մնացած անհարմարությունները ընթացքում կուղղենք: Մեզ համար կարևորը երաժշտությունն ու հնչողությունն է», — ասում է խմբի ֆրոնթմեն Սերգեյը:

 

Funkavan
Խումբը ծնվել է 2010 թվականի փետրվարի 23-ին: Կիթառահար Արեգը, բաս կիթառահար Տիգրանն ու հարվածային գործիքներ նվագող Վահագը հանդես են գալիս իրենց՝ փսիխոդելիկ ռոք և էքսպերեմենտալ ոճի ստեղծագործություններով: Արդեն հասցրել են բազմաթիվ համերգներ ունենալ քաղաքի ակումբներում: Բացի գործիքային ստեղծագործություններից խումբը նաև վոկալային երգեր ունի: Շաբաթը երեք անգամ տղաները փորձեր են ունենում Լամբադա կամուրջի հարևանությամբ գտնվող Art Kanaz մշակութային կենտրոնում: «Նախկին փորձատեղում շատ խնդիրներ էինք ունենում, հարևանները բողոքում էին, իսկ այստեղ ժամերով կարող ենք նվագել՝ առանց որևէ մեկին խանգարելու», — պատմում է Վահագը:

 

Lelo & Friends
Ալտերնատիվ ռոք ժանրում հանդես եկող խումբը կազմավորվել է 7 տարի առաջ ու վերսկսել է գործունեությունը մեկ տարի առաջ: Խմբի կազմը հետևյալն է՝ կիթառահար Էրիկ, բաս կիթառահար Դավիթ, ստեղնաշարային գործիքներ նվագող Հովիկ ու մենակատար Լելո: Լելոն ընկերների հետ հայտնի ստեղծագործությունների քավրներ է ներկայացնում, ինչպես նաև կատարում է իր ստեղծագործությունները: Խումբը փորձեր է անում սեփական ձայնագրման ստուդիայում, որը Ջրվեժի հողամասերից մեկում է գտնվում: «Այստեղ հարմար է, հեռու բոլորից, չենք խանգարում հարևաններին, նրանք էլ մեզ: Գալիս ենք շաբաթ-կիրակի ու մինչ առավոտ նվագում», — պատմում է Լելոն:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով