20 Օգոստոս 2013, 15:14
353 |

Շշած նավեր

Նավակներն ինչ որ անհավանական ձևով հայտնվել են շշերում… Անհավանական, որովհետև դժվար է բառերով հաղորդել շշի սահմանափակ տարածքում պարփակված մարդու կարոտն ու երազանքի ուժը:

Գիշերային լռության պտուղները
Այսօր համացանցը ողողված է շշերի մեջ նավակներ պատրաստելու ուղեցույցներով ու տեսագրություններով: Եվ հենց այսօր, երբ հասանելի է այս հրաշքը սեփական ձեռքերով արարելու համար անհրաժեշտ տեսական ու գործնական նյութը, ավելի քիչ են այն արարողները: Ժամանակ չկա: Ժամանակ չունի նույնիսկ Մհեր Թովմասյանը (Մոխը)` նավակները շշերում տեղավորող միակ հայը, «Նավերը շշերի մեջ» եվրոպական ասոցիացիայի անդամը, նրա յուրաքանչյուր ժամն ու րոպեն նվիրված է Հայաստանում առագաստային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս սպորտաձևը Մոխի տարերքն է, գլխավոր զբաղմունքը, իսկ շշերի մեջ նավակները նրա անդադրում տաղանդի և ձմռան ամիսներին բաց ջրի ու քամու կարոտի արտահայտումն է: Երեսուն տարի ձմեռային պարապը նա լցրել է սպիտակ ապակուց տարատեսակ շշերի մեջ պատմական նավերի փոքր մոդելներ տեղավորելով: Աշխատել է հիմնականում գիշերը, երբ կատարյալ լռությունը թույլ է տվել կենտրոնանալ մանր դետալների վրա. «Աշխատանքը մեծ լարվածություն ու ծով համբերություն է պահանջում, բավական է մի թեթև անախորժ բարձր ձայն և ժամերով արած գործդ փչանում է»,- պատմում է Մհեր Թովմասյանը: Այդպես հանգիստ ու մեղմ ընթացքով էլ պատրաստել է հարյուրավոր մոդելներ: Հարուստ հավաքածուից տան պահարանում շարունակում են խարիսխ գցել մի քանիսը. մյուսները նավարկել են այլ ափեր` իրենց հետ տանելով աշխարհագրական բացահայտումների ու հայտնի ծոցագնացների խիզախ ոգին:

Լեռնային հոգու ծովային հոբբին
Ժամանակակից հարմարավետ սուպերլայներով ճանապարհորդող մարդուն տեղեկատվական տեխնոլոգիաները ազատ ժամանակը լցնելու բազմաթիվ միջոցներ են տրամադրում: 17-18-րդ դարերում` առագաստանավերով աշխարհագրական բացահայտումների ու հեռավոր նավագնացությունների մեկնող նավաստիներին կյանքն այդպես «երես չէր տվել». Ձանձրույթը խեղդում էին խմիչքի մեջ, իսկ երբ խմիչքը վերջանում էր շշի մեջ նավեր էին հավաքում: Ով առաջինը նման միտք հղացավ, հայտնի չէ: Այդ նավերից լավագույնները պահպանվել են եվրոպական թանգարաններում: Կհայտնվե՞ն Մհեր Թովմասյանի նավերը որևէ թանգարանում… միգուցե, երբ շշի մեջ նավակը ծովային տարերք երազող լեռնային հոգու խորհրդանիշ դառնա:

Անգլիական պարտությունը
«Արտասովոր է` ծովից 1800 կմ բարձրության վրա գտնվող երկրում կա մեկն, ով տիրապետում է շշերի մեջ նավակներ պատրաստելու արվեստին»,- անգլիացիները ոգևորված էին: Մհեր Թովմասյանն ու իր 12 նավերը 2000-ին հրավիրվեցին Անգլիա: Մհերը հիշում է, որ դեռ մինչև մրցույթը` նավերը սեղանի վրա շարելու ընթացքում, եվրոպացի հետաքրքրասերների խումբ էր հավաքվել շուրջը. «It’s wonderdfull»,- կրկնում էին նրանք: Իսկ մրցույթից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչը «Լավագույն հավաքածու» անվանակագում շահեց առաջին մրցանակը, անգլիական ոգևորությունը արագ մարեց` տեղի տալով տարակուսանքին. «Ինչպե±ս է հնարավոր, որ ծովից 1800 կմ բարձրության վրա գտնվող երկրում լինի մեկն, ով այսպես տիրապետում է նավակները շշերի մեջ պատրաստելու արվեստին»: Եվրոպական ասոցիացիայի կողմից մասնակցության հաջորդ առաջարկը եղավ միայն 2004-ին: Առաջարկ, ոչ հրավեր, որովհետև առաջին անգամ ասոցիացիան հոգացել էր իր արտասովոր մասնակցի ծախսերի մի մասը: Երկրորդ անգամ Մհեր Թովմասյանը 40 երկրներից ժամանած 300 ներկայացուցիչներից մեկն էր, որի 1456-ի անգլիական Մեթյու նավը և ամերիկյան բրիգն արժանացան առաջին և երկրորդ մրցանակներին: Այստեղ արդեն անգլիական բարեկրթությունը տեղի տվեց գոռոզ խանդոտությանը. «Ինչպե՞ս է կարողանում այդ` ծովից 1800 կմ բարձրության վրա գտնվող երկրի բնակիչը գերազանցել հայտնի ծովագնացների ժառանգների ռեկորդները»: Պարզապես անգլիացիներն ի զորու չեն ընկալել հայկական «կաթնաղբյուրից» սնվող էպիկական տարերային ու «ծուռ» ուժը:

Շշերի մեջ՝ շեքսպիրյան կրքեր
Հետաքրքիր է` ինչպես կարձագանքեին նույն անգլիացիները, երբ շշում տեսնեին իրենց հանճարեղ հայրենակից նախնու` Շեքսպիրի «Օթելլոյից» մի տեսարան… Անգլիան անկանխատեսելի է: Նման բան չէր կանխատեսել անգամ ինքը` Մհեր Թովմասյանը: Երբ որդին խնդրեց իր ուսուցչի համար շշի մեջ թատերական տեսարան հավաքել, Մհերն ինքը տարակուսեց. «Դա անհնար է, խենթություն է»: Բայց տարակուսանքն աստիճանաբար զիջեց, մտքում սկսեց գծագրվել թատերական բեմն ու տեսարանը, ձեռքերը ակամայից պարզվեցին դեպի գործիքները… «Նման արդյունք ես էլ չէի ակնկալում, իսկական թատերական բեմ, լույսերով, դեկորացիաներով, Օթելլոն`խանդից կուրացած և անգիտակից Դեզդեմոնան… տեսնես բեմի լույսերը դեռ վառվու՞մ են»:

Հաղթող նավերը
Ամառն արդեն ավարտվում է, առագաստային սպորտը տեղի է տալիս, առջևում ցրտաշունչ ձմեռային գիշերներն են: Ու բազում դատարկ ապակե տարաներ նորից կշշալցվեն: Ու կիրագործվի մեծ հայկական երազը ծովից ծով Հայաստանի մասին՝ կստեղծվեն անգլիական ճակատներում հաղթանակ բերող փոքրիկ նավեր:

Այս թեմայով