16 Հուլիս 2013, 18:10
1758 |

Սառը ձեռքերով ու տաք սրտով արտիստը

«Դուք՝ չգիտեմ, բայց ես կարգին կարոտել եմ ձեզ»,- Վարդան Պետրոսյանի սիրառատ խոստովանությունն է հանդիսատեսին։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2013-ի ձմեռն ու գարունն արտիստն անցկացրել է հայրենիքում. Ֆրանսիա չի մեկնել։ Եղել է ժողովրդի մեջ ու ժողովրդի կողքին, ընտրությունների թոհուբոհում։ Նախկինում արտիստը հայաստանյան նյութը հավաքում, իր հետ տանում էր Ֆրանսիա, այնտեղ հասունացնում, եփում, համեմում ու ներկայացում դարձրած՝ ամռանը բերում Երևան։ Այս անգամ ստեղծագործական տեղատվություններն ու մակընթացությունները հենց Երևանում էլ տեղի են ունեցել։ Եղել է նաև դադարի, ինքնադժգոհության մեկամսյակ։ «Ինչ գրում էի, դուրս չէր գալիս, որպես հանդիսատես էի նայում ու չէի ընդունում ասածս ու արածս։ Տարակուսանքը սկսվեց վերնագրից։ Գիտեք, որ մեզ նման թատերախմբերը թատրոնների կույր աղիքն են. մեզ բեմ է տրամադրվում երկուշաբթի, լավագույն դեպքում երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին, այսինքն՝ երբ թատրոնները հանգստանում են։ Նկատեցի, որ, փաստորեն, ինձ խաղալու հնարավորություն է տրված միայն երկուշաբթի օրերին։ Ու ծագեց միտքը. «Ամեն երկուշաբթի»՝ և՛ վերնագիր, և՛ հիշեցում՝ հանդիսատեսին։ Ձեռքի հետ էլ խորամանկ գովազդ եմ անում», - երկրորդ խոստովանությունն արեց դերասանը։

Բաց ու ազատ վերնագիրը թույլ է տալիս առանց սահմանափակումների ստեղծագործել, փոփոխել ներկայացման ընթացքը, հյուրերի ընդգրկել։ Ամենակարևորը՝ հանդիսատեսին մասնակից դարձնել բեմական գործընթացին։ Քաղաքականություն էլ է շոշափվելու, բայց առանց քաղաքականության. նմանակումներ չեն լինելու։ Վարդան Պետրոսյանը սրտում կուտակվածն է դատարկելու, հանդիսատեսի հետ փոխանակելու մտահոգություններն ու հույզերը։ Շատ կարևոր բան ունի ասելու. ոչ թե խարազանելու է որևէ մեկին, որ հանդիսատեսն ասի՝ ո՜ւխ, էս ինչ լավ կպավ սրան, ո՜ւխ, սիրտս հովացավ, այլ ներքին կապ է հաստատելու մարդկանց հետ, մտերմիկ զրուցելու։ Ապրելով ժողովրդի մեջ ու քաջատեղյակ նրան պատած անհանգստություններին՝ Վարդան Պետրոսյանը նկատել է, որ շատերին տանջում է մի միտք՝ ինչպես դուրս գալ կյանքի ստեղծած անելանելի վիճակից։ Նա առաջարկում է «Ամեն երկուշաբթի» միասին ելքեր փնտրել։

Իրեն բախտավոր արվեստագետ է համարում, որովհետև հանդիսատեսի պակաս երբեք չի ունեցել։ Միշտ ելույթ է ունեցել լեփ-լեցուն դահլիճներում։ «Իմ ներկայացումներին գալիս են երիտասարդներ, տատիկներ ու թոռնիկներ, ուսանողներ, մշակույթի մարդիկ, քաղաքական կարկառուն գործիչներ, ընդդիմադիրներ ու իշխանավորներ։ Դժգոհելու պատճառ չունեմ. անգամ թատրոնի մարդիկ են հաճախում ներկայացումներիս»,-հպարտացավ արտիստը։
Շոգ սենյակում արտիստի ձեռքերը սառույցի պես պաղ էին. հուզված էր ու ոգեշնչված։ Ասաց, որ ինքն այդպիսին է՝ սառը ձեռքերով, բայց տաք սրտով, սառը ոտքերով, բայց տաք գլխով։ Անհամբերությամբ է սպասում հուլիսի 29-ին Պարոնյանի բեմում առաջին ներկայացմանը։ «Ամեն երկուշաբթիի» հանդիպումները տարբեր են լինելու՝ լի անակնկալներով, երաժշտական ձևավորումներով։ Գիտի, որ իր կայուն ու հավատարիմ հանդիսատեսն իրեն է սպասում, իսկ ինքը ստեղծագործական փնտրտուքների արդյունքը ներկայացնելու է բառացի ու վերնագրային իմաստով «Ամեն երկուշաբթի»։

Այս թեմայով