06 Հուլիս 2013, 23:48
1162 |

200 հայացք՝ նույն հողակտորին

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՙՀայաստան աշխարհ՚ ստեղծագործությունների հանրապետական ցուցահանդեսը:

Առաջին հարկի ցուցասրահում տեղ էին գտել տարբեր տարիքի, ճանաչված ու չճանաչված հեղինակների բնանկարները: ՙ400-ից ավելի հայտ էր ներկայացվել, - ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:- Բայց, ցավոք, բոլորը չէին կարող ներկայացվել, ուստի ընտրվել են լավագույնները՚: Ի դեպ, Աղամյանի մեկ աշխատանք նույնպես ընտրյալների շարքում էրլ:

Արվեստագետներից ու արվեստաբաններից կազմած հանձնաժողովն ընտրել էր  շուրջ 200 աշխատանք:: Աղամյանի հավաստմամբ՝ կտավների ցուցադրությամբ նույնպես հատուկ մարդիկ են զբաղվել, թեևակնհայտ էր, որ նկարների դասավորությունը, յուրաքանչյուրի համար հատկացված տարածությունը իսկապես կարող էր շատ բան փոխել դրանց ընկալման հարցում:

Մտքովդ անցած ցանկացած ժանրի բնանկարը հնարավոր էր գտնել այս ցուցահանդեսում՝ ռեալիստական բնանկարներից մինչև աբստրակտ ու մինիմալիստական լուծումներ, հայրենի գյուղի տեսարաններից, արահետներից ու անդունդներից մինչև բոլորիս քաջածանոթ Շորժայի հանդարտ ափերն ու Սիսիանի ճչացող դեղնակարմիրի ու կանաչի հաշվարկված գունաբծերը, մեծ վարպետների ստացված հորինվածքներ,  դրանց կողքին՝  սիրողական աշխատանքներ: Հսկայական կտավների հարևանությամբ կախված փոքրիկ բնանկարներ, որոնք, գուցե, ավելի մեծ գեղագիտական արժեք են ներկայացնում:

Ցուցահանեսի թողած տպավորությունները խառն են՝ գուցե քանակի, գուցե և որակի պատճառով. պատերով մեկ շարված կտավները, կարծես, իրենք էլ նեղված էին իրենց հատկացված մի կտոր սպիտակ ֆոնից, որից կախվել ու հլու-հնազանդ սպասում էին, յուրաքանչյուրը՝ իր դիտողին:

ՙՀայաստան աշխարհ՚ ցուցահանդեսը բաց կլինի 10 օր՝ մինչև հուլիսի 14-ը: 

Այս թեմայով