04 Հուլիս 2013, 17:27
3976 |

Տխուր աչքերով հայը

Նրան բոլորն են սիրում։ Երբ ողջ էր, իր տաղանդով բանաձևեց մեր թատրոնի ու կինոյի փառահեղ ներկան: Մահից հետո էլ թողեց այդ ներկայի բացակա շարունակությունը։ Կերպարների գույներն ու բազմազանությունը, ներսից բխող արտահայտչականությունը, առանց խաղի խաղը, դիմագծերի խորությունն ու զույգ աչքերի զույգ վիհերը միլիոնավոր մարդկանց ստիպել են ինքնակամ խոստովանել՝ նա անկրկնելի է, միակն ու բացառիկը՝ մեր Ֆրունզը։

Ժողովուրդը սրտով է տեսնում, հոգով լսում, էությամբ հասկանում ու գնահատում անվրեպ։ Ժողովուրդը նրան իրենը համարեց՝ չսպասելով պետական կոչումների ու տիտղոսների։ Այդպես իրենն է համարել Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Խորեն Աբրահամյանին, ՄհերՄկրտչյանին։ Յուրայիններին մտերմիկ անուններ է տվել՝ կարճ ու թանկ՝ Փափազ, Հրաչ, Խորիկ, Ֆրունզ։ Անկաշառ է ժողովրդի սիրտը, ընտրությունը՝ սրտի թելադրանքով՝ նորեն անկաշառ։

Միացրեք հեռուստատցույցը. էկրանին հայկական ֆի՞լմ է, Ֆրո՞ւնզն է խաղում։ Կփոխե՞ք ալիքը. հաստատ՝ ոչ։ Ֆիլմն անգիր գիտեք՝ բոլոր երկխոսությունները, թևավոր խոսքերը, կադրերի հաջորդականությունը, բայց մեկ է' նայում եք։ Նայում, որովհետև բորբոքում է արվեստի անթեղված կրակը, կոշտացած ճաշակի բութ անկյունները նորից սրում, միտքն ու հոգին ազատում մերօրյա անարվեստ թատրոնի, կինոյի, համերգի արձակած պղպջակների լաբիրինթոսից։ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Խոշոր շահում», «Առաջին սիրո երգը» ու այս շարքի մյուս ֆիլմերը նման հաջողություն չէին ունենա, եթե այնտեղ չխաղային Մհեր Մկրտչյանը, Վերջալույս Միրիջանյանը, Խորեն Աբրահամյանը, Գալյա Նովենցը, Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը։ Փոխարենը խաղային սերիալներից շատերին քաջածանոթ մերօրյա դերասանները։ Ծանր-ծով կերպարները մի րոպեում գլամուրային շնչից ծնված պղպջակ դարձան։

Ֆրունզի յուրաքանչյուր դերի մասին խոսելիս ճոխ բառապաշար, մեծարանքի մակդիրներ պետք չեն։ Դրանց մասին առհասարակ շատ խոսելու կարիք էլ չկա։ Զգալ է պետք' ինչպես են նյարդային համակարգի մեռած բջիջները վերակենդանանում։ Դա իսկական արվեստի նկատմամբ կարոտն է, ու Ֆրունզի պես ուզում ես կանչել՝ հե-հե-հեյ։

Մհեր Մկրտչյանի մասին ընկերներն ու մտերիմներն այդպես էլ ասում էին՝ մաքուր, անկեղծ, շիտակ։ Տարիներ առաջ՝ հուլիսի 4-ին'Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը, այցելեցի Խորեն Աբրահամյանին։ Ֆրունզի աչքերի ֆենոմենը զրույցի թեման դարձավ։ Խորեն Աբրահամյանը նյարդայնացավ՝ հիշելով Ֆրունզին բնութագրողներից մեկին, որն ասել էր՝ տխուր աչքերով կատակերգակ արտիստ. «Ասողները ճանաչե՞լ են Ֆրուզին, կարդացե՞լ են նրա հոգին, հաստատ՝ ոչ։ Հերիք է անգիր արած շաբլոն խոսքերն ասեք։ Ֆրունզը քայլող հումոր էր, էնքան կատակ կար նրա մեջ, որ աչքերից էլ էր հորդում, մի՞թե չեք տեսնում։ Ի՞նչ տխուր աչքեր»,- վրդովվեց։

Խորեն Աբրահամյանին հակառակ՝ այդ կարծիքին են անգամ օտարները։ Ղազախական կինոյի վարպետները, երբ Երևանում էին, իրենք խոսք բացեցին Ֆրունզի մասին. նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը գիտեին, կենսագրությունը՝ նույնպես. «Դուք մի արտիստ ունեք, որի նմանն աշխարհի ոչ մի ազգ չունի։ Հայերդ Հայկական հարց ունեք, իսկ դրա մասին մի արժեքավոր, լայնածավալ ֆիլմ ունե՞ք, ո՛չ։ Մինչդեռ Ֆրուզ ունեիք, միայն նրա դեմքը, աչքերը Ցեղասպանության մասին ֆիլմում ցույց տալով՝ կցնցեիք աշխարհը, ծնկի կբերեիք Ցեղասպանությունը հերքողներին։ Նրա աչքերն արվեստից բացի, դիվանագիտական արժեք կարող էին ունենալ ձեզ համար, բայց այդ արժեքի արժեքը չգիտակցեցիք»։

Կերտած դերերն իր նման էին, կյանքի ու ճակատագրի դիպվածների խաչմերուկներում հայտնված Մհեր Մկրտչյանի նման։ Վայելեց ժողովրդի սերը, բեմի ու կինոյի դափնիները: Ծնվել էր 1930-ի ծանր ժամանակներում, մահացավ 1991-ի ոչ պակաս ծանր օրերին։ Իսկ այդ միջակայքում արտիստական բոհեմն էր, սովետական կայսրության ամբողջ տիրույթում թևածող նրա փառքն ու դերերի գլխապտույտ բազմազանությունը։

 

Այս թեմայով