28 Հունիս 2013, 13:57
1786 |

Գաղտնիքը մատուցման մեջ է

Երիտասարդ թառահար Միքայել Ոսկանյանն ազգային երաժշտության մատուցման իր եղանակն է գտել: Նրա երաժշտությունը գերազանցապես հիմնվում է հայկական ազգային դպրոցի վրա: Իսկ ջազային էլեմենտները, յուրօրինակ կերպով խառնվելով թառի հնչյուններին, ստեղծում են երաժշտական այնպիսի համակցություն, որը հաճելի և սիրելի է շատերին:

Ջազն օգնու՞մ է ազգային երաժշտություն մատուցելիս, կամ գուցե ազգայինն է ջազն առավել մատչելի դարձնում:
— Մենք, կարծես, ազգայինը մատուցելու խնդիր ունենք, ջազն օգնում է այդ հարցում: Խոսքն ազգային գործիքներից մեկը կամ մի քանիսը ներկայացնելու մասին է: Տարբեր խմբեր կան, որտեղ ազգային գործիքներ են ներկայացվում, և դրանից ջազն ավելի հետաքրքիր է դառնում: Այսինքն երկու զուգահեռ հարթություններ են ստեղծվում, որոնք մի մեծ ու գեղեցիկ փունջ են կազմում:

Կա տեսակետ, որ ազգայինին «ձեռք տալ» չի կարելի: Իսկ քո դեպքում ստացվեց հակառակը: Դա մտածվա՞ծ էր, թե պարզապես այդպես ստացվեց:
— Կարծրատիպերը չեմ ընդունում, որովհետև դրանք ազգային ոլորտները զրկում են զարգանալու հնարավորությունից: Ազգային` չի նշանակում` ինչ կա, դա է, և վերջ: Երաժշտությունը զարգացում է ապրել: Այսինքն, այն ազգայինը, որին հիմա ծանոթ ենք, զարգացած ազգայինն է, ավելի նոր է, քան երկու-երեք դար առաջ: Մենք նվագում ենք անցած դարի 60-70-ականների երաժշտությունը: Դա հրաշալի երաժշտություն է, որը մեզ համար ռետրո է: Բայց նոր ստեղծագործողների ու ստեղծագործությունների պակաս կա:

Թառից ավելի հայկական գործիք կա՞:
— Եթե ցանկացած հայի հարցնեք, բնականաբար, կպատասխանի, որ դուդուկն ամենահայկական գործիքն է: Իսկ ինձ համար բոլորը հավասարապես հայկական են: Դա կախված է նրանից, թե ինչպես ես նվագում: Դուդուկը կարելի է նվագել այնպես, որ լսելիս մտածես, որ այն հայկական չէ: Նույնը թառի դեպքում է: Գաղտնիքը մատուցման մեջ է:

Որքա՞ն ես կարևորում թառը' որպես հայկական գործիք աշխարհին ներկայացնելու հարցը:
— Դա նույնքան կարևոր է, որքան ցանկացած ազգային գործիք ներկայացնելու հարցը: Դուդուկին հաջողվեց նվաճել աշխարհը: Այն հիմա բարձունքի վրա է: Դուդուկից բացի շատ հրաշալի գործիքներ ունենք: Եվ հայկական ոճով այդ գործիքները պետք է հասանելի դառնան ամբողջ աշխարհում: Բոլորս գիտենք, որ թառը միայն Հայաստանում չէ, որ նվագում են, բայց հայկական կատարողական արվեստը տարբերվում է, իսկ աշխարհը պետք է իմանա այդ կատարողական արվեստի մասին, պետք է լսի ու հասկանա' հայկական է:

Քո մատուցած երաժշտությունը մեզ սիրելի ու հասկանալի է: Ըստ քեզ, ինչպե՞ս են այն ընկալում այլազգիները:
— Արտասահմանցիները, իրոք, տպավորվում են, որովհետև նրանք ֆոլկ երաժշտության մեջ էկզոտիկ երանգ են տեսնում: Ցանկացած էթնիկ երաժշտական գործիք հետաքրքիր է թե մեզ և թե այլազգիներին: Թբիլիսիում  «Կովկաս ջազ» փառատոնին ժամանակ էլ իմ գործիքն ու իմ երաժշտությունը շատերին հետաքրքրեց: Համագործակցության առաջարկներ եմ ստացել Լիտվայի, Վրաստանի և այլ երկրների երաժիշտներից: Կարծում եմ' ազգային երաժշտություն ընկալել-չընկալելը մատուցման եղանակից է կախված: Բոլոր գործիքներն էլ յուրօրինակ են և իրենց հետաքրքրությունն ունեն:

Քո թառն ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Ինչպե՞ս է այն հայտնվել քեզ մոտ:
— Այն պապիկիս նվերն է: Նրա պապը' Սարգիսը, նույնպես թառահար է եղել Իջևանում: Ապուպապիս թառը գտել եմ, պահում եմ ինձ մոտ, բայց չեմ նվագում' վերականգնման կարիք ունի, ավելի քան 100 տարեկան է: Իսկ իմ թառը ղարաբաղյան վարպետի աշխատանք է, որը, տարբեր երաժիշտների ձեռքով անցնելով, եկել հասել է ինձ: Այն նույնպես հին է' 100 տարվա:

Կա՞ մեկը, ում քո վարպետն ես համարում:
— «Վարպետն» ինձ համար ավելի ընդհանրական հասկացություն է: Չեմ ուզում որևէ անուն նշել: Կան կոնկրետ երաժշտություններ, որոնցից դասեր եմ քաղել: Դա ինձ մոտ սկսվել է հայկական միջնադարյան, նաև' դասական երաժշտությունից, և շարունակվել մինչև ներկայիս փոփ երաժշտությունը, ջազը, ռոքը: Լսել ու ուսումնասիրել եմ լավագույն օրինակները' փորձելով իմ գործիքն ու իմ երաժշտական մոտեցումները դրանց հետ համադրել: Իսկ վարպետները շատ են: Ես ավարտել եմ երաժշտական դպրոց, ունեցել եմ ուսուցիչներ, բայց հետագայում ինքնակրթությամբ, ինքնակատարելագործմամբ եմ զբաղվել: Իսկ արվեստաբանի մասնագիտությունն օգնել է երաժշտությունն ու գործիքագիտությունն ավելի գրագետ ուսումնասիրելու հարցում:

Լսել եմ' ցանկություն ունես թառի մասին ֆիլմ նկարահանել: Այն դոկումենտա՞լ է լինելու:
— Այո´: Աշխատանքներն արդեն սկսված են, նյութեր ենք հավաքում, մասնագետների խորհրդատվությանն ենք դիմում: Բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել:

Ձեր խումբը Made in Jazz մրցույթի առաջին հորիզոնականում է: Ի՞նչ ես կարծում, կհաջողվի՞ այդ դիրքը մինչև վերջ պահպանել:
— Հուսով ենք' այո: Հիմա ավելի պասիվ ենք: Ուզում ենք, որ ամեն ինչ հանդարտվի, որովհետև բավականին առաջ ենք ընկել:

Հայտնի է, որ հաղթողը մասնակցելու է Նյու Յորքում կայանալիք ջազ փառատոնին: Երկացանկ պատրաստե՞լ եք:
— Դա կախված է կազմակերպիչների ներկայացրած ծրագրից: Ցանկացած փառատոն տալիս է ժամանակահատված և որոշակի քանակի ստեղծագործություններ կատարելու հնարավորություն: Միգուցե չորս ստեղծագործություն կատարելու կամ 40 րոպե նվագելու հնարավորություն մեզ տրվի: Ըստ այդմ էլ ծրագիր կներկայացնենք: Մենք բավականին մեծ երկացանկ ունենք' մոտ քսան ստեղծագործություն: Այնպես որ' համերգային և ստեղծագործական բուռն շրջանը շարունակվում է:

Այս թեմայով