26 Հունիս 2013, 15:47
1340 |

Կորած ձեռագրերի հետքերով

Մեկ դար առաջ, երբ Կոմիտաս Վարդապետն արդեն հոգեբուժարանում էր, բժշկից անընդհատ պահանջում էր. «Վերադարձրեք ինձ իմ սունդուկը»։ Վարդապետի համար այն անգին էր. այնտեղ էին նրա աշխատանքները։ Կոմիտասն այդպես էլ սունդուկը չստացավ։ Պոլսի պատրիարքարանը պահեց այն իր մոտ, ավելի ուշ, անհայտ պատճառներով ու ճանապարհով, ձեռագրերն անհետացան։

Արդեն խորհրդային տարիներին, երբ Փարիզում ստեղծված հանձնաժողովը հավաքում էր Կոմիտասի ձեռագրերը, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ վաճառեցին իրենց մոտ գտնվող բացառիկ նմուշները։ Վարդապետի 3000 ձեռագրից գտնվեց միայն 1500-ը։ Որոշում կայացվեց դրանք պահել Հայաստանում։ Փարիզում ձեռագրերը համարակալեցին ու ծրարներով ուղարկեցին Հայաստան, սակայն տեղ հասավ դրանց մի մասը միայն։ 80 տարի անց' 2012-ի նոյեմբերին, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը հայտնաբերեց, որ կորած ձեռագրերից մեկը Ռուսաստանում է: Կոմիտասագետը միանգամից գործի անցավ։

Արդեն 7 ամիս է անցել, սակայն «Տետրակը» դեռ Հայաստանում չէ։ Պատճառը՝ ֆինանսավորում չկա։ Ռուսաստանի բնակիչը դրա համար 7000 դոլար է պահանջել։ Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը միանգամից դիմել է Մշակույթի նախարարություն և քաղաքապետարան։ Խոստացել են օգնել, սակայն' «ամեն ամիս ասում են' մյուս ամիս, վաղը, մյուս օրը»։

Չնայած' վաճառվող նմուշը բնօրինակը չէ' արտագրված է 30-ականներին, սակայն Արթուր Շահնազարյանը վստահեցնում է, որ այն անգին է, քանի որ «Տետրակում» նշված է մյուս բոլոր կորած ձեռագրերի տեղը։

Արթուր Շահնազարյանը դիմել է նաև հայ մեծահարուստներին, սակայն կրկին մերժում է ստացել։ 36 էջից բաղկացած «Տետրակը», կոմիտասագետի տվյալով, Ռուսաստանի բնակիչն արդեն վաճառել է։ Գնորդը հայտի չէ, սակայն Արթուր Շահնազարյանը մտադիր է նրան էլ գտնել։ Իսկ մինչև այդ մտածում է ֆինանսներ հայթայթելու մասին՝ Կոմիտասի բացառիկ ձեռագրերը վերջնապես տիրոջը՝ հայ ժողովրդին հասցնելու համար: Հուսանք' կստացվի:

Այս թեմայով