22 Հունիս 2013, 19:46
2384 |

Կատարսիս` Արծրունու ձեռամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը մեկ շաբաթ ընդունեց ճաշակով ու նախասիրություններով խիստ առանձնացող հանդիսատեսի։

«Նարեկացի» արվեստների փառատոնը նույն հարկի տակ համախմբեց դասական, ազգային ու ժամանակակից երաժշտության' ստվար հասարակությանը ոչ այնքան հայտնի, բայց մշտական ու հավատարիմ հանդիսատես ունեցող տաղանդավոր մարդկանց։ Փառատոնի 6-րդ համերգի առանցքային կերպարը Վահան Արծրունին էր։ Կամերայինի բեմում էին «Վարդանյան» լարային քառյակը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» մանկական երգչախումբը, ֆլեյտահարներ Նելլի Մանուկյանն ու Անի Օհանյանը, ավելի կենտրոնում' մենակատարները' սոպրանո Հասմիկ Բաղդասարյանն ու Վահան Արծրունին։ Նրանց դիմաց արիստոտելյան կատարսիսի սպասող հանդիսատեսն էր։ Ու երաժշտության առաջին իսկ հնչյուններից մաքրագործումը սկսվեց։

«Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը Վահան Արծրունին գրել է Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ 10 տարուց ավելի այն կատարվել է հայաստանյան և օտար բեմերում, ձայնագրությունը վերահրատարակվեց 3 անգամ։ Հեղինակը սեփական աշխատանքը գնահատելիս խիստ ժուժկալ է. «Սա կոմիտասյան բանաստեղծությունից ազդված'իմ երաժշտական վերապրումն է։ Գերնպատակ չեմ ունեցել նմանեցնել Կոմիտասի երգերին։ Մեղեդիները, կոմպոզիցիոն դարձվածքները, ամեն ինչ ինձ թելադրել է բանաստեղծությունը։ Կոմիտասի պոեզիան նրա երգերի շարունակությունն է։ Բազմաթիվ կոմպոզիտորներ պարբերաբար անդրադարձել են վարդապետի չափածոյին, պարզապես ես ամբողջական տեսքի եմ բերել, դարձրել կոմիտասյան 10 հայտնություններից բաղկացած վոկալ-գործիքային մեծ ստեղծագործություն»։

«Կոմիտաս. տասը հայտնությունը» վերջին անգամ դրսում ներկայացվել է 2003-ին։ Մեր բեմերում էլ այն հազվադեպ կարելի է ունկնդրել։ Չգրված օրենք է. բարձրաճաշակ ստեղծագործությունները ծանր հրետանու պես պահեստավորվում են, առաջին գիծ է գնում դատարկ ու բարձր զրնգացող «մշակույթը»։ Վահան Արծրունին ըմբռնումով է մոտենում քարոզչության այս միտումներին. իր արվեսը ունի երկրպագու'մեծ ազդագրերին չխաբվող, անխառն ու գիտակ։

«Կոմիտաս և Վահան Արծրունի. ներդաշնակվել են բանաստեղծությունն ու երաժշտությունը։ Կոմիտասը հիմնովին հասկացվել է, նրա ոգին ու խոսքը' մինչև վերջ բացահայտվել։ Սա ապրած ստեղծագործություն է՝ սեփական հոգու և մտքի միջով անցկացված։ Աննկարագրելի են ապրումներս, երբ բեմից հնչեցնում եմ այս գործը»,- ներկայացնում է սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։

Խոսքի ու մեղեդու կուռ ամբողջությունը, շերտատված տասը մասի, ունկնդրին 45 րոպեով կտրեցին իրականությունից' պարբերաբար ստիպելով արտասվելու չափ փշաքաղվել։ Բացառիկ դեպք էր, երբ ոչ ոք չէր ուզում' արիստոտելյան կատարսիսն ավարտվեր, որովհետև այն մեր ներկայի մշակույթում հազվագյուտ հյուր է, իսկ երբ ժամանում է, չենք ուզում բաժանվել։ Եվ այստեղ է, որ ափսոսում ենք սկսված կատարսիսի ավարտի համար։ Ուզում ենք ձեռքներս կոտրատելու աստիճան պինդ ու բարձր ծափահարել։ Ու ամաչում ենք դահլիճի դատարկ աթոռների համար, մեղավոր զգում դրա համար. ծափ ենք տալիս ևս 100 բացակա հանդիսատեսի անունից

Այս թեմայով