22 Փետրվար 2013, 15:11
1424 |

Իրական կախարդություն ստեղծողը

2012-ի լավագույն ֆիլմերից մեկը ճանաչված Pixar Animation Studios-ի արտադրած “Քաջը” անիմացիոն ֆիլմը ուրախ կերպարներից, հետաքրքրաշարժ սյուժեից և նոր տեխնոլոգիաների կիրառումից բացի առանձնանում է նրանով, որ դրա պրոդյուսերն է Քեթրին Սարաֆյանը: Pixar ընկերությունում Սարաֆյանի երկար տարիներ զբաղեցրած ղեկավար պաշտոնները թույլ են տալիս նրան գտնվել լեգենդար կինոստուդիայում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների առանցքում: Այս և շատ այլ բաների մասին Քեթրինը պատմում է միայն իրեն բնորոշ ոգևորությամբ, ինչը նրան ուղեկցում է բոլոր գործերում:

Մուտք դեպի լեգենդ

Pixar Animation Studios-ը դարձավ իմ կյանքի ամենակարևոր ընտրությունը: Դեռ ուսանողուհի էի UCLA-ում, երբ մեր համալսարանում տեղի ունեցավ նրանց նկարած կարճամետրաժ մի քանի ֆիլմի ցուցադրում: Ընկերության աշխատակիցն էլ պատմում էր, թե ինչպես է Pixar-ը մշակում արվեստի ու տեխնոլոգիաների ինտեգրման նոր մոտեցումներ: Ես ցնցված էի. հասկացա, որ դա հենց այն ընկերությունն է, որտեղ կուզեի աշխատել: 1994-ին՝ հենց ստացա արվեստի բակալավրի դիպլոմ, միանգամից երկու ռեզյումե ուղարկեցի նրանց: Մի քանի անհանգիստ շաբաթից հետո վերջապես եկավ հարցազրույցի երկար սպասված օրը, որից հետո ինձ ընկերությունում աշխատանքի ընդունեցին: Հենց սկզբում Pixar և Disney Animation Studios-ի գլխավոր ստեղծագործական ղեկավար Ջոն Լեսեթերն ինձ պատմեց, թե ինչպես են ֆիլմերը ստեղծվում: Հիշում եմ՝ ինչպես էի փշաքաղվում այդ լեգենդար մարդուն այդքան մոտ գտնվելուց: Գրի էի առնում նրա յուրաքանչյուր խոսքը: Նրա շնորհիվ էր, որ հասկացա, թե ինչքան շատ բան է կախված աշխատանքի որակից ու գլխում ծագող մտքերի թարմությունից: Հասկացա նաև, որ նրանց արած գործը շուտով ընդմիշտ կփոխի զվարճանքների աշխարհը:

Toy Story - «Խաղալիքների պատմություն»

Երբ եկա Pixar, ստուդիան աշխատում էր պատմության մեջ առաջին համակարգչային անիմացիայի՝ Toy Story-ի վրա: Նրանց մտահղացումը կա՛մ կատարյալ անհաջողություն էր լինելու, կա՛մ էլ գրավելու էր անիմացիայի և զվարճանքների աշխարհը: Այլ տարբերակ չկար: Բայց ամեն ինչ հաջողվեց: Արդեն 18 տարի է անցել, իսկ այդ ֆիլմը մինչև հիմա համարվում է բոլոր ժամանակների լավագույն անիմացիոն ֆիլմերից մեկը: Toy Story-ն հատկապես արժեքավոր է Pixar-ի աշխատակիցների համար, բայց ոչ միայն որպես համակարգչի միջոցով անիմացված առաջին ֆիլմ, այլ նաև այն պատճառով, որ դրա ավարտից հետո կինոթատրոնից դուրս եկողներից շատերը վստահ էին, որ իրական նկարահումներ են դիտել: Մեր ջանքերի նպատակը հենց դա է, որ տեխնոլոգիաները նկատելի չլինեն: Սրա համար ֆիլմի որակը պետք է շատ բարձր լինի:

Toy Story-ում ինձ գրավում են տեխնոլոգիական հնարքները. վայելում եմ շարադրանքը, պատմության կառուցվածքն ու մատուցումը: Ֆիլմը հատուկ է նաև այն պատճառով, որ ստեղված է սցենարի հիմքի վրա, այլ ոչ հակառակը, ինչպես հաճախ պատահում է: Այստեղ մենք ստացանք այն ճիշտ համադրությունը, որի մասին ինձ Լեսեթերը մի անգամ ասել էր. «Արվեստը խրախուսում է տեխնոլոգիաները, տեխնոլոգիաներն էլ ոգևորում են արվեստը»:
Ես Ջոնից սովորել եմ ոչ միայն մասնագիտական հմտություններ: Հետևելով նրան՝ ես աճեցի նաև որպես մարդ: Օրինակ, հասկացա, որ չի կարելի անել միայն այն, ինչ պահանջվում է քեզնից: Անհրաժեշտ է կատարել անհնարը: Հիմա ես Էդ Քեթմալի հետ էլ եմ սկսել ավելի շատ շփվել, քան սկզբում: Երկուսն էլ հետևում են ֆիլմերի անիմացիային: Ֆանտաստիկ ղեկավարներ են՝ անհնար է այդ դերին ավելի լավ համապատասխանող այլ մարդկանց պատկերացնել: Նույնիսկ հիմա, երբ Սթիվ Ջոբսն արդեն չկա, ոչ միայն ես, այլև ընկերության բոլոր մյուս աշխատակիցները զգում են նրա ներկայությունը մեր աշխատանքում, և դա մեզ թույլ չի տալիս դադարեցնել ձգտումն առ կատարելություն:

Lifted - «Առևանգում»

Իմ դեբյուտը որպես Pixar ընկերության պրոդյուսեր եղավ կարճամետրաժ Lifted-ը: Ռեժիսորը Գերի Ռիդստերն էր: 2007-ին մեր ֆիլմը Օսկարի էր ներկայացվել. Դա  անհավատալի՜ էր: Սյուժեն ծավալվում է քննություն հանձնող ուսանողի և նրա դասախոսի շուրջ: Բայց թեսթը սովորական չէ. ուսանողը պետք է քնած մարդ առևանգի և նրան տիեզերանավ նստեցնի… Բայց ինչու՞ երկար պատմեմ. ֆիլմը հինգ րոպե է տևում. ցանկացած ոք կարող է այն youtube-ում դիտել: Այլապես ստացվում է, որ այն պարզ է և չունի երկխոսություններ. մենք պատմել ենք առանց տեքստի, և կարծում եմ, որ հենց դա էր նրա հաջողության գրավականը:

Brave - «Քաջը»

«Քաջը» Pixar-ի տասներեքերորդ անիմացիոն ֆիլմն է: Ֆիլմը, բացի տագնապալի թվից, տարբերում է մյուսներից նրանով, որ ընկերության պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դերում կին էր՝ արքայադուստր Մերիդան, ավելին՝ լիամետրաժ ֆիլմի ռեժիսորն առաջին անգամ կին էր՝ Բրենդա Չեփմենը: Ֆիլմի աշխատանքները հատուկ էին ամբողջ անձնակազմի համար: Brave-ում կտեսնեք գործողություններ՝ լի հումորով, արկածներով ու զգացմունքների առատությամբ: Վստահ եմ, որ այս ֆիլմը կգտնի հանդիսատես ամբողջ աշխարհում՝ անկախ մշակույթի ու մտածելակերպի առանձնահատկություններից:

Իսկ սկիզբը հետևյալն էր. Բրենդա Չեփմենի մոտ միտք հղացավ նկարել ֆիլմ մոր ու դստեր մասին: Ընկերության «ուղեղների խումբը» մտահղացմանը հավանություն տվեց, և անձնակազմը սկսեց զբաղվել սցենարով: Ես նախագծին միացա 2007-ին՝ ղեկավարում էի ֆիլմի վրա տարվող աշխատանքները և պատասխանատու էի վերջնական արտադրանքի համար:

«Քաջ»-ում մեզ հաջողվել է հասնել իրականության աննախադեպ պատրանքի: Օրինակ, գլխավոր հերոսուհու՝ Մերիդայի իրականին շատ մոտ շիկահեր մազերը, հագուստը և այլն… Համակարգչով այսպիսի արդյունքի հասնելը շատ դժվար է, միևնույն ժամանակ՝ ծայրահեղ անհրաժեշտ: Ահա և արվեստով ոգի առած տեխնոլոգիաների արտակարգ օրինակ: Բնության համապատասխան տեսարանների համար մեկնեցինք Շոտլանդիա, ուր ես սիրահարվեցի այն ամենին, ինչ կապված է այդ երկրի հետ: Մեր ֆիլմը փակում էր Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը՝ աշխարհի ամենահին ու հեղինակավոր փառատոններից մեկը: Շոտլանդացիները շոյված էին, որ մենք ստեղծեցինք այդ երկրի բնության գեղեցկությունը, մշակույթի հմայքը, ամեն ակնթարթ փոխվող եղանակը, լեռները, երկինքն ու հիասքանչ մարդկանց պատկերող ֆիլմ: Իշխանությունները հույս ունեն, որ «Քաջ»-ը կնպաստի Շոտլանդիայում զբոսաշրջիկների ներհոսքին: Այնտեղ ինձ տանն էի զգում ավելի, քան այլ վայրերում: Ի դեպ, ամեն անգամ կելտական նախշերով քարեր տեսնելիս աչքիս առաջ հայկական խաչքարերն են հայտնվում: Բացի դրանից, մենք ուղևորության ժամանակ տեսանք դաշտերում ուղղահայաց կանգնեցված բազմաթիվ անհայտ ծագման քարեր: Դրանք ֆիլմում էլ հենց ցույց տվեցինք: Հետո մի անգամ «Երևան» ամսագիրը թերթելիս ապշեցի՝ տեսնելով Քարահունջի ուղղահայաց քարերը. նո՛ւյն շոտլանդականներն էին: Անգամ չգիտեի էլ, որ Հայաստանում նման բան կա:

Ակունքներ

Հայաստան առաջին անգամ այցելեցի 1994-ին. Դրանք լավագույն ժամանակները չէին երկրի համար: Գրեթե բոլոր շրջաններում եղանք, այցելեցինք Գյումրի: Անկեղծ ասած՝ շատ ծանր էին տպավորություններս: Հիմա ամեն այցելության ժամանակ լուրջ, դրական փոփոխություններ եմ նկատում: Երևանում վերջին անգամ 2011-ի ամռանն եմ եղել. ամուսնուս հետ ներկա էինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը, դիտեցինք ցնցող լազերային շոուն, որին հետևեց Սերժ Թանկյանի համերգը: Այնտեղ այնքա՜ն հիասքանչ երիտասարդներ կային: Ես տեսա այլ Հայաստան՝ երկիր, որ բացի հարուստ անցյալից, ունի նաև խոստումնալից ապագա: Այնքան էի ոգևորված, որ հետ վերադարձա ու նախկինից ավելի մեծ եռանդով սկսեցի զբաղվել իմ համայնքային հարցերով:

Նկուղ

Pixar Animation Studios

Ստուդիան հիմնվել է 1979-ին: Այն ժամանակ կոչվում էր Graphics Group և սկզբում Lucasfilm-ի համակարգչային բաժինն էր: 1986-ին ընկերությունն անցավ Սթիվ Ջոբսին, անունն էլ փոխվեց Pixar-ի: Ընկերության խորհրդանիշը՝ Լուքսոն սեղանի լամպը, նույն տարում նկարված երկրորդ կարճամետրաժ ֆիլմի գլխավոր հերոսն է: 

Այս թեմայով