07 Հունիս 2013, 10:25
2791 |

Անսովոր դասականի ու սովորական իրականի խաչմերուկում

Տարվա ընթացքում աշխարհի շուրջ 170 քաղաքներում իրականացվելու են հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանն արժևորող համերգներ ու փառատոներ։ Պետական ծրագրի շրջանակում առաջին անգամ կհրատարակվի նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուն, որը կներառի և՛ հայտնի, և՛ դեռևս չկատարաված գործեր։ Կթողարկվի խաչատրյանական երաժշտության ձայնասկավառակների հավաքածուն։

Հունիսի 6-ի երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում մայրաքաղաքային եռուզեռ էր։ Անձրևի ու կարկուտի վտանգ չկար, ամառային երեկոն տներից հանել էր մարդկանց ու տրամադրել զբոսանքի։ Կարապի լճի շրջակայքում՝ խոտերին նստած, պաղպաղակով ու գարեջրով զովացող ջահելներ, սեթևեթող, կարճփեշ աղջիկներ, երանությամբ նրանց ծիկրակող ծերացող կանայք. Երևանը հանգստանում էր։ Ու հանկարծ Ազատության հրապարակ, Սայաթ-Նովա, Մաշտոց, Տերյան փողոցներ ներխուժեց անսովոր երաժշտությունը։ Բայց այն մարտնչող չէր, այլ մեղմ ու հանդուրժող, ու, ամենակրևորը, չէր հորդում հարակից և ոչ մի սրճարանից։

Կասկածից վեր էր. Արամ Խաչատրյան՝ հայկական սրճարանո՞ւմ։ Քիչ անց բոլորին պարզ դարձավ, որ շրջակայքը «զինված է» տեխնիկական սարքավորումներով ու բարձրախոսներով, որոնք էլ սփռում են դասական երաժշտությունը։ Սրճարանների ամենօրյա ինքնադրսևորման ժամերը եկել էին, բայց ի՞նչ անեին, սսկվել-մնացել էին։ Պարզվեց՝ դասականը մեկ-մեկ էլ մարտչող է։ Մի սրճարանից քաղաքային ռաբիսի նվվոց լսվեց ու քըրթ՝ կտրվեց։ Արամ Խաչատրյան էր թևածում Օպերային թատրոնի ամբողջ տարածքում։ Մարդիկ դեռ շարունակում էին հաճելիորեն զարամացած ճեմել։ Ոմանք անգամ ցածր ձայնակցում էին «Սպարտակ», «Գայանե» բալետներին, «Ջութակի կոնցերտին», «Դիմակահանդեսին»։ Աննախադեպ, անսովոր իրավիճակ էր։ Շատերը հետաքրքրված էին՝ ի՞նչ է կատարվում, հո բան չի՞ պատահել, չլինի՞ ամեն երեկո այսպես է լինելու։ Մեկն անտեղյակ էլ հեռանում էր, մյուսը հետևողականորեն վերջապես տեղեկանում, որ հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Կարապի լճի վրա պատրաստում էին ջրային էկրանը, տեխնիկական նոր սարքավորումներ էին տանում-բերում. հասկանալի էր, որ երեկոն հանդիսություններ է նախատեսել։

Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարձրաշխարհիկ ու արվեստասեր հանրությունը պատրաստվում էր հոբելյանական համերգին։ Ավանդույթի համաձայն՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկում է նրա անվան միջազգային մրցույթը. այս անգամ՝ թավջութակահարների։ Հայաստան է ժամանել 8 պետությունների 26 երաժիշտ, որոնք մինչև հունիսի 14-ը կատարողական վարպետությամբ մրցելու են ու հավակնելու հաղթողի տիտղոսին։ Նրանց հետ Երևան են եկել մրցույթի տասնյակ պատվավոր հյուրեր ու հանձնաժողովի օտարազգի անդամներ։ Նախասրահում քայլում էր մանուշակագույն զգեստով, բարեհամբույր ժպիտով մի կին, ակնհայտ՝ օտարազգի։ Իրինա ցու Զայն-Վիթգենշտայն-Բերլեբուրգ՝ նույն ինքը՝ Ավստրիայի արքայադուստրը։ Օհո՜, մի քանի օր առաջ՝ արքայազն Չարլզ, այսօր՝արքայադուստր Իրինա։ Մոտեցա տիկնոջը, ուժերիս ու ժպիտիս գերլարումով՝ հնարավորինս սիրալիր հարցրի. «Առաջին անգա՞մ եք Հայաստանում, ենթադրելի է՝ Արամ Խաչատրյանի արվեստի երկրպագո՞ւն եք»։ Պատասխանեց իմ ժպիտից ավելի լայն ժպիտով, բայց առանց ավելորդ ջանքերի. «Երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան. առաջին անգամ եկել էի դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և նրա տիկնոջ ուցեկցությամբ, իսկ հիմա՝ Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով՝ ունկնդրելու մրցույթի մասնակիցներին և ընդհանրապես ներկա լինելու հոբելյանական միջոցառումներին։ Խաչատրյանը մեծ կոմպոզիտոր է, շատ եմ լսում նրա գործերը ու բարձր եմ գնահատում այդ յուրօրինակ արվեստը»։ Ավստրիայի արքայադուստրը լուսանկարչական խիստ սովորական ապարատով երևանյան կադրեր էր հավերժացնում ու անդադար ժպտում բոլորին՝ չսպասելով համարժեք արձագանքի։

Իրենց մշտարթուն ժպիտներով արքայադստերը չզիջող մյուս հյուրերին ևս Հայաստան էր բերել խաչատրյանական մեծության հմայքը։ Գերմանացի թավջութակահար Անյա Լեխներն Արամ Խաչատրյանին համարում է 20-րդ դարի համաշխարհային խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա գործընկերուհին՝ իսրայելցի Թիմորա Ռոսլերը, խոստացավ անպայման կատարել Խաչատրյանի գործերից մեկը, քանի որ հիացած է նրա երաժշտությամբ։

Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի մեկնարկն ու համերգային ծրագիրը երևանցիների համար ցուցադրեցին Ազատության հրապարակի ու Կարպի լճի էկրանները։ Հաջորդեց մեծանուն կոմպոզիտորի մասին փաստավավերագրական ֆիլմը։ Մինչև ժամը 23-ը Օպերային թատրոնի տարածքում հնչեցին խաչատրյանական մեղեդիները, տարբեր բալետներից ֆլեշ-մոբ ներկայացրին տեղի պարախմբերը։ Մեկ շաբաթ Հանրապետության հրապարակի շատրվանները կպարեն միայն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Այսինքն՝ մեր քաղաքում անսովոր դասականն ու սովորական իրականը դեռ մեկ շաբաթ իրար բախվելու առիթներ են ունենալու։

Այս թեմայով