Վրդովվում է, երբ փորձում են մոռացության մատնել իր՝ այնպիսի մեծ նախագծերի հեղինակ լինելը, ինչպիսիք են, օրինակ, Ցեղասպանության զոհերին նվիրված Երևանի հուշահամալիրը կամ մայրաքաղաքի մուտքի մոտ գտնվող «Ճայը»: Իսկ խոսելով իր ամենաճանաչված աշխատանքի՝ Մատենադարանի շենքում գտնվող հայտնի որմնանկարների ու խճանկարի մասին, կասկածի տակ է դնում՝ «Խճանկարը ընտիր է: Իսկ ահա որմնանկարները պետք էր այլ կերպ անել»: Նման վերաբերմունքը բնական է: Նկարիչ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը ունի սեփական և անփոփոխ պատկերացումները արվեստի մասին:
Հայրս բնիկ Էջմիածինցի էր: Առաջին համաշխարհայինից ծանր վիրավորված վերադառնալով՝ նա ստիպված էր մնալ Բաքվում: Մայրս որբ էր և, ջարդից փրկվելով, քրոջ հետ միասին Իգդիրից տեղափոխվել էր այնտեղ: Օրերից մի օր այդ խեղճ, համեստ, ազնվաբարո մարդիկ հանդիպեցին և ամուսնացան: Նրանք մի փոքրիկ սենյակ վարձեցին՝ կոշկակարի կրպակ: Այնտեղ եմ ես ծնվել և մեծացել: Ինչքան ինձ հիշում եմ՝ անընդմեջ նկարում էի: Ծնողներս ընդհանրապես գլուխ չէին հանում ինձնից, ուղղակի սիրում էին: Հայրս գունավոր մատիտներ էր գնում, ջրաներկ, ապա յուղաներկի պարկուճներ: Հիշում եմ՝ դրանցով ապակու վրա նկարեցի ձի հեծած Սասունցի Դավթին, և նկարը երկու կողմերից էլ երևում էր:
Հորս պահանջով ամեն տարի գնում էինք Էջմիածին: Իսկ հետո՝ պատերազմի տարիներին, մորս ու եղբորս հետ մի քանի տարով տեղափոխվեցինք Հայաստան: Իսկ հայրս մնաց Բաքվում. նրան տարան ռազմականացված պահակախումբ: Բաքվում էլ, Երևանում էլ գեղարվեստի ուսումնարաններ էի ընդունվում: Սակայն ստիպված էի լինում ուսումը թողնել. աշխատել էր պետք: Ի՛նչ ասես չեմ արել: Միայն 1948-ին ավարտեցի ուսումնարանը և մեկնեցի Լենինգրադ: Այնտեղ երեք տարի սովորեցի Գեղարվեստի ակադեմիայում, թանգարաններում և գրադարաններում: Սակայն թոքերի հիվանդության պատճառով վերադարձա Երևան՝ ուսումս գեղարվեստ-թատերական ինստիտուտում ավարտելու: Ավելի ուշ նորից գնացի Լենինգրադ, դիպլոմային աշխատանքիս վրա էի աշխատում: Մեկնելիս ինստիտուտի ղեկավարությանը տեղյակ չէի պահել և, վերադառնալով, իմացա, որ ինձ հեռացրել են: Բայց ես այնտեղից ընտիր մոնումենտալ աշխատանքներ բերեցի՝ Հայաստանում իրենց տեսակի մեջ առաջինները՝ որմնանկար թաց կրասվաղի վրա և խճանկար: Արդյունքում իմ հեռացման հարցը մի կերպ կոծկվեց:
Հիշում եմ՝ կոմպոզիցիայի քննության համար նկար էի նկարում: Ասացին՝ շինարարություն նկարիր: Նկարեցի. հենց այդ ժամանակ գլխավոր հրապարակում պատկերասրահն էին կառուցում: Բերեցի, երկու ստացա: Ասացին՝ «Այս տեսարանը ստրուկների կյանքից է»,- «Բայց, չէ՞ որ մարդիկ են աշխատում: Ահա, արևն է շողում...» - «Ո՛չ, երկուս»: Գնացի, նորը նկարեցի՝ բոլորը ժպտում են, ոչ ոք չի աշխատում: Հինգ ստացա:
Լենինգրադում ինձ համոզում էին դիպլոմային աշխատանքս թողնել Մուխինայի անվան թանգարանում: Սակայն ես պնդեցի, որ պիտի այն Հայաստան բերեմ: Դե իհարկե, ես Երևան էի գալիս, որ դառնայի ոչ ավելի, ոչ պակաս հայկական ժամանակակից մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրը: Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ ես այն դարձա: Բայց դա հետո էր: Իսկ այն ժամանակ, երբ իմ նկարը տեղադրեցին Նկարիչների միությունում, այն գտնվում էր երևանյան մզկիթի շենքում: Արդյունքում այն քանդեցին, իսկ աշխատանքս նիգերով ջարդեցին և թափեցին:
Երբ դիպլոմայինիս վրա էի աշխատում, գնացի ռեկտորի մոտ և ասացի՝ «Սխալվել եմ, ուզում եմ քանդակագործության ֆակուլտետի առաջին կուրս մտնել: Նա սկսեց համոզել, որ այդպիսի բան չանեմ: Ասաց` «Ուզու՞մ ես փորձել` ահա, դիպլոմայինների համար քարեր ենք բերել, վերցրու և արա՝ ինչ ուզում ես»: Սկսեցի աշխատել: Երբ քանդակը պատրաստ էր, նայեցի-նայեցի և որոշեցի, որ սովորելու կարիք չկա: Եվ պաշտպանեցի դիպլոմայինս: Հենց դիպլոմային աշխատանքից էլ սկսած ես ճանաչվեցի հայկական ժամանակակից մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրը:
Մոնումենտալ գեղանկարչությունը ոչ թե իմ ընտրություննէ, այլ իմ էությունը: Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել: Ես ոչ թե ամենօրյա իրադարձություններով էի ապրում, այլ փիլիսոփայական կատեգորիաներով: Ինձ հետաքրքրում էին գոյության, կյանքի և մահվան հարցերը… Երիտասարդ ժամանակ գնում էի ամեն պատահած սգո արարողության հետևից: Ուսումնասիրում էի ծիսակարգերը, սովորույթները, թափանցում դրանց իմաստի և նշանակության մեջ… Իսկ այդ բոլոր զգացմունքները արտահայտել հնարավոր է միայն փիլիսոփայական գեղանկարչության միջոցով:
Երբ ինձ հանձնարարեցին ձևավորել Մատենադարանը, առաջարկեցի նախասրահում անել «Վարդանանք» խճանկարը և երեք որմնանկարներ, որ կարտացոլեին հնագույն, հելլենիստական և միջնադարյան Հայաստանի մշակույթը: Աշխատում էի Լենինգրադում, 9 անգամ եկել եմ Երևան և վերադարձել: Այսպիսի բան պատահեց` մանուշակագույն սմալտա չկար: Իսկ առանց դրա չի լինի, չէ՞ որ ես այդ գույնի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ: Ստիպված եղա գտնել «սմալտա» եփող մի կնոջ և վառարաններ, որոնցով նա կարող էր աշխատել: Նրան ստիպեցի իմ հաշվին արձակուրդ վերցնել, ապա վճարեցի մի վառարանի ամսվա աշխատանքի համար… երբ «սմալտան» պատրաստ էր, ես այն չօգտագործեցի: Այն մանուշակագույն չէր, ոչ այնպիսին, ինպիսին ինձ պետք էր: Այնուամենայնիվ, ես ելք գտա` պարսիկի տաբատը պատրաստեցի կարմիր և կապույտ գծերով, հեռվից մանուշակագույն էր երևում: Ճիշտ է, որմնանկարների համար ստացած ամբողջ հոնորարը ծախսվեց խճանկարի վրա: Փոխարենը, երբ հայտնվեց առաջին գովաբանական հոդվածը Մատենադարանի իմ աշխատանքի մասին, հայրս թերթի համարը ձեռքն առավ և գնաց բոլոր ծանոթների ու ազգականների տներով` Հայաստանի շրջաններով մեկ: Պարծենում էր՝ ահա՜ ինչպիսին է իմ Վանիկը:
Այդ գործի մասին շատ էին խոսում, գրում, բազմաթիվ ճարտարապետներ ուզում էին իրենց շենքերը մոնումենտալ նկարներով ձևավորել, և ես նախագծային երեք համալսարանի միջև դեսուդեն էի նետվում: Հաճախ ստիպված էի լինում փոխել նախագծերը, որպեսզի կարողանայի իրականացնել մտահղացումներս: Ժամանակի ընթացքում հարկադրաբար սկսեցի զբաղվել ճարտարապետությամբ: Դե, իսկ եթե մի բանով զբաղվում ես, դա պետք է անել հիմնովին: Այդպես ես մանրամասն ուսումնասիրեցի համաշխարհային փորձը և սկսեցի սեփական ճարտարապետական նախագծեր անել:
Մի անգամ Հայաստանի Պետշինի ղեկավար Գրիգորի Աղաբաբյանը հրավիրեց ինձ և ասաց, որ իրենք շինարարության նոր տեխնոլոգիա են հայտնաբերվել, սակայն չեն կարողանում դրա հնարավորությունները ճարտարապետության մեջ օգտագործել, փոխարենը շենքեր են կառուցում կարկաս-պանելայինների նման: Ես նախագծեցի 25 հարկանի տուն, որտեղ հաշվի են առնված ազգային կենսակերպի բոլոր առանձնահատկությունները: Ընդ որում, այս նախագիծը արված և հաստատված էր դեռևս Սովետի ժամանակ, հաշվի առնելով ՇՆԵԿԺ-ը` շինարարական նորմերի և կանոնների ժողովածուն: Ամեն հարկում կա 8 բնակարան և բակ, ուր դուրս են գալիս բոլոր բնակարանները: Այստեղ կան ծաղկանոցներ, մառաններ, սպիտակեղեն չորացնելու հարմարություն, որպեսզի ճակատամասը չաղավաղվի, այստեղ նույնիսկ կարելի է խորոված անել, հարևանների հետ նարդի խաղալ: Պատուհաններից և ոչ մեկից չի երևում հարևանի պատուհանը, և տանտիրուհիները հանգիստ կարող են իրենց բնակարաններում հագնել ինչ կուզեն: Հարկերի միջև կա երկու հոմիոդ: Այսպիսի հոմիոդներ կային մեր բոլոր գյուղերում` երիտասարդների և տարեցների համար: Ընդ որում, երիտասարդները իրավունք չունեին գնալ տարեցների մոտ, սակայն կարող են նրանց հրավիրել իրենց հոմիոդ: Դա կրթական հաստատության և ակումբի միջև ընկած մի բան է: Վերջին երկու հարկերն ու տանիքի այգին մանկապարտեզ են: Ամենավերին հատվածում մի սարք է տեղադրված, որը արևային էներգիան փոխակերպում է էլեկտրականի, իսկ բնակարաններն այնպես են տեղակայված, որ ամռանը զով են, իսկ ձմռանը` արևոտ: Ըստ էության սա հենց հին Երևանն է իր բակերով, բայց այն ժամանակ փողոցը հորիզոնական դիրք ուներ, իսկ իմ նախագծի մեջ այն ուղղահայաց է: Սակայն այս նախագիծը այդպես էլ կյանքի չկոչվեց:
Ինձ համար ճարտարապետության մեջ ամենակարևոր սկզբունքն է շրջակայքի գեղեցկությունը չփչացնելը: Բնությունը աղավաղելով` մենք ինքներս մեզ զրկում ենք սիրելու կարողությունից, հնարավորությունից. չէ՞ որ միայն գեղեցկությունն է կարելի սիրել: Մենք իրավունք չունենք սեփական երկիրը երկաթբետոնի կույտի վերածել: Տեսեք, ի՜նչ ենք մենք արել: Ինձ համար տհաճ է պատուհանից դուրս նայել. ես քաշում եմ վարագույրը, որպեսզի ոչինչ չտեսնեմ: Ես ստեղծել եմ իմ քաղաքները: Դրանք բնակելի թաղամասեր են, որոնք միայն հիմքով են հողին կպած: Ես դրանք նախագծեցի մեր գյուղերի սկզբունքով. մի տան տանիքը մյուսի բակն է՝ բլրի ավելի վերին մասում տեղակայված: Ես բարձրացրի այն ամենը, ինչ այստեղ կառուցվում է կողք-կողքի: Յուրաքանչյուր թաղամաս ունի իր մշակույթի, առևտրի, սպորտի կենտրոնները, կան աշխատանքային, բնակելի թաղամասեր… Եվ այստեղ չկա և ոչ մի սյուն, ամենը կախված է ճոպան-կայմապարանից: Այս քաղաքները կառուցելը շատ ավելի մատչելի է, քան սովորականները: Ես հայտնաբերել եմ դրանք ստեղծելու տեխնոլոգիաները, և դա հաստատող հավաստագիր եմ ստացել Մոսկվայից: Մեր նախագծերը շատ հաճախ էին հրատարակում, բայց իրականացնել վախենում էին:
Մի անգամ, Հայպետնախագծի տնօրեն Նիկոլայ Հակոբյանը և ճարտարապետ ակադեմիկոս Սամվել Սաֆարյանն ինձ խնդրեցին մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մրցույթին: Աշխատում էին Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հետ: Մեր առաջին առաջարկն էր հողի մեջ փորված մեծ խաչը: Չընդունեցին: Հետո առաջադրեցինք այն տարբերակը, որը հիմա կա: Եվ հանկարծ ինձ մի նոր խնդրի առաջ կանգնեցրին` վերածնության քանդակ պատրաստել: Այնպիսի տպավորություն էր, կարծես սկզբում Մոսկվան այդ հուշահամալիրը անելու համաձայնություն է տվել մեր ղեկավարությանը, իսկ ապա, Թուրքիայի ճնշման տակ, միտքը փոխել է: Ես երկու տարի ձգձգում էին: Վերջապես, Քոչինյանը հաստատեց իմ վերջին և լավագույն տարբերակը: 1971-ին «Սգո պատին» երկու` մոր և մանկան մարմին փորագրեցի, սակայն 2003-ին դրանք հորատիչներով վերացրին: Նույնիսկ անունս փորձում են չհիշատակել հուշահամալիրի հեղինակների ցուցակում: Հենց այնպես, ինչպես Երևանի մուտքին մոտ գտնվող «Ճայի» հեղինակների անվան ցանկում: Աշխատանքներս լավ էլ գովում են, սակայն անունս տալ չեն ուզում կամ էլ հեղինակությունը ուրիշների են վերագրում: Երևի թե, տեղը տեղին վրդովել եմ նրանց:
Սովետի տարիներին կոմունիզմ էին կառուցում, այսինքն, դրանով կարելի էր միայն սքանչանալ և ոչ երբեք քննադատել: Նաև անխնա գողանում էին օտար ամսագրերից: Երբ ես քննադատեցի «Ռոսիա» կինոթատրոնը, ոչնչացրին Լենինականի թատրոնում, հայկական թատրոնի 2000-ամյակի առթիվ իմ հեղինակած 44 մետրանոց բարելիեֆները: Ուզում էին ինձ լռեցնել: Բայց դրանից կինոթատրոնի շենքը չդադարեց լինել ճապոնական ճարտարապետությանը պատկանող արտաքին ձևի անգրագետ կրկնօրինակ:
Այլոց նախագծերը գողանում են միայն նրանք, ովքեր ասելիք չունեն: Ես, որպես «Հայկական ճարտարապետության ազդեցությունը համաշխարհային ճարտարապետության վրա» աշխատության հեղինակ, վստահորեն կարող եմ ասել, որ մենք դա անելու իրավունք չունենք: Ամոթ է: Ամենի մեղավորն այն է, որ մենք չունենք հայկական ճարտարապետության տեսություն: Դա դեռ ի՞նչ է, հայկական մշակույթի պատմությու՛ն չկա: Հարյուր գիրք հրատարակեցին, ոչ մեկի մեջ չգրեցին, որ ճարտարապետության մեջ հենց գեղեցկությունն է սահմանում ազգայինը: Փակ շուկան քանդեցին հենց այն պատճառով, որ ոչ ոք հստակ սահմանում չտվեց. սա XX դարի հայկական ճարտարապետության գլուխգործոցն է: Հենց այդպես: Ո՞րն է մեր եկեղեցիների առանձնահատկությունը: Դրսից ժայռերի են նման` հիմնավոր, հողին ամուր կպած: Իսկ ներսում` անսպասելի, աստվածային թափ: Դրանք հանճարեղ կերպով իրենց մեջ են միավորել մարդկային բնության գլխավոր բաղադրիչները` նյութականն ու հոգևորը: Նույն սկզբունքով է կառուցված նաև փակ շուկան: Այն ցույց տվեց ճանապարհը, որով պիտի առաջ քայլենք: Իսկ մենք քանդեցինք: Սպանեցինք:
Հիմա գոյություն չունի հայկական գեղարվեստական դպրոց ասվածը, որը հիմնված է մեր միջնադարյան մանրանկարչության վրա: Ռուսական XVIII դարի ավանդույթի վրա հիմնված սոցռեալիզմը ամենը կուլ տվեց: Այդ դպրոցն ուզում էր վերածնել Կոջոյանը: Նրա «Սասունցի Դավիթը» մի աներևակայելի բան է: Հետո եկան Արտաշես Խաչատրյանը, Հրաչիկ Հովհաննիսյանը… Հետո ես շարունակեցի այդ ավանդույթը Մատենադարանի խճանկարում: Բաքու, Լենինգրադ. այն ժամանակ ես հայկական գեղանկարչություն մասին ոչինչ չգիտեի, ծանոթացա արդեն Մատենադարանում աշխատելիս, երբ ձեռագրերին անսահմանափակ մուտք ունեցա: Դա ֆանտաստիկ էր: Ես ուղղակի ցնցված էի: Մատիսն ու Գոգենը կարող են այս հեղինակներից դասեր առնել: Եվ սա պոռոտախոսություն չէ: Ես արվեստ շատ լավ գիտեմ և գերազանց հասկանում եմ ամեն ինչի գինը, այդ թվում նրա, ինչ ինքս եմ ստեղծել: Այսպիսով, որմնանկարներն արեցի հայկական ոճով, ինչպես պետք էր: Հետո Մարկ Գրիգորյանից ես նույնիսկ խնդրում էի ինձ հնարավորություն տալ դրանք նորից անել: Բայց նա չհամաձայնվեց:
1959-ին ինձ վռնդեցին Նկարիչների միությունից, բայց հետո` 25 տարի անց, նորից ընդունեցին: Քիչ էր մնում Ճարտարապետների միությունից հեռացնեին, բայց մեկը ինձ պաշտպանեց, և նրանք միտքը փոխեցին: Երբ երիտասարդ էի, բոլորը ստալիններ էին, և ամեն մեկին պիտի ենթարկվեին: Իսկ ինձ համար չկան հեղինակություններ, որոնցից կերկյուղեի, և չեմ կարող համաձայնվել, երբ համամիտ չեմ: Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ Խորհրդային ժամանակաշրջանում, եթե քո գլուխը մյուսներից բարձր էր, այն կտրում էին: Եվ դա շարունակվում է մինչ օրս:
Ազգայինից դուրս գեղեցկության հասկացություն գոյություն չունի: Մենք՝ հայերս, միշտ խորհրդանիշներով ենք մտածել: Նայեք, ռուսական ավանդույթով զոհված զինվորի արձանը լաց լինող մայրն է, հերոսի արձանը` անպայման ավտոմատով: Մենք երբեք լաց լինող մոր քանդակ չենք արել: Ամեն առիթով մենք խաչքար ենք դրել: Մենք խորհրդանիշ էինք դնում: Ընդ որում՝ միայն մեկը` և՛ կյանքի, և՛ մահվան, և՛ եկեղեցի կառուցելու, և՛ կաթողիկոսի գերեզմանի վրա: Ո՞վ է ասել, որ սյուրռեալիզմը Եվրոպայում են հնարել: Նայեք մեր ժայռապատկերներին: Հին հույները ձգտում էին կենդանին կենդանու պես պատկերել, ինչն ուղղակի անհնար է: Մենք երբեք ուշադրություն չենք դարձրել նրա վրա, ինչը ժամանակավոր բնույթ ունի: Հայերը ժամանակավորը դարձնում էին անժամանակ, հավերժական, գեղարվեստական: Այս ամենի մասին ես գրել եմ «Հայկական արվեստի պատմությունը» գրքում, որն արդեն վաղուց պատրաստ է հրատարակվելուն և սպասում է իր ժամին:
Իմ նկարները շրջափուլեր են կազմում` «Նախնիների աշխարհ», «Երկրաչափական աշխարհ», «Ապոկալիպսիս», «Սոսկալի աշխարհ», «Տիեզերական սիմֆոնիա»… Աշխատանքներիցս երկուսը ձեռք են բերվել ամերիկյան Zimmer Childrens Museum-ի համար: 1991-ին ես բնակարան գնեցի, այստեղ թանգարան ստեղծեցի և 2600 գործ նվիրեցի հայ ազգին: Արդեն 20 տարի է, ինչ իմ պատկերասրահին պաշտոնական կարգավիճակ չեն տալիս: Աստված իրենց հետ: Սակայն ես չեմ կարող լուծել ջեռուցման խնդիրը, և նկարները փչանում են:
Ես այսքան շատ բաներ եմ հասցնում անել, քանի որ ժամանակը երբեք չեմ կորցնում: Երբ հոգնում եմ, ոչ թե քնում եմ, այլ մի ուրիշ բանով եմ զբաղվում: Քնում եմ մի չորս ժամ և նորից աշխատում: Ինձ շատ բան է հուզում: «Ապոկալիպսիս» շարքում ես ուզում էի ցույց տալ, որ մարդկությունը սխալ է ապրում, և դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Ովքե՞ր են աշխարհի տերերը: Հիտլերը, Ստալինը, Փոլ Պոտը, Պինոչետը… Եվ աշխարհը գնում է դեպի կործանում: Իսկ մենք կանգնած ենք անխուսափելի ապոկալիպսիսի սպասումով, ոչինչ չենք կարող անել, և հետն էլ անամոթաբար մեզ խելացի ենք երևակայում: Ծիծաղելի՛ է: Ահա` ինչու եմ ես նկարել այդ ռոբոտներին, որոնք կարող են կարծանել աշխարհը:
Այժմ ես ոչ թե Երևանում եմ ապրում, այլ իմ թանգարանում: Երբեմն երեկոյան զբոսանքի եմ դուրս գալիս Հյուսիսային պողոտա: Երիտասարդ գեղեցիկ կանանց եմ նայում: Ընդ որում, շեշտը պետք է դնել «գեղեցիկ» բառի վրա: Ես երբեք չեմ եղել ո՛չ փողի, ո՛չ պետպաշտոնյաների, ո՛չ կանանց, ո՛չ էլ սեփական կրքերի գերին. ոչ ոքի և ոչնչի: Իսկ գեղեցկության գերին եղել եմ: Միշտ: Ճարտարապետության, արվեստի գործերի, բնության գեղեցկության… Սա իմ աշխարհն է, որում ես երջանիկ եմ, որի տերն ու տիրակալը ես եմ: Ափսոս միայն, որ կյանքս ապրեցի բարբարոսական ժամանակաշրջանում, բարբարոսների մեջ: Սակայն ժամանակի մեջ ես եմ իրենց դատավորը, ոչ թե իրենք` իմ:
Վան Խաչատուր (Խաչատրյան Վանիկ Հակոբի)
Ծնվել է Բաքվում, 1926-ին:
1954-ին ավարտել է Երևանի թատերա-գեղարվեստական ինստիտուտը:
1950-ին ստեղծել է Հայաստանում առաջին ավանգարդիստական և աբստրակցիոնիստական աշխատանքները:
1956-50 թթ. ստեղծվել են «Հայկական մշակույթի պատմությունը» որմնանկար-եռապատումը և «Ավարայրի ճակատամարտը» խճանկարը Մատենադարանի շենքում:
1957-ին ընդունվել է ԽՍՀՄ Նկարիչների միություն:
1958-ին ստեղծվել է որմնանկար տուֆե պատի վրա` Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության շենքի նախասրահում:
1959-ին հեռացվել է ԽՍՀՄ ՆՄ-ից հակախորհրդային և հակակուսակցական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
1966-ից` Հայաստանի Ճարտարապետների միության անդամ:
1984-ից` Հայաստանի Նկարիչների միության անդամ:
2005-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է որպես «Տարվա մարդ` 2005» կոչման թեկնածու:
2011-ին արվեստի և մշակույթի ոլորտում ստեղծագործական ակնառու ձեռքբերումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով:
Արվեստաբանության թեկնածու, ճարտարապետության դոկտոր, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս: