15 Հոկտեմբեր 2014, 17:12
12753 |

Ցեղասպանության ֆիլմերը

Այս տարի Վենետիկի կինոփառատոնի ժամանակ կայացավ թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ հայոց ցեղասպանությունը վերապրած տղամարդու մասին պատմող «Սպի» պատմական դրաման: Հոկտեմբերից ֆիլմը սկսել է իր արշավը եվրոպական կինոթատրոններով, շուտով կցուցադրվի նաև Ռուսաստանում և Հայաստանում: Մինչև այդ կարելի է մեկ անգամ էլ հիշել արտասահմանյան այն խաղարկային ֆիլմերը, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են 1915-ի իրադարձություններին:

«Բռնաբարված Հայաստան»
ԱՄՆ, 1919
Հայոց ցեղասպանությանը վերաբերող առաջին կինոնկարը լույս է տեսել դեռ 1919-ին, երբ թարմ էին հուշերը ողբերգական իրադարձություններից: Ռեժիսոր Օսկար Ափֆելի «Բռնաբարված Հայաստան» ժապավենը (հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» վերնագրով) Արշալույս Մարդիկանյանի հուշագրքի հիման վրա է նկարահանվել: Ավելին, Մարդիկանյանը ինքն իրեն է մարմնավորել ֆիլմում: Ըստ սյուժեի, Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ջարդերի ժամանակ գլխավոր հերոսուհին հայտնվում է նախ Դեր Զոր անապատում, որտեղ խոշտանգումների է ենթարկվում, ապա ընկնում քրդերի ձեռքը, որոնք վաճառում են նրան ստրկության: Ի վերջո նրան հաջողվում է փախչել և ապաստան գտնել Ամերիկայում:

Առանց խոշոր ստուդիաների միջամտության նկարահանված ֆիլմը ցուցադրվել է 13 ամերիկյան նահանգներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում: Իսկ ֆիլմի հասույթի զգալի մասը փոխանցվում էր ջարդերից մազապուրծ եղած փախստականներին:
Ցավոք, հետագայում կինոնկարի բոլոր պատճեները կորսվեցին, և այսօր պահպանվել է ֆիլմի միայն 15-րոպեանոց մի հատված: Ընդ որում, այն հասանելի դարձավ պատահականությամբ՝ ֆիլմի նկարահանվելուց տասնամյակներ անց ժապավենի այդ հատվածը պատահաբար հայտնաբերվել էր Արգենտինայում և այսօր հասանելի է համացանցում:
2008-ին Մարդիկանյանի պատմությունը նաև հիմք է դարձել նկարիչ Տիգրան Մանգասարյանի «Հոգիների աճուրդ» պատկերապատման համար: Ի դեպ, ինքը՝ Մարդիկանյանը մահացել էր միայնության և չքավորության մեջ:

 

«Մուսա լեռան 40 օրը»
ԱՄՆ, 1982
Լիբանանահայ ռեժիսոր Սարքի Մուրադյանը նկարահանել է հինգ կինոնկար, որոնք այս կամ այն կերպ կապված էին հայերի հետ' լիներ դա մելոդրամա, թե պատմական ֆիլմ: 1975-ին Մուրադյանը նկարահանել էր «Սասունի զավակները» կինոնկարը, որտեղ ներկայացված էր սասունցիների պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք տեղի ունեցող ջարդերի ժամանակ: Իսկ մի քանի տարի անց նա անդրադարձավ արդեն 1915-ի իրադարձություններին, էկրանավորելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Մուրադյանը, սակայն, չկարողացավ ինչպես հարկն է ներկայացնել բավական լուրջ նյութը, արդյունքում ստանալով երկրորդական որակի կինոնկար, որը գրեթե աննկատ անցավ և վաղուց մոռացված կլիներ, եթե նվիրված չլիներ Մեծ Եղեռնին:

 

«Մայրիկ»
Ֆրանսիա, 1990
Անրի Վերնոյի «Մայրիկը», փաստորեն, դարձավ առաջին լուրջ կինոնկարը «Բռնաբարված Հայաստանից» ի վեր, որտեղ շոշափվում էին Մեծ Եղեռնի պատմությունը և դրա հետևանքները: Խորհրդանշական է, որ իր ընտանիքի անցյալին Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը, անդրադարձավ արդեն այն ժամանակ, երբ վաղուց ամրագրել էր իր տեղը ֆրանսիական կինոյի խոշորագույն գործիչների թվում: Սկզբում, ի դեպ, համանուն ինքնակենսագրական գիրքն էր, հետո միայն դրա կինոտարբերակը: Եվ քանի որ Վերնոյը 1980-ականների վերջին կենդանի լեգենդի կարգավիճակ ուներ, զարմանալի չէր երկու հռչակավոր դերասանների՝ Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի մասնակցությունը: Նրանց և մյուս դերասանների մեծ մասի հայ չլինելը բնավ չխանգարեց շատ դիպուկ մարմնավորել օտարության մեջ հայտնված հայ ընտանիքի անդամներին: Հատուկ տեղ է գրավում ֆիլմում նաև անմոռանալի երաժշտությունը, որի հեղինակ Ժան-Կլոդ Պետին 1991-ին արժանացավ «Սեզար» մրցանակի: Հայաստանյան հանդիսատեսին «Մայրիկը» առաջին անգամ հայտնի դարձավ 1990-ականների սկզբին Արտավազդ Եղոյանի կրկնօրինակմամբ: Այդ տարբերակը, ի դեպ, այսօր ամբողջությամբ հասանելի է համացանցում:

  

«Արարատ»
Կանադա, 2002
Վերնոյից հետո համաշխարհային կինոյի հայերի դեսպանի կարգավիճակն անցավ կանադացի Ատոմ Էգոյանին, որը 1990-ականներին հասցրել էր Կաննի կինոփառատոնի չորսը մրցանակ շահել և աչքի ընկնել Օսկարի հավակնությամբ: «Արարատը» ռեժիսորի ամենահավակնոտ նախագծերից էր: Էգոյանը ներգրավեց մի շարք նշանավոր դերասանների (Շառլ Ազնավուր, Քրիսթեֆեր Փլամեր, Սիմոն Աբգարյան, Էրիկ Բողոսյան և այլն), որոնց միջոցով փորձեց անդրադառնալ Ցեղասպանության թեմային միանգամից մի քանի տեսանկյուններից: Ամենահիշվողը, թերևս, Արշիլ Գորկու ենթասյուժեն էր, որում փայլուն ներկայացավ ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը: Սակայն ընդհանուր առմամբ Կաննի արտամրցութային ծրագրում ցուցադրված «Արարատը» միջակ ընդունելության արժանացավ ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ անխուսափելի էին համեմատությունները վաղուց սիրված և հայերի սրտերը գրաված «Մայրիկի» հետո:

 

«Արտույտների ագարակ»
Իտալիա, 2007
Երբ Անտոնիա Արսլանի համանուն բեսթսելերի էկրանավորման նախագիծը գլխավորեցին իտալական կինոյի նշանավոր ներկայացուցիչներ Պաոլո և Վիտտորիո Տավիանի եղբայրները, հույս առաջացավ, որ արդյունքում կստացվի իրոք արժեքավոր պատմական կտավ: Հուսադրող էր նաև դերասանական կազմը. հայերից՝ Արսինե Խանջյանը, «դրսից»՝ իսպանուհի Պաս Վեգան և հավանաբար ամենաճանաչված գերմանացի դերասան Մորից Բլյայբտրոյը: Տասը միլիոն եվրո բյուջե և երկուժամանոց խրոնոմետրաժ ունեցող «Ագարակը», որը դարձավ 2007-ի Ոսկե Ծիրան փառատոնի բացման ֆիլմը, սակայն, չտպավորեց, չշահեց որևէ մրցանակ և անցավ-գնաց: Եվ չնայած Արսլանը հետագայում գրեց «Արտույտների ագարակի» շարունակությունը, երկրորդ գրքի էկրանավորման մասին դեռևս խոսք չի եղել:

Չկայացած «Մուսա լեռը»
Metro Goldwyn Mayer ստուդիան գրքի իրավունքները գնել էր դեռ հրատարակումից առաջ: 1934-ին նույնիսկ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, իսկ գլխավոր դերը ենթադրաբար պետք է կատարեր ոչ այլ ոք, քան Քլարք Գեյբլը («Քամուց քշվածների» աստղը այն ժամանակ, սակայն, դեռ հանրահայտ չէր): Ապագա կինոժապավենի մասին լուրը, սակայն, հասավ թուրք դիվանագետներին: Գործին խառնվեց ԱՄՆ-ում դեսպան Մեհմեդ Մյունիր Էրթեգյունը, որն օգտագործեց իր բոլոր կապերը գործին խանգարելու համար: Պետդեպարատամենտը, մասնավորապես, խնդրեց ստուդիային հաստատել թուրքական կողմի հետ սցենարը: Էրթեգյունին, սակայն, չգոհացրեց և ոչ մեկը: MGM-ը չէր պատրաստվում սառեցնել նկարահանումները, փոխարենը հակահրեական (քանի որ ընկերությունը հիմնադրվել և ղեկավարվում էր հրեա գործարարների կողմից) հրապարակումներ սկսվեցին հայտնվել թերթերում: Ի վերջո Հոլիվուդը տեղի տվեց և ֆիլմը այդպես էլ չնկարահանվեց: Տարիներ անց արդեն փառքի հասած Ռուբեն Մամուլյանն էր փորձում անդրադառնալ Վերֆելի վեպին, բայց կրկին ապարդյուն: Ասում են, տարբեր տարիներին այս նյութով հետաքրքրվել են նաև Էլյա Կազանը (հայկական հարցին նա որոշակիորեն անդրադարձել է ինքնակենսագրական «Ամերիկա, Ամերիկա» երկմասանոց ֆիլմում), Վիլյամ Վայլերը և նույնիսկ Սթենլի Կուբրիկը, իսկ բոլորովին վերջերս հետաքրքրություն էր ցուցաբերել նույնիսկ Սիլվեստր Ստալոնեն:

Այս թեմայով