Կոպին հայ կանանց ավանդական տարազի մաս կազմող գլխազադն է, որ ճակատամասում զարդարվում էր ասեղնագործությամբ, մետաղադրամներով, ուլունքներով ու հաճախ հավելվում քունքերի մոտ կախվող մարգարտյա կամ այլ «կախիկներով», իսկ վրայից ծածկվում քողով կամ գլխաշորով։
Դրա վարդ-թանթարա տեսակը պատվում էր ոսկեթել ասեղնագործությամբ ու պատկերում բուսանախշեր։
Թանքարա բառի հոմանիշն է ճակատակալ, այսինքն հենց ճակատամասը ծածկող, որ ադպես է անվանվել Արարատյան, Թբիլիսիի, Արցախի, Կարինի, Հավրիկի, Պոլիսի, Նոր Նախիջևանի, Կարինի, Մուշի հայերի մեջ։ Իսկ վարդ անվանել են այն, ինչի վրա վարդ է պատկերված, նաև՝ որևէ բանի ամենագեղեցիկ մասը, շատ գեղեցիկ, շատ սիրուն․ «վարդ կոշիկ, վարդ թաշկինակ»։ Այլ կերպ ասած վարդը նշանակել է նախշ։ Վարդը մեր կանայք պատրաստում էին հիմնականում թավիշից։ Լինում էր կարմիր, կապույտ, կանաչ, ուներ շրջանակի տեսք, գլխի հատվածում բաց էր։ Թանթարան Ախլցխայի հարսի համար երկու կողմից ասեղնազարդվում էր մեկական վարդով, իսկ Արցախի աղջիկները գլխին կոպի դնելու իրավունք ունեին միայն ամուսնանալուց հետո։ Իմ «Պազիրիկի հայկական ակունքները» հոդվածում ես արդեն անդրադարձել եմ «վարդ» բառի ծնողք և արարել իմաստներին։ Այսինքն գլխազարդը կնոջը պտղաբերության և բազմանալու մաղթանք է խորհրդանշել։
Սակայն եկեք անդրադառնանք կոպի անվանմանը, որ համարյա չի ստուգաբանված, բայց և շատ է կիրառվում։ Կոպին բարբառային բառ է և որպես հոմանիշ ունի կարճ հասակ ունեցող, կարճահասակ բառը։ Բայց և կոպի ասելիս անմիջապես կոպ, աչքի կոպ բառն ենք հիշում, որ ըստ Աճառյանի ունի փակել, ծածկել իմաստը։ Կարելի է ենթադրել, որ այստեղ ևս, ինչպես թանթանայի դեպքում ճակատը ծածկելու, փակելու խորհրդի մասին է խոսքը։ Իսկ քանի որ կոպին զարդարվում էր թանկարժեք դրամներով, գորտաձև ու նշանախշաձև ճակատնոցներով, ոսկեթելով, ուստի իմաստնության ճակատը կամ ճակատագիրը «հարստացնելու» և բախտավորության խորհուրդը ունենք։
Կոպիի նման գլանաձև գլխազարդ մենք հանդիպում ենք նաև վրացիների մոտ և որոշ միջինասիական մշակույթների տարազներում։ Սակայն հենց հայուհիների մոտ է այն տիպիկ ճակատակալ տեսքով և թերևս ունի ավելի վաղ պատումություն, քան 18-19րդ դարերի նմուշներն ու պատկերներն են վկայում։ Վառ օրինակ են բրիտանական թանգարանում պահվող ուրարտական կանանց, թագուհիների արձանիկները, որոնց գլխին տեսնում ենք վարդերով կոպին, որ թվագրվում է մ․թ․ա․ 8-7 րդ դարեր։ Անշուշտ նման ճակատը գրկող ձևը հիշեցնում է թագը, որ կարող ենք տեսնել ոչ միայն հայ արքունական ընտանիքի գլխին, ինչպես օրինակ Լևոն Բ-ի և թագուհու, այլև բյուզանդական, հունական, մեսոպոտամիայի արքաների ու թագուհիների հանդերձանքում։ Իսկ ավելի հին նման ճակատակալ թագ հանդիպում ենք շումերական Gudea արքայի գլխին, որի արձանիկը թվագրվում է մ․թ․ա․ 2100։ Այն նույնպես պսակ է հիշեցնում և նույնպես զարդարված է եղել ասեղնագործությամբ։
Երկնային կիսագնդի հյուսիսային մասում գոյություն ունի կամարաձև Թագ համաստեղությունը Corona Borealis անվամբ, որը հնագույն 48 համաստեղությունների շարքում է։ Դրա հետ կապված առասպելները շատ են, սակայն հետաքրքրական է օրինակ, որ բալթյան կոսմոլոգիայի մեջ այն կրում է Darželis անունը, ինչը նշանակում է ծաղկի պարտեզ։ Իսկ վարդը հայերիս մոտ, ինչպես տեսանք ամբողջությամբ զարդարվում է ասեղնագործ ծաղիկներով։ Ծաղկի պարտեզի ասոցիացիան պսակի կամ թագի հետ ակնհայտ է։ Ծաղկե պսակներ կամ թանթանաներ հայերս դնում էինք հարս ու փեսայի գլխին, ծաղիկներից կամ տերևների հյուսված, կամ մետաղազարդ պսակ դնում են ննջեցյալի դագաղին , ապա և գերեզմանին՝ իբրև հարգանքի նշան։
Հույները դիադեմային /Diadem/, որ նույն թագն է կամ պսակը, անվանում էին diadema` “կապ» (band), տերմին որ վերաբերում է ասեղնագործված ժապավենին։
Նույն Corona Borealis համաստեղությունը արաբները անվանում էին Alphecca, ինչը նշանակում է պոկված (разорванное, separeated): Հնում հայերենի բառապաշարը կարծես թե լրացվում էր նաև պալինդրոմային, այսինքն դարձագիր սկզբունքով, երբ առարկայի անվանումը թարս գրելով կապվում էր իմաստային առումով նման առարկայի կամ գործողության հետ: Այս նույն սկզբունքով «պոկել» կամ «Պոկ» հակառակ կարդալիս կստացվի «կոպ»։ Այստեղից էլ և «կոպի»։