15 Հուլիս 2018, 16:24
3776 |

Մեր մանկության տանգոն երազա՞նք, թե՞ ավերակ

Պատշգամբը, որտեղից հնչում էին Սիրանուշի նեղսրտած, բայց ինքնավստահ խոսքերը, որտեղ «վառվում-մարվում» էր կռվախնձոր դարձած լույսը, փոշիացման եզրին է...

«Մեր մանկության տանգոն» վաղուց արդեն դարձել է շատերիս տան «այբբենարանը», որը հազար անգամ նայելուց հետո էլ մեծ ոգևորությամբ սկզբից մինչև վերջ նայում ենք ու կատակում, թե ֆիլմից անգիր արած խոսքերի մեջ մի միջակետ բաց ենք թողել:  

Սերունդների մանկության ֆիլմը, բալկոնն ու երազանքը... ամեն անգամ ֆիլմը դիտելիս ինքս ինձ խոստանում էի հնարաավորինս շուտ այցելել Գյումրի ու սեփական աչքերով տեսնել այդքան հայտնի «վառեմ-մարեմի բալկոնը»: 

Ի վերջո, չնայած շատ կարճ ժամանակով, բայց այնուամենայնիվ հաջողվեց գնալ այդ պատմական քաղաք ու իրականացնել «մեր մանկության երազանքը»: Բայց երանի չստացվեր...

Բալկոնի անմխիթար վիճակի մասին շատ էի լսել, բայց որ նման սարսափելի տեսարանի ականատես կլինեմ, չէի սպասում. փշրվող պատշգամբ, ավիրված շինություն ու աղբանոցի վերածված պատմամշակութային տարածք:

Երկար տողերով կամ սրտացավ խոսքերով նկարագրելով տեսածս՝ ո՛չ կարող եմ արտահայտել այն ափսոսանք ու ցավը, որ զգացի, ո՛չ էլ ձեզ ներկայացնել այն ինչ իրականում ուզում եմ: Ուստի դատե՛ք ինքներդ. 

Թվում էր՝ եթե մի քիչ ուժեղ արտաշնչես, շենքը փշուր-փշուր կլինի, բայց դա դեռ մի կողմ. իսկ ներսի աղբնանո՞ցը...

 

Սիրանուշը ջերմեռանդորեն վիճում էր ամուսնու հետ ու բղավում՝ «Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ» , բայց լույսը մարվեց ու շարունակում է մարված մնալ՝ սսպառնալով անհետք վերանալ՝ իր հետ տանելով երբևէ լուսավորված և կյանքով լցված բալկոնը: 

 

 

Այս պատմական արժեքը, հիշողությունն ու մեր մանկության բալկոնը, օր օրի ավելի ու ավելի է ավերակի վերածվում:

Իսկ մե՞նք... մենք լուռ հետևում ենք, թե ինչպես է այդքան սիրված պատշգամբը դարձել աղբանոց... մենք միայն հետևում ենք և ափսոսում: 

 

Այս թեմայով