12 Ապրիլ 2018, 20:40
12990 |

Եռապատում. պատում երկրորդ․ գզրոցից հայտնված նոտաների հին տետրն ու մի խամրած լուսանկար

Երբ չես գտնում ուղեղդ հյուծող հարցերի պատասխանը, երբ անելու ոչինչ չունես, երբ տառապում ես անքնության վարակից կամ խմում ես տանդ անարձագանք պատերի ընկերակցությամբ, սկսում ես քրքրել գզրոցին պահ տված իրերը։ Ու մարդիկ բաժանվում են երեքխմբի․ մարդիկ, որոնք դեն են նետում հին իրերը, որովհետև նորերի համար էլ տեղ չկա, մարդիկ, որոնք այնտեղ փնտրում են ծանոթ հարցերի անհեթեթ պատասխանները և մարդիկ, որոնք խնամում են, մաքրում փոշին ու նորից պահ տալիս գզրոցին։

Քաղաքով զբոսնել սիրում են բոլորը։ Անխտիր։ Բայց մարդկանց մի խումբ կա, որոնք պարզապես չեն զբոսնում։ Նրանք ուսումնասիրում են, փնտրում են պահը, դեմքը, ժամանակը, ակնթարթը, որն օրերից մի օր գողացել են նրանցից։ Նրանք իրենց հիշողություններն են փնտրում։

Կա մի վայր, որի հետ կապված հիշողություններ ունեն ավագ սերնդի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Կարծես զուգահեռ իրականության յուրատեսակ պորտալ լինի, որտեղ միախառնվում են նորի ու հնի հիշողությունները: Շահումյանի հրապարակի երկու հին շենքերն ու մեջտեղում, ավելի ճիշտ թիկունքին վեր խոյացած նորկառույցն, իր կամար դարձած մետաղյա ծառով, մի տեսակ ռեստարտ արեց Երևանցիների հիշողությունները, պատմության հին էջի փոշին նորից փչեցին, ու նորից վեր հառնեց գրանդիոզ անցյալը՝ Կամարի տեսքով:

Հիշողությունների փնտրտուքով զբաղված, քաղաքում հաճախ կարելի է հանդիպել սպիտակ կիսամորուքով, արիստոկրատ արտաքինով ու ժպիտ առկայծող աչքերով մի տիպիկ երևանցու։ Ոչ ավելի, ոչ պակաս, Մարտին Վարդազարյանին։

Կոմպոզիտորի հիշողության ժապավենում պահպանվել է հատկապես Շահումյանի հրապարակի մի գծանի տրամվայը, որն իր <<Ոդիսական>>-ը սկսում էր Պլանի գլխից ու ավարտում Ցախի մեյդանում (այժմյան քաղաքապետարանի տարածք)։

 

<<Իմ մանկության Երևանում փողոցներով անցնում են փողային նվագախմբերը, հարևանը մեղր է բաժանում փոքր բաժակներով, որ բոլորին հասնի, Շահումյանի հրապարակում, ինչպես միշտ, հսկայական կողովներով իշխան են վաճառում, իսկ մենք ընկերներով սովորում ենք տրամվային ցատկել: Տրամվայը հապաղում էր, երբ երկու սև շենքերի արանքով թեքվում էր Մարքս՝ այն փողոցը, որը «Սև բանկը» բաժանում էր Քաղխորհրդից, գնում էր մինչև Բաղնիք ու վերադառնում Աբովյան փողոց: Չկար գոնե մի տարի, որ այն դուրս չգար ռելսերից ու չհայտնվեր Շահումյանի արձանի հետևում: Ու մարդիկ ասում էին. «Տրամվայը գնաց բուլվար՝ զբոսնելու»:

 

Հետպատերազմյան (2-րդ աշխարհամարտ) Երևանն է կոմպոզիտորի պատանեկության Երևանը։ Նրա հուշերում տպվել մնացել են Մոսկվա կինոթատրոնում հնչող ջազը, բացօթյա կինոթատրոնն ու քաղաքն ափի մեջ՝ <<Սևան>> հյուրանոցի կտուրից,  որտեղից հնարավոր էր շնչել քաղաքն իր ամբողջ ծավալով։

 

<<Այն ժամանակ Երևանը հինգհարկանի էր, ինչպես և նախագծել էր Թամանյանը: Հյուրանոցում ապրում էր դասընկերուհիս՝ հայրենադարձների ընտանիքից: Կտուրից հրապարակում կանգնած մեքենաները խաղալիք էին թվում: Շահումյանի արձանի մոտից էին այն ժամանակ մեկնում միջքաղաքային ավտոբուսներն ու տաքսիները՝ սև ԶԻՄ-երը: Քաղաքը դեռ չուներ Ավտոկայան, իսկ տոմսերը վաճառվում էին Գյուղբանկի շենքում: Ամենաշոգ օրն էլ մտնում ես բանկ ու արդեն հով է>>:

Նոտաների հնգատողերը կարելի է անվերջ թերթել, նորից ու նորից, անգամ երբ ոչ մի նոտա չգիտես։ Բայց լուսանկարն էլ հետաքրքիր պատմություն ունի։ Կարծես թե վաղուց վերացած քաղաքակրթության գոյության սև ու սպիտակ վկայականը լինի, հետևի մասում էլ, արդեն դեղնած թղթի վրա նշմարվում է հազիվ կարդացվող մի գրություն՝ Երևան, 1926թ։

Սա մեզ անծանոթ Երևանն է` Շահումյանի հրապարակը,  որի մեջ ծանոթ են միայն երկու, ադ ժամանակ դեռ նորակառույց շենքերը:

Լուսանկարիչ Վահան Քոչարի հիշողությունների մեջ միախառնված են նաև հոր հիշողությունները։ Ասում է մեծացել է հոր լուսանկարներով, հետո ինքն է սկսել լուսանկարել։ Մանկության հիշողություններում, այս հատվածի հետ կապված,  պարզ նշմարվում են մի քանի դրվագներ, բայց ամենատպավորիչը Շանթի լուսանկարչատունն էր։ Այն գտնվում էր Գյուղբանկի անկյունում, առաջին հարկում:  Վայր, որտեղ անմահանում էր ժամանակը, ինքն էլ հիմա հավաքագրում է այդ լուռ վկաներին։

 

<<Եգիպտոսից ժամանած լուսանկարիչ էր, լուսանկարչատունն էլ  իր մեծ վիտրինաներով, ամենահայտնի տեղերից էր։ Դրանք անընդհատ թարմացվում էին։ Դրանց վրա Երևան ժամանած հայտնի մարդկանց լուսանկարներն էին։ Իմ հիշողությունների մեջ պահպանվել են այդ հատվածի կրպակները, որտեղից ամեն մանրուք հնարավոր էր գտնել, ու երկհարկանի բնակելի տները, որոնց տեղում հիմա Իտալիայի ու Ֆրանսիայի դեսպանատներն են>>։

 

Իտալացիներն ու ֆրանսիացիները երևի չեն էլ գիտակցում, որ տեղակայվել են մի ամբողջ սերնդի հիշողությունների կենտրոնում։

 

Դե իսկ ես էլ նորից գզրոցին պահ կտամ խամրած լուսանկարն ու նոտաների հին տետրը, կվերցնեմ լուսանկարչական սարքն ու կանմահացնեմ Շահումյանի հրապարակը։ Գուցե այն վաղն էլ  այս տեսքը չունենա,  ու ես էլ իմ սերունդներին պատմեմ իմ ներկայի Շահումյանի հրապարակի պատմությունը։

Այս թեմայով