27 Սեպտեմբեր 2016, 01:44
1340 |

«Գրական տապան 2016»-ի շրջանակում ներկայացվեց Գոհար Գալստյանի «Նավամատույց» գիրքը

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը:

«Նավամատույց»-ը հեղինակի յոթերորդ ժողովածուն է, որտեղ հիմնականում նոր բանաստեղծություններ են և գրական հանդեսներում ու կայքերում վերջին տարիներին հրատարակված շարքեր: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերով: Ժողովածուն լույս է ընծայել «ՎՄՎ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2016 թվականին:
Իր ելույթում Գոհար Գալստյանը շեշտեց, որ գրքի ստեղծման ճանապարհին ունեցել է բազմաթիվ կորուստներ և մեծ ցավ է հաղթահարել:
«Ես հինգերորդ անգամ եմ մասնակցում «Գրական տապան» փառատոնին և շատ բարձր եմ գնահատում այս բացառիկ նախաձեռնությունը: Փառատոնն ամեն անգամ շատ հետաքրքիր ընթացք և մասնակիցներ է ունենում: Իմ ընկերները, կարդալով բանաստեղծություններից մի քանիսը, հիշելու են տապանի մեր ընթացքը»,-ասաց հեղինակը և արարողության ընթացքում ընթերցեց բանաստեղծություններ «Նավամատույց» ժողովածուից: Նրան միացան նաև շնորհանդեսի մասնակիցները, ովքեր ներկայացրին բանաստեղծի ստեղծագործությունները:
«Գրական տապան»-ի համահիմնադիր, համակարգող և մշակութային տնօրեն Դավիթ Մաթևոսյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց, որ փառատոնը
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ վաղուց է համագործակցում և կարևորեց այդ համագործակցությունը: «Գոհար Գալստյանն իմ սերնդի բանաստեղծներից մեկն է: Շատ շնորհակալ եմ նրան, որ նա մեր տապանի նավազներից է և պարտաճանաչ կերպով կատարում է իր բանաստեղծական պարտքը»,-իր ելույթում նշեց Դավիթ Մաթևոսյանը:
Գրող, գրականագետ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը տեղեկացրեց, որ գրախոսություն է նվիրել է Գոհար Գալստյանի նախորդ` «Տանիքի դարպասներ» գրքին: Գրաքննադատը շեշտեց, որ նախորդ ժողովածուն արդիական էր և ներառում էր այն բոլոր տագնապները, որոնք մտահոգում են բոլորին ամեն օր:
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյաներկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրականկազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ:Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո:

 

Այս թեմայով