07 Հունիս 2016, 22:12
2814 |

Խաչատրյանի անվան մրցույթի բացման երեկոն ղեկավարեցին տարբեր սերունդների հայ դիրիժորներ

Հունիսի 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է երաժշտական այս իրադարձությունը։

Երեկոն վարում էին Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգի ընթացքում հնչել են բացառապես մեծն Խաչատրյանի ստեղծագործությունները, իսկ  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ղեկավարում էին տարբեր սերունդների հայ դիրիժորները՝ Հովհաննես Չեքիջյան, Յուրի Դավթյան, Կոստանտին Օրբելյան, Վահագն Պապյան, Սերգեյ Սմբատյան։ Նվագախումբը Խաչատրյանի գործերից մեկը կատարեց մրցույթի ժյուրիի անդամ, հույն դիրիժոր Միխալիս Էկոնոմուի ղեկավարությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն էր ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Իսկ ահա հունիսի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհի 10 երկրների 12 երիտասարդ դիրիժորներ  կմասնակցեն մրցույթի առաջին փուլին՝ ղեկավարելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հանդես գալով ժյուրիի ու հանդիսատեսի առջև։

 

 

Այս թեմայով